Սա շատ վատ տեղ է տանելու… Ռուսաստանին, ԵՄ-ին ու ԱՄՆ-ին հարմար է ունենալ Փաշինյանի նման թուլակամ ու ոչ ազգային ղեկավար. Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն է։
Հիշեցնենք, 2026թ. մարտին Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանը (IODA), միջազգային, անկուսակցական կազմակերպությունը հայտարարեց իր առաջին փաստահավաք առաքելության մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով գնահատել ժողովրդավարական պայմանները՝ Հայաստանի Հանրապետության 2026թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
2026թ. մարտի 7-12-ը պատվիրակությունը Հայաստանում անցկացրեց իր խորհրդակցությունները քաղաքական և քաղաքացիական հասարակության լայն շրջանակ ներկայացնող դերակատարների հետ։
Կազմակերպության գործադիր խորհրդի անդամներն են Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը, միջազգային ճանաչում ունեցող մարդու իրավունքների փաստաբան դոկտոր Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը, Սառա Լի Ուիթսոնը, Դայանա Քիրնին, Ուիլյամ Բուրդոնը, Խոսե Առանազը, Մարկ Ջոնսը և Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Բրայան Մեյը։
Օրերս՝ հունիսի 5-ին, հրապարակվեց Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանի (IODA) զեկույցը:
Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանի (IODA), վերջնական զեկույցը լույս տեսավ հունիսի 5-ին: Հաստատեցինք մեր նախնական գրածը՝ Հայաստանում ԱԺ ընտրությունների վրա արտաքին ազդեցություն տարբեր կողմերից՝ և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից: Ընդ որում, դրանք ավելի շատ օգնեցին Նիկոլ Փաշինյանին. Արևմուտքը բացեիբաց աջակցում էր նրան, իսկ Պուտին-Փաշինյան հանդիպման խոսույթն ավելի շատ օգնեց Փաշինյանին:
- Ընտրական գործընթացում իշխանությունը չարաշահեց վարչական ռեսուրսը:
- Դժբախտաբար, Հայաստանում դատական համակարգն անկախ չէ: Սա մեծ ազդեցություն ունեցավ ընտրությունների ժամանակ. Քրեական վարույթներ էին հարուցվում միայն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ, բայց երբ նույն բանն անում էր իշխանությանը սատարողը, իշխանության ներկայացուցիչը, որևէ գործ չհարուցվեց նրանց դեմ: Սա ևս փաստված է մեր զեկույցում:
- Երեք պետական մարմինների հետ ենք հանդիպել՝ Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեի հետ: Դժբախտաբար, մեզ հետ չցանկացան հանդիպել իշխող կուսակցությունից՝ «Քաղաքացիական պայմանագրից» (ՔՊ), ինչպես նաև Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես խուսափեցին մեզ հետ հանդիպումից:
- ՔՊ-ի նպատակը ոչ թե սոսկ ընտրություններում հաղթելն էր, այլ սահմանադրական մեծամասնություն ունենալը, և ըստ տեղամասերի ձայների այսօրվա վերահաշվարկն այդ առումով շատ կարևոր է: Եթե իշխանությունները ԲՀԿ-ին կարողանան թույլ չտալ Խորհրդարան անցնել, կստանան 3/5 մեծամասնություն, բայց ոչ սահմանադրական մեծամասնություն: Պայքարը սրա համար է: Եթե Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հարուցված վերջին գործը կա 2019թ.-ից, ուրեմն ինչո՞ւ հիմա ակտիվացրեցին դա:

- Հայաստանի Հանրապետության օրենքով՝ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը կարող է հաղթահարվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Գագիկ Ծառուկյանի պարագայում դա տեղի չունեցավ:
- Անշուշտ, արդար ընտրություններ չեղան, բայց այսօրվա իրողությունների պարագայում Արևմուտքը կընդունի դրա արդյունքները. մեր դիտորդական առաքելության համար նման ընտրական գործընթացն անընդունելի էր:
- Այսօրվա Եվրոպայի պարագայում այլևս զարմանալի ոչինչ չկա… Զավեշտալի է, բայց Ֆրանսիայի վերջին նախագահական ընտրություններում Մակրոնն ընտրվեց ժողովրդի 20%-ի կողմ ձայներով. ցավոք, սա է այսօրվա «ժողովրդավարության» այդ համակարգը: Նիկոլ Փաշինյանի պարագայում, փաստորեն, նրան հաջողվեց ժողովրդի 49%-ից մի փոքր ավելիին համոզել, որ խաղաղություն է լինելու ու ամեն ինչ լավ է լինելու…
- Ցավոք, ընդդիմությունը ճիշտ տակտիկա չորդեգրեց: Նախ, փոքր կուսակցությունները չպետք է մասնակցեին ընտրություններին, որպեսզի ձայները չփոշիանային… Քաղաքական պրոցեսը ձախողվեց, դարձավ էգոյի պայքար: Բայց այս պայմաններում անգամ ընդդիմությունը կարող է խոչընդոտել Սահմանադրության փոփոխություններին: Ամենավատն այն է, որ երկրի ներսում առկա լարվածությունը շարունակվելու է, մինչդեռ մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Հասարակությունը երկրի ներսում պառակտված է, Սփյուռքը պառակտված է, և սա այն դեպքում, երբ մենք խնդիր ունենք լուծել մեր առջև ծառացած անվտանգային լրջագույն խնդիրները…
- Նիկոլ Փաշինյանն իր ծրագրում գրել է, որ Գարեգին Վեհափառին պաշտոնանկ է անելու, հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատազրկվի, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին է ազատազրկելու… Սա շատ վատ տեղ է տանելու:
- Ադրբեջանն իր պահանջներից չի հրաժարվելու, TRIPP ծրագիրը սոսկ թուղթ է դարձել, ռուսական սանկցիաների տակ ենք, պետությունը շատ մեծ պարտքեր ունի, և ոչ ոք սրա մասին չի մտածում…
- Եվրախորհրդի դիտորդական առաքելության 2 անդամներն անգամ խախտումներին չանդրադարձան. խոսում էին միայն Ռուսաստանի կողմից արտաքին ազդեցության մասին:

Ի դեպ, ԵԱՀԿ դիտորդները ներկայացրել էին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը, որում դիտորդներն արձանագրել էին մի շարք գործոններ, որոնք, իրենց գնահատմամբ, ազդել են նախընտրական քարոզարշավի հավասար պայմանների վրա։ Դրանց թվում են՝ արտաքին ճնշումների մասին հաղորդումները, ներառյալ՝ առևտրային սահմանափակումներն ու անվտանգության ոլորտի սպառնալիքները, որոնք, ինչպես նշվում է, կարող էին ազդեցություն ունենալ ընտրողների նախապատվությունների վրա։
Զեկույցը պատրաստվել էր ԵԱՀԿ առաքելության մասնակցությամբ, ներառյալ՝ Խորհրդարանական վեհաժողովի, ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները։
Զեկույցում ասվում է, որ նախընտրական քարոզարշավը կրել է ծայրահեղ առճակատման բնույթ և ուղեկցվել է ընտրակաշառքների ու այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով։ Այդ գործոնները հանգեցրել են ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ մի շարք քրեական գործերի հարուցմանը, ինչը, դիտորդների կարծիքով, ազդել է քարոզարշավին նրանց մասնակցության վրա։ Նշվում է նաև պետական հատվածի աշխատողների նկատմամբ ճնշումների մասին՝ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով, ինչպես նաև վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների ազդեցությունը, ինչը հարցեր է առաջացրել ընտրությունների մասնակիցների հնարավորությունների հավասարության վերաբերյալ։
ԵԱՀԿ կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող Ֆարահ Քարիմին հայտարարել էր, որ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումների կենտրոնացումն ուժեղացրել է ընտրական գործընթացի՝ որպես ընտրողական արդարադատության ընկալումը։
- Ռուսաստանի, Եվրամիության ու ԱՄՆ-ի համար ավելի հարմար է ունենալ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար Հայաստանում, որը թուլակամ է, ազգային չէ, ու նրանից հեշտ է ստանալ իրենց պահանջները:
- Եվրամիությունից ոչ ոք Հայաստանին հրավեր չի ուղարկել ԵՄ-ին անդամակցելու համար: Հայաստանի իշխանությունը, սակայն, բացեիբաց հայտարարում է, որ երկու բլոկներից էլ պետք է օգտվենք՝ և՛ ԵՄ-ից, և՛ ԵԱՏՄ-ից: Բայց դա անհնար է, և այս առումով կարելի է հասկանալ ՌԴ նախագահին, ով Հայաստանի իշխանություններին ասում է, որ որոշումը հիմա պետք է կայացնել: Ես վստահ եմ նաև, մինչև Թուրքիան ԵՄ անդամ չդառնա, Հայաստանն այդ հնարավորությունը չի ունենալու: Այնպես որ, ԵՄ մտնելու մասին խոսակցությունները պարապ, դատարկ խոսքեր են:
- Ծիրանի բիզնեսն ի՞նչ է փոխելու Հայաստանի համար: Դրա էֆեկտը որքա՞ն է… Տասնյակ միլիոնավոր դոլարների մասի՞ն ենք խոսում: Սա լուրջ չէ: Կամ, որ ասում ենք՝ ծաղիկը կտանենք Հոլանդիա. այդ ծաղկի գինը որքա՞ն է լինելու: Չմոռանանք, որ մենք ԵՄ-ի հետ ուղիղ սահմաններ չունենք:
- Պարզ է՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եկավ՝ Փաշինյանին աջակցելու համար: Այն պայմանագիրը, որը նախաստորագրվեց, ապա ստորագրվեց, հայկական ու ամերիկյան կողմերի միջև թվով երրորդ պայմանագիրն է (սկզբում՝ օգոստոսին, ապա՝ հունվարին): Ստորագրված պայմանագիրը կրկին հիշեցնում է, թե ինչ պայմաններով կարող է իրականացվել TRIPP նախագիծը, և մինչ այսօր դրանցից որևէ մեկը չի բավարարվել, ու նախագիծն այսօր օդի մեջ է: Իրանը դրանում մասնակցություն չունի, Ռուսաստանը չունի, ո՞վ մնաց՝ Ադրբեջանն ու Թուրքիան:
- Եթե TRIPP-ը գործելու է ամերիկյան օրենսդրության ներքո, էլ ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը:

- Չի կարող TRIPP-ի պայմանագիրը գերակա լինել Հայաստանի Սահմանադրության նկատմամբ, եթե այն դեռ միջազգային պայմանագիր չէ, իսկ այդպիսին կարող է դառնալ միայն, եթե ՔՊ-ն ունենար 2/3 սահմանադրական մեծամասնություն, ինչը չունի: Հետևաբար՝ չի կարող TRIPP-ը վերածվել միջազգային պայմանագրի: Սա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների դեմքերին ընտրությունների գիշերը ժպիտներ չկային:
- Ռուբիոյի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթում Հայաստանի համար խիստ վտանգավոր մի քանի կետեր կան:
Մանրամասները՝ տեսանյութում:

