Հրաժարվե՞լ, թե՞ վերցնել մանդատները. էմոցիաներով առաջնորդվելու ժամանակը չէ. Վարդան Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այս ընտրություններն ուղեկցվել են խայտառակ խախտումներով ու կեղծիքներով, անցկացվել են աննախադեպ բռնաճնշումների, վարչական ռեսուրսի չարաշահման, ատելության ու սպառնալիքների մթնոլորտում իշխող ուժի կողմից, և եթե մենք ունենայինք նորմալ Սահմանադրական դատարան, այն կփաստեր, որ ընտրություններն անցկացվել են հակասահմանադրական եղանակով ու կչեղարկեր ընտրությունները: Այդ ժամանակ նաև իրավական իմաստով կարող էինք ասել, որ տեղի է ունեցել իշխանության ուզուրպացիա ՔՊ-ի կողմից՝ համապատասխան քրեաիրավական հետևանքներով: Իսկ քաղաքական իմաստով, այո՛, տեղի ունեցածը ՔՊ-ի կողմից իշխանության ուզուրպացիա է:
- Եթե չեն վերցնում մանդատները՝ իրավական տեսանկյունից մեր «Ընտրական օրենսգիրքը» բոյկոտն ընդունելի է համարում, և համապատասխան մանդատները թափուր են մնում: Պատկերացնենք, որ որևէ կուսակցություն ամբողջությամբ հրաժարվում է Ազգային ժողովի մանդատներից: Եթե ԱԺ անցած բոլոր 3 ընդդիմադիր ուժերը հրաժարվում են մանդատներից, և իրենց ցուցակի պատգամավորության թեկնածուները նույնպես նոտարական կարգով վավերացված տեսքով բացարկ են հայտնում, ապա ԱԺ-ն բաղկացած է լինելու միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից, որը կունենա 60 մանդատ: Իրավաբանորեն վիճելի խնդիր է, թե արդյո՞ք այդ Պառլամենտը գործելու իրավունք ունի: Եթե ընդդիմադիրները հրաժարվեն մանդատներից, ՔՊ-ն գնալու է Ընտրական օրենսգրքի փոփոխության, հասնելու են նրան, որ Ազգային ժողով անցկացնեն այն ուժերին, որոնք մասնակցել են ընտրություններին և հանդիսանում են ՔՊ-ին սատարող ուժեր: Ես վստահ եմ, որ նման սցենարի դեպքում հաջորդ ամենաշատ ձայներ հավաքած Արման Թաթոյանը գործարքի չի գնա, բայց ՔՊ-ի պրոքսիները մեծ հաճույքով կգնան այդ գործարքին: Միայն այդ տեսանկյունից շատ վիճահարույց է ընդդիմությանն ուղղված մանդատներից հրաժարվելու կոչը: Անգամ եթե ՔՊ-ն չգնա դրան, ինքը կառավարման խնդիր չի ունենում: Եթե իշխանությունն իր պրոքսի ուժերը լցնի Խորհրդարան, ապա Փաշինյանի համար նոր Սահմանադրության փոփոխությունը խնդիր չի առաջացնի: Իմ կանխատեսմամբ՝ մանդատներից հրաժարվելու ընդդիմության բոյկոտը հանգեցնելու է նրան, որ Ազգային ժողովն ամբողջությամբ կլինի իշխանական ու պրոիշխանական ուժերով լցված:
- Եթե ընդդիմադիր ուժերը չհրաժարվեն մանդատներից և համաձայնեն մտնել Խորհրդարան, ապա երկու կարևոր խնդիր կարելի է լուծել: Եթե ԲՀԿ-ին հաջողվի մտնել Խորհրդարան, ստացվում է՝ ՔՊ-ն կունենա 60 մանդատ, ընդդիմադիրները՝ 45: Այդ պարագայում Փաշինյանը չի ունենում ո՛չ իրեն անհրաժեշտ 3/5, ո՛չ 2/3-րդ ուժերի հարաբերակցությունը, չի կարողանալու փոխել սահմանադրական օրենքներ: ԲՀԿ-ի հետ կապված այս ողջ թոհուբոհը, հետապնդումներն արվում են 5 մանդատ խլելու և 3/5 ունենալու համար: 3/5 ունենալն իսկապես կարևոր է: Բազմաթիվ բարձր պաշտոններ կան, որոնք առանց այդ քանակի ձայների՝ չեն կարող նշանակվել ՔՊ-ի կողմից:
- ՔՊ-ն ողջ նախընտրական քարոզչության ընթացքում խոսում էր այն մասին, որ իրենք սահմանադրական մեծամասնություն են ունենալու, և քվեարկության գիշերը նրանց դեմքերը վկայում էին այն մասին, որ նրանք շատ հեռու են այդ թիվն ունենալուց:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը ողջ քարոզարշավի ընթացքում շատ իրատեսական էր համարում ընտրությունների արդյունքում Սահմանադրական մեծամասնություն ունենալը:

- Ազգային ժողովը նոր Սահմանադրության նախագիծն իրավունք ունի դնի հանրաքվեի, եթե այդ նախագծին հավանություն են տալիս պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ը: Եթե ընդդիմությունը դնի մանդատները, իշխանությունը իր պրոքսի ուժերով Խորհրդարանը լցնելուց հետո կարող է ունենալ 5/5 մեծամասնություն Սահմանադրությունը փոխելու համար: Այդ պատճառով ես կարծում եմ, որ անպայման պետք է մանդատները վերցնել:
- Ենթադրենք՝ ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին և մանդատները վայր դրեցին, գեներացրեցին փողոցային պայքար… հետո.՞.. Այդ պայքարն ինչո՞վ է ավարտվելու, եթե Խորհրդարանում այն իրավական հետևանքներ չի ունենալու: Սահմանադրության 115-րդ հոդվածն ասում է՝ ԱԺ պատգամավորների թվի պարզ մեծամասնության ձայներով մեկ տարի հետո կարելի է փոխել Վարչապետին: Եթե փողոցում պայքարը եռա, 7-8 պատգամավորի ձայների հարց լուծելով՝ հնարավոր է փոխել Վարչապետին, բայց եթե մանդատները վայր դնեն, դա հնարավոր չի լինելու անել:
- Արտաքին ուժերի կողմից Հայաստանի առաջ դրված են տարածքային պահանջներ, Սահմանադրությունը փոխելու պահանջ, Հայաստանի տարածքը Միջանցք դարձնելու պահանջ, և առանց Խորհրդարանում ընդդիմադիրներ ունենալու՝ հնարավոր չի լինելու դրանք կանխել:
- Խորհրդարան մտնող բոլոր 3 ընդդիմադիր ուժերը պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ, որ որևէ պարագայում իշխող ուժի հետ չեն համագործակցելու, և իրենց՝ ԱԺ գնալու միակ նպատակն իշխանափոխությունն է: Սա, իհարկե, բարոյական պարտավորություն է:
- Անկախ ամեն ինչից՝ Պառլամենտը բաղկացած է լինելու 105 պատգամավորներից: 105-ի 50%+1 թիվը 53 է: Այդ քանակի պատգամավորների ձայներով հնարավոր է իրականացնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Եթե «Բարգավաճ Հայաստանը» մտնում է Պառլամենտ, ապա ՔՊ-ից անհրաժեշտ է լինելու 8 մանդատ, որպեսզի պառլամենտում ուժերի հարաբերակցությունը փոխվի:
- ՔՊ-ի բռնապետական ռեժիմն ամեն ինչ անելու է, որ այս ռեժիմի դեմ պայքարող քաղաքական ուժերին ու անգամ սովորական քաղաքացիներին ու հանրային-քաղաքական գործիչներին խաղից դուրս հանեն: Բայց հայտարարված այս արդյունքներից հետո մենք այլևս կորցնելու ոչինչ չունենք՝ որպես ազգ ու պետություն. պետք է պայքարենք:

- Խորհրդարան չանցած ընդդիմադիր ուժերը պատկառելի ձայներ են ստացել. Իրենք առաքելություն ունեն աշխատելու ընտրողների հետ: Հանրային հեռուստաընկերության վերջին բանավեճի ժամանակ ընդդիմադիր ուժերը ցույց տվեցին՝ մասնագիտորեն ինչքան խորն են տիրապետում հարցերին ու պետք է համագործակցեն միմյանց հետ: ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերի և խորհրդարան չանցած, այդ թվում՝ ընտրություններին չմասնակցած ընդդիմադիր ուժերի միասնական դրսի ճնշումները պետք է համատեղել, և այս առումով ինձ համար իսկապես անհասկանալի են այն էմոցիոնալ կոչերը՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, որ չպետք է մանդատները վերցնել: Քաղաքական պայքարի տեսանկյունից անընդունելի է հրաժարվել հզորագույն լծակից: Բոլորի էմոցիաները հասկանում եմ, բայց էմոցիաներով չպետք է առաջնորդվենք…
- Հայաստանի Հանարպետության օրենքով Հայաստանում որևէ անկլավ գոյություն չունի, և եթե որևէ պաշտոնատար անձ կոչ է անում, որ պետք է անկլավների հարցը լուծել, դա քրեական հանցագործություն է, որովհետև ոտնձգություն է Հայաստանի տարածքի հանդեպ:
Մանրամասները՝ տեսանյութում:

