ԵԱՀԿ ՄԽ լուծարումը՝ աշխարհաքաղաքակա՞ն, թե՞ ռեգիոնալ իրողություն

2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման վերաբերյալ։

Տևական ջանքերից հետո, ի վերջո, ադրբեջանական դիվանագիտությանը հաջողվեց փակել ԵԱՀԿ Մինսկի խմբի էջը, մի հարթակի, որը ստեղծվել էր 1992 թվականին, որի համանախագահներն էին Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը։

2022թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։

«ԱՄՆ նախագահի հրավերով և մասնակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահին հասցեագրված Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ նամակ-դիմումի վրա հիմնված որոշման համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի համաժողովի կողմից դիտարկվող հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը դադարեցվում է սեպտեմբերի 1-ից»,- ասված էր Ադրբեջանի ԱԳՆ-ի օրերս տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է վերոնշյալ կառույցների փակումից բխող  վարչական և տեխնիկական հարցերի լուծումն ավարտել ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը: Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական նախկին հակամարտությանը, կորցնում են ուժը և ենթակա չեն կիրառման»։

«Արդյունքում, այդ ինստիտուտների փակմամբ պաշտոնապես ամրագրվեց, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները ճանաչեցին, որ կառույցները, որոնք ժամանակին ստեղծվել էին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար, նոր իրադրությունում՝ դրա լուծումից հետո, այլևս արդիական չեն։ Տվյալ որոշման ընդունումը ոչ միայն միջազգային մակարդակով հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետությունը վերականգնել է իր սուվերեն վերահսկողությունը և տարածքային ամբողջականությունը նախկին «բռնազավթված տարածքների նկատմամբ» (չակերտները՝ խմբ.), ինչով ավարտվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը և ամրագրվեց Ադրբեջանի առաջ քաշած խաղաղ օրակարգը, այլև կարևոր քայլ է դեպի Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումը, որոնք ձեռք էին բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում»,- նման մեկնաբանություն էր տվել Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մշտական խորհրդի որոշմանը։

ՀՀ ԱԳ նախարարությունը ևս լրատվամիջոցներին տեղեկացրել էր՝ Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է:

«Սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված»,- նշել էին ԱԳՆ-ից։

ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում էլ ասվում էր, թե ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել էին Նախարարների խորհրդի որոշումը։

«Սա պատմական զարգացում է, որն ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը՝ նույնիսկ տասնամյակների հակամարտությունից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերի միջև կա ընդհանուր լեզու գտնելու վճռականություն»,- ասել էր Սինիրլիօղլուն։

ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման որոշումն առաջին ողջունողներից էր Թուրքիան։ «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ նախարարների խորհրդի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշումը՝ Մինսկի խումբը փակելու և նրա կառույցները լուծարելու մասին։ Այս պատմական որոշումը, որը հնարավոր է դարձել երկու երկրի համատեղ ջանքերի շնորհիվ: Այն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի կարևոր հանգրվաններից մեկն է»,- ասված էր Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168am-ի հետ զրույցում շեշտեց, որ ԵԱՀԿ ՄԽ փլուզումը վաղուց էր տեղի ունեցել, ուստի վերջին որոշումը պարզապես առկա իրողությունների, ԵԱՀԿ ՄԽ գործունեության դադարեցման հաստատումն էր։

Ի դեպ, ըստ նրա, սա ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև աշխարհաքաղաքական իրողություն է, քանի որ հետսառըպատերազմյան փուլում Ռուսաստանն ու Արևմուտքը կարողացան այս հարթակում բնականոն համագործակցել՝ հարթելով սուր անկյունները, սակայն Ուկրաինայի շուրջ իրադարձություններց, իսկ մինչ այդ՝ 44-օրյա պատերազմից հետո առճակատումը մտավ սուր փուլ՝ ջախջախելով համագործակցության բոլոր ձևաչափերը և զսպման մեխանիզմները, իսկ Հարավային Կովկասում իրավիճակ փոխվեց։

«Սա հաշվի առնելով, թերևս, պատահական չէր, որ ՌԴ-ն ևս խոսում էր ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին, որով հասցեագրում էր առավելապես աշխարհաքաղաքական խնդիրներ։ Սա պարզապես մի ֆորմալ իրադարձություն է, Ադրբեջանի համար թերևս կարևոր էր այդ էջը փակել պաշտոնապես, փորձելով մոռացության մատնել բանակցային պատմությունը, բոլոր նախկին քննարկումները, քանի որ պատերազմով և դրանից հետո Ադրբեջանը հակամարտության իր հարցերին կարողացել է տալ լուծումներ, որոնք նույնիսկ ավելի լավն են իր տեսանկյունից, քան այն, ինչ քննարկվում էր ԵԱՀԿ ՄԽ-ում, որտեղ փորձում էին միջնորդները հավասարակշռություն պահպանել կողմերի միջև՝ հակամարտության լուծման հիմքում դնելով հիմնարար սկզբունքները։

Ուստի Ադրբեջանը շահագրգիռ էր այն լուծարել Հայաստանի հետ միասին՝ ցույց տալով միջազգային հանրությանն այս հարցում հակամարտող կողմերի կոնսենսուսը։ Ես կարծում եմ, որ սա ֆորմալ երևույթ է, այն ոչինչ ներկայումս չի որոշում մի իրավիճակում, երբ չկա Ռուսաստան-Արևմուտք արդյունավետ համագործակցություն, իսկ ՌԴ-ԱՄՆ երկխոսությունը նոր է սկսվում և ուղեկցվում է մեծ բարդություններով»,- ասաց նա։

Լուկիանովի խոսքով՝ աշխարհակարգի ներկայիս փուլում տեսանելի է, որ միջազգային հարաբերություններում իրավիճակը տարերային է, չկան հաստատված նոր կանոններ, երկրները ձևավորում են իրենց օրակարգերը և փորձում են դրանք առաջ մղել այնպես, ինչպես կարող են։

«Ուստի, եթե նույնիսկ մտածենք, որ հարթակը կարող էր ինչ-որ փուլում կարևոր լինել Հայաստանի համար ինչ-ինչ հարցեր քննարկելու տեսանկյունից, ապա անկախ սրանից՝ այդ օրակարգերը կարող են ձևավորվել և առաջ մղվել միջնորդների օգնությամբ։ Իսկ միջնորդներ, կարծես, միշտ հայտնվում են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս