«Կարող ենք ենթադրել, որ տարվա երկրորդ կեսին գնաճ կլինի. Կառավարությունը ծախսերի ռեժիմը փորձեց հաղթահարել ակցիզային հարկի բարձրացումով». Տնտեսագետ
Կառավարության անցնող նիստի ժամանակ հավանության արժանացավ գործադիրի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում՝ կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Մասնավորապես՝ առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված՝ ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին՝ 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։
Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ակցիզային հարկը Կառավարությունը բարձրացրել է մի քանի հանգամանքներով պայմանավորված, նաև հասկանալի է, թե ինչու է այդ քայլին գնացել ընտրություններից հետո։
Մանրամասնելով, մեր զրուցակիցն ասաց.
«Կառավարությունն ունի բավականին ծախսեր, դրանք ես այս ընտրությունների հետ չեմ կապում, ավելի շատ կապված են արտահանողներին տրվող սուբսիդավորման հետ։ Եթե Կառավարության նշած ծավալներով արտահանվի ապրանքը, դրա համար բավականին գումարներ պետք կլինեն սուբսիդավորելու բրենդը, օրինակ գինին, վաղը՝ չրեղենը, բանջարեղենը և այլն։ Կառավարությունը նոր շուկաների համար որոշում կայացրեց սուբսիդավորել և բավականին հետաքրքիր թվերով։ Ծախսերի մի խնդիրը սա է:
Երկրորդը հանգամանքն այն է, որ կարծում եմ՝ ընտրությունների ընթացքով պայմանավորված՝ հիմա և հետո, նաև դրանից առաջ որոշակիորեն ձեռնարկատիրական գործունեությունը կարող էր լինել սպասողական վիճակում։ Ընդհանրապես Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ ձեռնարկատերերը, բիզնեսը գրեթե սպասողական են լինում։ Ըստ այդմ էլ՝ իրենց ներդրումները կամ աշխատանքի ծավալները կարող են դրանից որոշակիորեն դանդաղել և հարկերը քիչ վճարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը։
Շարունակելով, տնտեսագետը նշեց ևս մեկ հանգամանք՝ Ռուսաստանի սանկցիաները, որոնք կարող են էականորեն ազդել հարկերի վրա, որովհետև այն ընկերությունները, որոնք նախատեսված ծավալներով պետք է վաճառեին իրենց ապրանքները և հարկեր վճարեին, այդ հարկերը կնվազեն, քանի որ շատերը չեն կարող վաճառել այն գներով, ինչպես վաճառում էին նախկինում, կամ էլ առհասարակ չեն վաճառի։
«Այս ամենը Կառավարությունը գնահատելով, գումարած այն ծախսերը, որոնք ունի թոշակի, կենսաթոշակային, ապահովագրական համակարգի հետ կապված, և այլն, այս ծախսերի ռեժիմը փորձեց հաղթահարել ակցիզային հարկի բարձրացումով։ Հարկատեսակները տարվա կեսին փոփոխելը մի քիչ հարիր չէ, դա կարող է անհանգստություն, անվստահություն առաջացնել, խանգարել ներդրողներին, և կարող են լինել դժգոհություններ։
Իսկ ինչո՞ւ հիմա, ոչ թե՝ ընտրություններից առաջ, պարզ է, որ ընտրություններից առաջ այս ամենը նպատակահարմար չէր լինի, որովհետև այս թանկացումներն ավելի շատ ազդում են շարքային քաղաքացիների ծախսերի վրա, ուստի նրանց դժգոհությունը պետք չէր հարուցել ընտրություններից առաջ, որովհետև Կառավարությունն ընտրություններից առաջ ավելի շատ դրական քայլ էր կատարում, որով սիրաշահում էր քաղաքացուն։ Չսիրաշահող քայլեր անելն ընտրություններից առաջ՝ նպատակահարմար չէր»,- հավելեց Գ. Մակարյանը։
Ըստ նրա, բացի ծխախոտից, որը զուտ ծխողների գրպանին է հարվածում, մնացած թանկացումներն ազդելու են արդեն բոլորի վրա՝ և՛ բիզնեսի, և՛ քաղաքացու, ինչպես նաև տրանսպորտային միջոցները կարող են թանկանալ։
Ակցիզային հարկի բարձրացումից հետո, այն քաղաքացիները, որոնք հնարավորություն չեն ունենա թանկ գնով ձեռք բերել այս կամ այն ապրանքը, ստիպված են լինելու քիչ ծախսել։ Ծխողը քիչ պետք է ծխի, տրանսպորտային միջոցը քիչ շահագործի, կամ ընտանեկան բյուջեից դրա վրա պետք է ծախսի ավելի շատ։
«Կարծում եմ՝ այլ ապրանքներ ևս կարող են թանկանալ, կարող ենք ենթադրել, որ տարվա երկրորդ կեսին գնաճ կլինի, կամ եղած գնաճը կպահպանվի, այսինքն՝ նվազում չի լինելու»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։

