
Նիկոլի «ճանապարհը» ոչ թե իմաստության ուղի է, այլ սովորական քաղաքական թափառում. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Մի քանի օր Պեկինում մնալուց հետո Նիկոլը կարծես ընկել է Լաո Ցզիի ազդեցության տակ ու սկսել է չինական փիլիսոփայությունը մեկնաբանել յուրովի։ Չինական վոյաժներից հետո երեկ Նիկոլը պոկվեց Տոկիո, բայց, ոնց հասկանում եմ, չինական փիլիսոփայության տրամաբանությունը դեռ իր դոզան չի թողել։ Բարլուսով Տոկիոյից գրում է, թե «ճանապարհը ճիշտ է կամ սխալ՝ կախված է նպատակից»։ Բայց եթե Լաո Ցզին ճանապարհը ներկայացնում էր որպես ամբողջականություն ու հավասարակշռություն, Նիկոլի «ճանապարհը» ոչ թե իմաստության ուղի է, այլ սովորական քաղաքական թափառում։
Այստեղ իրականությունն այն է, որ ասվածը ոչ թե խորիմաստ փիլիսոփայական մտք է, այլ փորձ է քողարկելու այն փաստը, որ ինքը ուղղություն չունի։ Այսինքն՝ թե Պեկին, թե Տոկիո, թե Բրյուսել, թե Մոսկվա՝ ամեն տեղ գնում է, հետո փորձում է հանրությանը համոզել, որ այս ամենը բխում է ինչ–որ «մեծ նպատակից»։ Իսկ իրականում չկա ոչ նպատակ, ոչ ճանապարհ՝ կա անորոշ թափառանք, որը ներկայացվում է իբր թե «ճիշտ ընտրություն»։
Յո՞ երթաս, Նիկո՛լ։
Փաստացի գնացել է երկու քաղաք, որոնք անգամ աշխարհաքաղաքականորեն հակադիր դիրքերում են։ Եվ փոխարենը բացատրի՝ որն է Հայաստանի շահը այդ տարբեր ուղղություններում, գրում է, թե «ճիշտն ու սխալը կախված է նպատակից»։ Բայց հենց հարցն էլ դա է՝ ո՞րն է նպատակը։ Առանց հստակ նպատակի, ամեն ճանապարհ էլ դառնում է սխալ։ Նիկոլն ընդամենը փորձ է արդարացնելու իր անորոշ ու ճողված արտաքին քաղաքականությունը։
Պեկինից հետո Տոկիո գնալը ինքնին խորհրդանշում է հակադիր բևեռների միջև անորոշ մանևր, որը նա ներկայացնում է իբրև նպատակային քայլ, սակայն առանց հստակ նպատակի, ամեն ճանապարհ էլ դառնում է սխալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլը ոչ թե ուղղություն ունեցող պետական գործիչ է, այլ դասական «քաղաքական թափառական», որը շարժվում է առանց քարտեզի ու առանց վերջնակետի։ Ասեմ ավելին՝ նա քայլում է առանց քարտեզի, առանց նպատակի, հետո էլ փորձում է համոզել, որ թափառանքը ռազմավարություն է։
Նիկոլն ամեն ինչ անում է, որ իր «խաչագողյան դեգերումը» հասարակության վրա ծախի որպես «մեծ ռազմավարություն»։ Իրականում, որքան էլ փորձի իրեն հագցնել արևելյան իմաստունի դիմակ, նա շարունակում է մնում է դասական «քաղաքական թափառական», որի յուրաքանչյուր քայլը պայմանավորված է միայն պահի շահով։ Հենց սա է պարադոքսը․ Նիկոլի «ճիշտ ճանապարհը» չկա։ Նրա խոսքում դա միշտ կախված է հանգամանքից, պահի շահից ու սեփական իշխանությունը պահելու պարտադրանքից։ Այսինքն՝ «ճիշտը» նրա համար նշանակում է այն ուղղությունը, որն տվյալ պահին իրեն հարմար է ներկայացնել։
Հ.գ. Տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին լրիվ անհասկանալի է, թե ու՞ր է փորձում գնալ Նիկոլը, նա լրիվ խճճվել է ու բոլորիս իր հետ քաշել է այդ գեոպոլիտիկ բավիղը:
Մի օր նա Վաշինգտոնում է, մյուս օրը՝ Պեկինում, հաջորդ օրը Բրյուսելն է, ապա՝ Մոսկվան ու Տոկիոն՝ թերևս չհասկանալով, որ դրանք բոլորը ծայրահեղ տարբեր բևեռներ են, որոնք հետապնդում են բացառապես իրենց շահը, ունեն լրիվ տարբեր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական մոտեցումներ:
Այս ամենից ոչ մի բան չհասկացող դիլետանտը բոլորիս գցել է տարերային փոթորիկի մեջ»: