Հարգում են ուժեղին, որևէ պետության համար ցանկալի չէ թույլը, ձախողակը. «Խաղաղության պայմանագիրը» ֆիկցիա է. խաղաղություն չի կարող լինել, և չենք կարող վստահել, քանի դեռ գերիների վերադարձի հարցը լուծված չէ. Սիրանուշ Սահակյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազներն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել: Այդ մասին հաղորդել էր նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։

Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:

Պաշտպանները նշել են, որ ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե Ռուբեն Վարդանյանից, թե հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»:

Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է արել ժողովրդավար աշխարհին՝ ցույց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլևս չեն կարող հանդուրժվել, և ապահովել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։

«Հորս դեմ ներկայացված այս վերջին մեղադրանքներն արդարադատության ծաղր են և COP29-ի ձախողումների համար հատուցում։ Ռուբեն Վարդանյանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելավել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը: Ցավոք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջև՝ աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի կողմից։ Նրա ձերբակալությունը և առաջադրված կեղծ մեղադրանքներն ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Ավելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախություն ունենք, որ հնարավոր է այլևս չկարողանանք նրան տեսնել, եթե ժողովրդավար աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթությանը վերջ տալու համար»,- հայտարերել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Իրավապաշտպան, Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմի անդամ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ռուբեն Վարդանյանին ուղղված մեղադրանքները զուրկ են հիմնավորումներից, ի սկզբանե շինծու են եղել ու վրեժխնդրության արդյունքն են։ Այդ 20 հոդվածների մեջ կան արարքներ, որոնք կապված են բռնի անհետացումների, ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների հետ։ Սրանք արվել են միջազգային հանրության թողտվության արդյունքում, և Ադրբեջանն օգտվում է անպատժելիությունից։ Միջազգային քրեական դատարանի վավերացման պայմաններում Ադրբեջանն իրականացրեց հանցագործություններ։ Ռուբեն Վարդանյանի շուրջ ստեղծվածը քաղաքական գործընթաց է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնպես զերծ չի մնալու նման մեղադրանքների առաջադրումից։ Այն, որ մեղադրանքները թարգմանված չեն, ու նյութերը տրվում են միայն ադրբեջաներենով, արդեն իսկ խոսում է այն մասին, որ արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող։ Պաշտպանական կողմին ու Ռուբեն Վարդանյանին չեն տրամադրվում մեղադրանքի նյութերը՝ պատճառաբանությամբ, որ դրանք պարունակում են պետական ու ռազմական գաղտնիք։ Այստեղ միակ անելիքը միջազգային հանրությանն է, որի միջամտությամբ միայն բաց և հրապարակային դատավարության պայմաններում կարող են վեր հանվել այն բազմաթիվ խախտումները, որ կատարվում են Բաքվում մեր գերիների նկատմամբ։ 
  • Միջազգային հանրության կողմից մենք կլսենք կոչեր, որոնք լսելի չեն լինի Ադրբեջանի համար։ Գործ ունենք միջազգային հանրության երեսպաշտության ու երկակի ստանդարտների հետ։ 
  • Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի այնպիսի հարաբերություններ հաստատել տարբեր պետությունների հետ, որ նրանք հանձնառու լինեն մեր երկրի շահերի առաջմղման հարցում։ Միջազգային հանրությունը ոչ միայն չի աջակցում մեր հայ գերիների վերադարձի հարցում, այլև Ադրբեջանում առկա ներքին քաղբանտարկյալների հարցում։
  • Աշխարհում արժեքային անկում ենք տեսնում, և այսօր մարդու իրավունքների հարցն ընկած չէ գործընթացների հիմքում։
  • Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ավելի թափանցիկ պատկեր ունենք, քանի որ ընտանիքի անդամներն իրենց հասանելի տեղեկատվությունը կիսում են հանրության հետ, ինչը չես ասի մյուս պատանդների պարագայում, քանի որ զգուշանում են նրանց նկատմամբ վրեժխնդրության նոր դրսևորումներից։ Պատանդների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը «Կարմիր խաչն» է, որը սահմանափակ տեղեկատվություն է փոխանցում ընտանիքին։ Այլ միջազգային մեխանիզմ չկա, որը կարող է կանխել անկանխատեսելի այս զարգացումները։ Անհատական գործերի շրջանակում ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 6 ամիսը մեկ տեղեկություն տալ պահվող անձանց պայմանների հետ կապված։ Դատարանը պահանջել է տրամադրել պահման պայմանների, առողջական հարցերի վերաբերյալ ու նաև իրավական փաստաթղթեր։

  • Մեզ հասած տեղեկություններով՝ Բաքվում պահվող հայ պատանդները հոգեբանական վատ վիճակում են գտնվում։ Ունեն նաև առողջական խնդիրներ։ Նրանք չեն խոսում, խուսափում են շփումներից։ Սա մենք գնահատում ենք՝ որպես տարօրինակ վարք։ Սա կա՛մ հարկադրանքի արդյունք է, կա՛մ պայմանավորված է նրանց առողջական վիճակով, և նրանք չեն խոսում՝ ընտանիքներին անհանգստություն չպատճառելու համար։ 
  • Խոշտանգումների մասին տեղեկություններ կարողացել ենք ստանալ միայն որոշ ռազմագերիների հայրենադարձումից հետո։
  • Պաշտոնական պատանդների թիվը 23 է։ 23 թիվը ներառում է նաև Արցախի նախկին ղեկավարությանը՝ 8 անձանց։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մենք ունենք 80 բռնի անհետացած գերիներ, որոնց ճակատագրերի առնչությամբ որևէ տեղեկատվություն հնարավոր չէ պարզել։ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն տեսակցում է միայն հաստատված գերիներին։ Չհաստատված գերիների հետ կապի միջոցների մեխանիզմ չկա։ Իմ գնահատմամբ՝ բռնի անհետացածների դեպքերն անհամեմատ բարդ դեպքեր են։ Գերիների պարագայում կա հայտնիություն ու ուշադրության սևեռում, բայց բռնի անհետացածների խմբի հետ կապված՝ չկա որոշակիություն, և այդ հոգեկան տառապանքները չափազանց ծանր են նրանց ընտանիքների համար։
  • Գերիները միայն հոգեբանական խոշտանգումների չեն ենթարկվել։ Եղել է ինտենսիվ բռնություն ու իմիտացվել են կյանքից զրկելու գործողություններ։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ հայ ռազմագերու կոկորդին դանակ սրելու կամ զենքով են մահը իմիտացրել, կամ գերիներին ստիպել են փորել սեփական գերեզմանները, որտեղ ողջ-ողջ թաղվել են… Կան դեպքեր, երբ դրանք իմիտացիա չեն եղել, սպանություններ են եղել։ Հայտնի է Սև լճի 9 գերիների գնդակահարության դեպքը, բայց պարզ է, որ միայն այդ դեպքը չի եղել, այլ շատերը։ Կան նաև ծեծով կյանքից զրկելու դեպքեր, երբ մարդկանց այնքան են խոշտանգել, որ վերջիններս զրկվել են կյանքից։ Սա Ադրբեջանը չի ընդունում, սակայն կան ապացույցներ։
  • Ապացույցներ կան, որ թուրքական կողմն անմիջական մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմին։ 

Հիշեցնենք, 2024թ. օգոստոսին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձավ Բաքվում պահվող հայ գերիներին, պատանդներին ու ռազմագերիներին և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ալիևի հետ քննարկել է այդ հարցը, և, օրինակ, ինչո՞ւ է Բաքվում պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հայտարարեց.

«Նշեցիք նույն Ռուբեն Վարդանյանին, այստեղ էլ շատ կարևոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, հավաստիացումներով, խոստումներով։ Ո՞վ ասաց, որ մենք այդքան էլ լավ չգիտենք՝ նա ով է, կարծես թե այլ երկրի քաղաքացի է։ Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերի պատասխանն ունենալ, թե՞ չենք ուզում»։

  • Ռուբեն Վարդանյանի մասին Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը քաղաքական է և որևէ առնչություն չունի իրավական գործընթացների հետ։ Մենք գործ ունենք ոչ վերաբերելի հայտարարությունների հետ, որն ունեցել և ունենալու է անմիջական հետևանք։ Փաշինյանի կողմից ԱԺ-ում արված այդ հարցադրումներից անմիջապես հետո Ռուբեն Վարդանյանը հարցաքննվել է ադրբեջանական քննչական մարմինների կողմից, և Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված այդ նույն հարցերը դարձել են Ադրբեջանի կողմից քննության առարկա։ Նման հարցադրումներն անտեղի են այն պարզ պատճառով, որ պետությունն ունի պարտավորություն հայրենադարձնելու իր քաղաքացիներին։ Փաշինյանի հայտարարություններում և ՀՀ կողմից գործողություններում իրարամերժություն կա, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնում է Եվրոպական դատարանում։ Հետևաբար, եթե Ռուբեն Վարդանյանի գործունեությունը խնդրահարույց էր, ինչո՞ւ է պետությունը հանձն առել պաշտպանել նրա շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), երբ կարող է թողնել այդ հնարավորությունն ունեցող նրա ընտանիքի վրա։ Հայաստանի ղեկավարության քաղաքական դիրքորոշումները հակասում են միջազգային պաշտոնական դատական ատյաններում ՀՀ դիրքորոշումներին։ Այստեղ գործ ունենք անձնական կարծիքի հետ։   

Հիշեցնենք, որ մինչ այդ մեզ հետ զրույցում Սիրանուշ Սահակյանը նկատել էր. 

«Ադրբեջանցիներն ասում են՝ այն, ինչ չենք կարողացել անել 30 տարում, անում է Փաշինյանը, ասում են՝ հայ ազգից մեր վրեժը լուծեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ընկալվում է՝ որպես ադրբեջանական քաղաքական գործիչ, ոչ թե հայ: Նրա հայտարարությունները չեն սպասարկում հայկական շահը: Դրանք նա անում է դիտավորյալ, մտածված, որոշակի պլանի շրջանակներում: Միջազգային իրավունքում մեծ արժեք են ձեռք բերում պաշտոնատար անձանց, հատկապես գործադիր իշխանության ղեկավարի արտահայտությունները, որոնք հետագայում կարող են նշանակել՝ մեր իրավունքներից հրաժարում»:

  • Որպեսզի մենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ քրեական հետապնդման դեպք ունենանք, իրավիճակը պետք է ներկայացվի Միջազգային քրեական դատարանին։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Հռոմի ստատուտը վավերացրած կողմ, այս պահին ձեռնպահ է մնում իրավիճակը Միջազգային քրեական դատարանին ներկայացնելուց։ Իսկ առանց պետության մասնակցության դա անհնար է անել։ Հանցագործություններն Ալիևների կլանի ներգրավվածությամբ են տեղի ունեցել նաև, իսկ նրանց հետ ՀՀ ղեկավարությունը բանակցել է։ Այս պարագայում ՀՀ-ն անհնար է համարում բանակցության սեղանի շուրջ նստել նրանց հետ, ում վերաբերյալ քրեական հետապնդում է սկսել։ ՀՀ իշխանոււթյունների վախի գործոնն այստեղ նշանակություն ունի, և ես կանխատեսում ունեմ, որ երբևէ նման հարցով այս իշխանությունները չեն դիմի Միջազգային քրեական դատարանին, որը կոնկրետ անձանց նկատմամբ հետապնդում հարուցող սուբյեկտ է։ 
  • Եթե Հայաստանի կողմից իրավական ճնշումը չհամակցվի քաղաքական ու դիվանագիտական ճնշումներով, Ադրբեջանի կողմից վարքագծային փոփոխությունների ականատես չենք կարող լինել։
  • «Խաղաղության պայմանագիրը» ֆիկցիա է։ Պայմանագիր ստորագրելով՝ խաղաղություն չի լինում։ Քանի դեռ Ադրբեջանում չի ձևավորվել իրավահավասարության մթնոլորտ, որտեղ հայերը կընկալվեն որպես ադրբեջանցիներին հավասար էթնիկ խումբ, որոնց չի կարելի կոտորել ու բնաջնջել, խաղաղություն չի՛ լինելու։ Ադրբեջանի կողմից նման միտում առայժմ չի նկատվում։ Գերիների փոխանակումն այն գործոնն է, առանց որի՝ չի՛ կարող ընթանալ որևէ բանակցություն խաղաղության շուրջ։ Մեր հասարակությունը չի կարող վստահել մի պետության ու նրա ղեկավարության, քանի դեռ գերիների վերադարձի հարցը լուծված չէ։ Չկա հավասար բանակցային կողմն այդ հարցը լուծելու համար։

  • Ադրբեջանը գործում է հայելային կերպով. եթե կա 1915թ. Հայոց ցեղասպանության հարցը, Ադրբեջանում ի հակադրություն դրա՝ հորինում են Խոջալուի ցեղասպանությունը։ Եթե կա Արևմտյան Հայաստան, հորինում-ստեղծում են «Արևմտյան Ադրբեջանի» թեզը… Բացարձակ անթույլատրելի պետք է լինեն ադրբեջանական թեզերին աջակցող հայտարարությունները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
  • Ցանկացած հայ, անկախ իր քաղաքացիությունից ու բնակության վայրից, մաս է կազմում միջազգային արդարադատության դատարանի գանգատի։ Հետևաբար՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հայցերը հետ վերցնելն ազդեցություն է թողնելու համայն աշխարհի հայերի համար։ Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է նաև մեր գանգատի մեջ։
  • Հարգում են ուժեղին։ Իսկ ով է ուժեղը՝ կանխորոշվում է պայքարի արդյունքում։ Դա վաստակում են։ Ուժն ի վերուստ շնորհված չէ որևէ ազգի կամ պետության։ Միջազգային հարաբերություններում որևէ պետության համար ցանկալի չէ դաշնակցային հարաբերությունների մեջ մտնել թույլ, ձախողակ պետությունների հետ։ Պարտությունը կարող է կանխորոշել նոր հաղթանակ, եթե պայքարելու ցանկություն կա։ Որևէ կերպ չի կարող գնահատվել չպայքարելու ցանկությունը։

Հիշեցնենք, Սիրանուշ Սահակյանը մեր նախորդ զրույցում, անդրադառնալով 2018թ. Հայաստանում արտաքին ուժերի կողմից արված հեղափոխությանը, ասել էր.

«Հայաստանի գործող իշխանության՝ իշխանության գալու ու այն պահպանելու գինն Արցախի հանձնումն էր:

Հանպատրաստից հեղափոխություններ չեն արվում, դրանք աջակցվում են, և չեն աջակցվում նեղ խնդիրների, այլ աջակցվում են գլոբալ աշխարհաքաղաքական հարցերի լուծման համար: Հայաստանի գործող իշխանության ղեկավարը համապատասխանել է այդ պայմաններին, ընտրվել ու բերվել է իշխանության, ու դրա գինն Արցախի հանձնումն էր»: Նա նաև նշել էր, որ «Լաչինի միջանցքը չի գրավվել ադրբեջանցիների կողմից: Այն հոժարակամ նվիրվել է ՀՀ իշխանությունների կողմից, մինչդեռ դրա իրավական նախադրյալները բացակայում են: Նվիրաբերող կողմը՝ ՀՀ-ն, միջանցքի անխափան գործունեության մարդասիրական երաշխիքներ չի ստեղծել: ՀՀ-ն պարտավոր է պաշտպանել սեփական քաղաքացիներին, նաև ազգությամբ հայերին, եթե կա ցեղասպանության վտանգ: Այս սկզբունքն ամրագրված է միջազգային իրավունքով»:

  • Ադրբեջանը բանակցություններում կարողանում է ստանալ այն, ինչ ուզում է։ ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի ցանկացած պահանջի բավարարումը հանգեցնում է նոր պահանջների ձևավորման, և սա անվերջ պրոցես է։ Ադրբեջանը շարունակ բարձրացնում է պահանջների նշաձողը, և սրա դեմն առնելու միակ եղանակը դրանք մերժելն է։ Հիմա էլ Ադրբեջանը պահանջում է դատել Հայաստանի նախկին ռազմաքաղաքական  ղեկավարությանը։ Հայաստանը պարտականություն ու կարիք չունի արձագանքել միջազգայնորեն չբացահայտված որևէ դեպքի։ Ադրբեջանի պահանջներին հակազդելու իրական հնարավորություն ես տեսնում եմ․ մնում է, որ հանրային իշխանության կրողները կիսեն այդ մոտեցումները։
  • Մենք ունենք Հայաստանում արտաքին ուժերի սպասարկման օրինակ, ու դրանք հայկականության էլեմենտներ չունեն։ 2018թ․արտաքին բոլոր ուժերը հանդուրժեցին անձի փոփոխություն, և քանի որ արտաքին այդ ուժերն այստեղ տնտեսական ու ռազմական խոշոր շահեր չունեին, նրանց շահը Լեռնային Ղարաբաղի խնդրի այն հանգուցալուծումն էր, որը նրանց թույլ կտար առավել բարվոք քաղաքական դիրքավորում ունենալ նոր փոփոխվող աշխարհում։ Արցախի հարցն այս պահին փակված է։ Արցախը զոհաբերվել է արտաքին ուժերի շահերի սպասարկման համար։ Օրակարգային հաջորդ խնդիրը Զանգեզուրի միջանցքն է, որն իսկապես կենսական նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային, և թե՛ միջազգային խաղացողների համար, և բոլոր գործիքներն օգտագործվելու են իրենց շահերը ստանալու համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել էր. ««Զանգեզուրի միջանցքի» երթուղին կորոշեն Ադրբեջանում: Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Թե որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջևանով կանցնի Թուրքիա։

Թուրքիայում մենք ավարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է թուրք նախարարը։ 

  • Արտաքին ուժերը 2018 թվականին եկել-հասել էին կրիտիկական մի կետի, երբ այլևս սպասելու կարիք չունեին ու Արցախյան խնդրի շուրջ թելադրում էին լուծումներ, որոնք չէին բխում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից։ Ուստի արտաքին ուժերը Հայաստանում գնացին անձի փոփոխության, որ կարողանան այդ հարցը լուծել, որովհետև իմ գնահատմամբ՝ խնդիրը ձևակերպված էր ու պահանջում էր Արցախյան հարցի այդրոպեական լուծում։ Ադրբեջանն այլևս չէր ուզում սպասել և պահանջում էր պրոադրբեջանական լուծում։ Ու այս պայմաններում 2018 թվականին գործի դրվեց պլանը, և մենք ունեցանք դերակատարներ, որոնք դարձան այդ մեծ պլանի մասը։ Այո, Հայաստանի գործող իշխանության՝ 2018 թվականին իշխանության գալու ու այն պահպանելու գինն Արցախի հանձնումն էր, Հայաստանի ներկայիս իշխանության ղեկավարը՝ Փաշինյանը, համապատասխանել է այդ պայմաններին, արտաքին ուժերի կողմից ընտրվել ու բերվել է իշխանության, ու դրա գինն Արցախի հանձնումն էր:

Առհասարակ, իմ կարծիքով՝ ի շահ տվյալ երկրի ու ժողովրդի՝ հեղափոխություններ չեն լինում։ Ցավոք, քաղաքական համակարգի տարր կազմող մյուս էլեմենտները չկարողացան կասեցնել այդ ընթացքը, և, ցավոք, մենք չունենցանք ինստիտուտներ, որոնք կկարողանային սահմանադրորեն կանխել դա։ Ցավոք, մեր պատմության մեջ առաջին անգամ մենք ունեցանք հայկական հող, որտեղ հայեր չեն ապրում։ 

  • Ընդդիմության պայքարը ես այսօր արդյունավետ չեմ համարում և երբեմն ունենում եմ այն վատ զգացողությունը, որ իշխանությունը փողոցում գցած է, և այն վերցնող չկա։ Ես չեմ տեսնում իրական պայքար, որը միտված է ուժեղ հայկական պետության ստեղծմանը։ Ցավոք, Հայաստանում առանց արտաքին ուժերի ներգրավվածության իշխանության փոփոխություն տեղի չի կարող ունենալ։ 
  • Ընդդիմության պայքարը միայն ներքին ուժերի մեջ չէ, սա նաև արտաքին բլոկների միջև պայքար է։ Իշխանափոխություն՝ նշանակում է կասեցնել այն ծրագրերը, որոնց շուրջ կա համընդհանուր համաձայնություն։ Ուժերի գերկենտրոնացում պետք է լինի և պլանավորման գերբարձր մակարդակ։ Ցավոք, եղել են գործողություններ, որոնք ընդդիմության պայքարն անլրջացրել են։ Եղել են տասնյակ-հազարավոր մարդկանց մասնակցությամբ միջոցառումներ, բայց իշխանությանն ուղղված ուլտիմատումների չբավարարմանը հաջորդող քայլեր չեն առաջարկվել։ Սա անլրջացնում է քաղաքական պայքարը, և հասարակությունը հիասթափությունների ֆոնին դադարում է վստահել քաղաքական ուժերին։ Խոսքը Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարի մասին է։
  • Արմեն Աշոտյանն ակնհայտ քաղաքական ընդդիմախոս է, որը սուր լեզու է օգտագործել՝ հիմնված փաստարկների վրա, և ՀՀ գործող իշխանությունների կողմից ենթարկվում է քաղաքական հետապնդումների։ Արմեն Աշոտյանն ունի մեծ լսարան, ու նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև նա կարող է մրցակից լինել Նիկոլ Փաշինյանին։
  • Արդեն շուրջ 4 տարի է՝ Գուրգեն Մարգարյանի հետ կապված գործընթացը գտնվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի

կատարողական փուլում, և Ադրբեջանը, ցինիկ վարք դրսևորելով, չի էլ փորձում այն կատարել։ Ադրբեջանից պահանջում են վճարել դատական ծախսերը, բայց Ադրբեջանը հրաժարվում է գեթ մեկ լումա վճարել։ Հարուստ պետության կողմից դատական ծախսերի չվճարումը նշանակում է դատական ակտի չկատարում։ Նման ցինիկ վարքագծի պարագայում ԵԽ Նախարարների կոմիտեն դեռևս չի նախաձեռնում խախտումների արձանագրման գործընթաց, որը, որպես կանոն, հանգեցնում է պատժամիջոցների կիրառման։ Հիմա Ադրբեջանին մինչև մյուս տարվա հունիս ժամանակ են տրամադրել, և եթե մինչ այդ փոփոխություն չլինի, կկիրառվի բանաձև։ Սա ցույց է տալիս, թե Ադրբեջանն ինչ ակտիվ աշխատանք է տանում Նախարարների կոմիտեում, և այս պարագայում Հայաստանի իշխանությունը պետք է միջամտի ու պահանջի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչը չի արվում: Եվրոպական դատական համակարգը շատ դանդաղ է գործում։ Շուրջ 10 տարի պահանջվեց Գուրգեն Մարգարյանի հրատապություն պահանջող գործով դատական ակտ կայացնելու համար։

Հիշեցնենք, 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի 3-ամսյա ուսումնական դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր 25-ամյա Գուրգեն Մարգարյանին։

ՆԱՏՕ-ի կազմակերպած այդ դասընթացներին մասնակցում էին սպաներ նաև Ադրբեջանից, նրանց թվում էր Սաֆարովը:

2004թ. փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, Սաֆարովը մուտք էր գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված է հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից՝ գոռգոռացել է Սաֆարովի վրա և դուրս է վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել է մյուս հայ սպա Հայկ Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ է եղել։ Սաֆարովը գոռացել է նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չի տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել է Սաֆարովին։

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից մայորի։

2012թ. արտահանձնումից հետո Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրեց: Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը Հունգարիայի քայլն անվանել էր աններելի։ «Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին, նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չեմ կարող, Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

2013թ. մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ:

2022թ. դեկտեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանը՝ Արարատ Միրզոյանի հետ միասին, վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները մարդասպան Սաֆարովին Ալիևին հանձնած Հունգարիայի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս