
Ցանկանում ենք դա ապացուցել Հայաստանի դեմ խաղում՝ կարևոր հաղթանակ տանելով․ Վիտինյա

Պորտուգալիայի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման խաղերին։
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Պորտուգալիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան մասնակցել է մամուլի ասուլիսի՝ խոսելով Հայաստանի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին։
Պորտուգալիայի հավաքականն այժմ մարզում է անցկացնում, որից առաջ տեղի ունեցավ մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Գլորիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ներկայությամբ:
«Նախ ցանկանում եմ ցավակցություն հայտնել Լիսաբոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ուժ մաղթել նրանց: Մեզ վրա հատուկ պատասխանատվություն է դրված: Հաղթանակներից հետո սպասելիքներն աճում են, և մենք պետք է համապատասխանենք դրանց: Ցանկանում ենք դա ապացուցել Հայաստանի դեմ խաղում՝ կարևոր հաղթանակ տանելով:
Հայաստանի հավաքականի մասին դեռ շատ բան չեմ կարող ասել, քանի որ պետք է վերլուծենք մրցակցին: Խմբի մասին կարող եմ ասել, որ այն բավական բարդ է, և յուրաքանչյուր միավորը կարող է վճռորոշ լինել: Մենք գիտենք, որ չպետք է թուլանանք և կորցնենք երեք միավոր վաստակելու հնարավորությունը: Սա է մեր նպատակը:
Հնարավոր է՝ ես լավագույն խոսնակը չլինեմ այս թեմայով, բայց զգում եմ, որ խաղերն իսկապես շատ են: Չեմ սիրում բողոքել. ֆուտբոլ խաղալը աշխարհի լավագույն մասնագիտությունն է: Երեկ տեսա ֆրանսիացի ֆուտբոլիստ Կունդեի խոսքերը, և դրանք վերաբերում են ոչ միայն մարզիչներին, որոնք պատրաստում են յուրաքանչյուր խաղ, այլև խաղացողներին: Մենք միշտ չենք կարող ցույց տալ մեր լավագույն խաղը, և վնասվածքները հաճախ են պատահում: Շատ բան ասելու չկա, բայց մենք իրոք զգում ենք հոգնածություն:
Բարձր եմ գնահատում «Ոսկե գնդակի» համար իմ անցած ճանապարհը: Սա իսկապես երազանքի մրցաշրջան էր, սեզոն, որը կհիշեմ ամբողջ կարիերայիս ընթացքում, բայց հուսով եմ՝ լավագույնը դեռ առջևում է: Այս սեզոնը գրեթե կատարյալ էր: Այո, ես թեկնածուների ցուցակում եմ և կարծում եմ, որ կարող եմ բարձր տեղ զբաղեցնել: Որքան բարձր, այնքան լավ», — Վիտինյայի խոսքերն է մեջբերում Record-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն, իսկ երեք օր անց՝ սեպտեմբերի 9-ին, կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ: