Շուշիի հռչակագրի ստորագրումից անցել է 5 տարի, ո՞ր պահանջներն են կատարվել, որո՞նք են ընթացքի մեջ, որքանո՞վ է Փաշինյանը գործում այս փաստաթղթի տրամաբանության մեջ
Ադրբեջանը և Թուրքիան նշում են Շուշիի հռչակագրի ստորագրման 5-ամյակը: Այդ առիթով օկուպացված բերդաքաղաքում «Յենի Ազերբայջանը» միջազգային համաժողով է նախաձեռնել՝ «Տարածաշրջանային ներդրում գլոբալ անվտանգության մեջ. Խաղաղաշինությունը Հարավային Կովկասում»:
Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ նշել է, որ Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի և 2023թ. սեպտեմբերի 19-20-ին «հակաահաբեկչական գործողության» արդյունքում կարողացել են «ազատագրել իրենց օկուպացված հողերը և վերականգնել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
«Ադրբեջանն ինքն ապահովեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը, որոնք թղթի վրա էին մնացել գրեթե 30 տարի»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ 2025թ. Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը լիովին փոխեցին իրավիճակը Հարավային Կովկասում։
Այս համատեքստում Ալիևը շարունակել է. «Իրագործվող «Զանգեզուրի միջանցք»-ը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի տարածաշրջանի հետ, և կդառնա «Միջին միջանցք»-ի առանցքային հատվածներից մեկը»։
Այսինքն, իրագործվում է այն, ինչ ամրագրվել է 2021թ. հունիսի 15-ին կնքված Շուշիի հռչակագրով, այստեղ ոչ մի բան դեկլարատիվ չէ, այլ հստակ գործողությունների պլան:
Թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագիրը և «Զանգեզուրի միջանցքը»
Հիշենք, թե ինչ կետեր կան Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին, այսպես ասած, իրավականություն հաղորդած այս փաստաթղթում, և որոնք են իրականություն դարձել:
■ Կողմերը կշարունակեն ջանքերը՝ ուղղված Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանի պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության ապահովմանը։ Այս համատեքստում հաշվի կառնվի Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առանձնահատուկ աշխարհագրական դիրքը։
■ Կողմերը կամրապնդեն փոխադարձ համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել երկու երկրների տարածքով անցնող Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջին միջանցքի մրցունակությունը։ Ադրբեջանն ու Թուրքիան, օգտագործելով խելացի տրանսպորտային համակարգերի տեխնոլոգիաները, հետագայում ևս կզարգացնեն տարանցիկ-տրանսպորտային ներուժը միջազգային տրանսպորտային միջանցքների ադրբեջանա-թուրքական հատվածներում։
■ Կողմերը ընդգծում են Ադրբեջանն ու Թուրքիան կապող «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը և, որպես դրա շարունակություն, Նախիջևան-Կարս երկաթգծի կառուցման կարևոր ներդրումը երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցության կապերի ակտիվացման գործում։
■ Կողմերն ընդգծում են Թուրքիայի և Ադրբեջանի առաջատար դերը ռազմավարական «Հարավային գազային միջանցք»-ի իրականացման գործում, որը նպաստում է տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև՝ ապահովում բնական գազի աղբյուրների ու երթուղիների դիվերսիֆիկացումը։ Կողմերը համակարգված ձևով կշարունակեն ջանքերը՝ ուղղված Հարավային գազային միջանցքի արդյունավետ օգտագործմանն ու հետագա զարգացմանը։ Կողմերը, նաև հաշվի առնելով գլոբալ էներգետիկ սեկտորում տեղի ունեցող գործընթացները, մտադրություն են հայտնում շարունակել ջանքերը նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում՝ ակտիվացնելով տարածաշրջանային համագործակցությանը նպաստող քայլերը, որպեսզի ուժեղացվի տարածաշրջանի էներգամատակարարման անվտանգությունը:

Արդյո՞ք այսօր ականատեսը չենք հայկական կողմի համար «Թրամփի ուղին», իսկ թուրք-ադրբեջանական կողմից դեռ անվանվող «Զանգեզուրի միջանցք»-ի իրագործմանն ուղղված քայլերին, իհարկե՝ տեսնում ենք: Ավելին, ականատեսն ենք նրան, որ Իրանը փորձում է Հարավային Կովկասում հանդես գալ ոչ միայն՝ որպես անվտանգային, այլև՝ տրանսպորտային և տնտեսական դերակատար: Եվ, ինչպես մեզ հետ զրույցում նկատել էր Իրանի հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանը, «Թեհրանը շարունակում է վերապահումներով վերաբերվել TRIPP-ին, սակայն պատերազմի փորձից հետո ավելի մեծ ուշադրություն է դարձնում ոչ թե նախաձեռնության ամբողջական մերժմանը, այլ, թե ինչպիսի տեղ և դեր կարող է ունենալ այդ գործընթացներում»:
Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, ապա սա և՛ Բաքվի, և՛ Անկարայի համար առաջնահերթ ոլորտ է, որի կարևորությունը գնալով էլ ավելի է ընդգծվում:
168.am-ը գրել էր, որ աշխատանքներ են տարվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հիմնական էներգահամակարգին միացման և Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ:
Այս համատեքստում տեղեկացվել էր, որ կառուցվում է 330 կիլովոլտ լարմամբ և 1000 մեգավատտ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ, որը սկիզբ է առնում Ջրականից (Ջաբրայիլից)», և, որ նախագծի հաջորդ փուլում կկառուցվի հավելյալ 44 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ, որը կհատի «Զանգեզուրի միջանցքը»։
Անցած տարի էլ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հեռանկարներին և հայտնել հետևյալի մասին.
«Քանի որ Նախիջևանը չունի Ադրբեջանի հետ ցամաքային կապ, մենք ներկա պահին նրան բնական գազ մատակարարում ենք Թուրքիայի միջոցով՝ Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։ Վերջին շրջանում ի հայտ է եկել երկրորդ խողովակաշարի կառուցման հնարավորությունը։ Այսինքն, կա հնարավորություն Զանգեզուրից Նախիջևան գազատար կառուցելու: Սրա շնորհիվ էլ հնարավոր է դառնում նաև խողովակաշար անցկացնել Նախիջևանից Կարս, ինչը նոր հեռանկարներ է բացելու»,- մանրամասնել էր նա:
Թուրք-ադրբեջանական անվտանգային պարտավորություններ՝ ըստ Շուշիի հռչակագրի, մինչև ո՞ւր է այն տանում
«Շուշիի հռչակագիրը» ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Փաստաղթղթում, մասնավորապես, նշվում է.
■ Երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ, կողմերն անցկացնելու են համատեղ խորհրդակցություններ՝ այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար։ Կամ հանդես են գալու նախաձեռնություններով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին համապատասխան, և միմյանց անհրաժեշտ օգնություն են տրամադրելու՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Այդ օգնության ծավալն ու ձևը որոշվելու է անհետաձգելի քննարկումների ընթացքում, որոշում է կայացվելու պաշտպանական կարիքների ապահովման համատեղ միջոցառումների իրականացման և ԶՈՒ-ի ուժային և հրամանատարական կառույցների համակարգված գործունեության կազմակերպման վերաբերյալ:
Պարբերաբար կանցկացվեն կողմերի անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր ազգային անվտանգության հարցերով, որտեղ կքննարկվեն ազգային պաշտպանության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, որոնք շոշափում են կողմերի շահերը։
Կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ուղղված երկու եղբայրական երկրների զինված ուժերի վերակազմավորմանը և արդիականացմանը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան:
■ Կողմերը կխրախուսեն պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդմանն ուղղված անձնակազմի փոխանակումը, համատեղ պարապմունքների ու զորավարժությունների անցկացումը, երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության կարողության բարձրացումը: Ադրբեջանն ու Թուրքիան կաջակցեն այլ բարեկամ պետությունների բանակների հետ համատեղ ռազմական զորավարժությունների անցկացմանը։
Կողմերը կխրախուսեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը, կաջակցեն համատեղ հետազոտական ու արտադրական աշխատանքների իրականացմանը, ռազմական նշանակության արտադրանքի և ծառայությունների ոլորտում երկու երկրների պաշտպանական արդյունաբերության կառույցների համագործակցությանը ներքին և միջազգային շուկաներում, և այլն:
Մենք բազմիցս մանրամասն ներկայացրել ենք պատերազմից հետո Թուրքիայի զինված ուժերի և բարձրաստիճան զինվորականության դերն Ադրբեջանի բանակի վերականգնման և թուրքական մոդելի բանակ ունենալու հարցում: Ավելին, հայտնել ենք, որ Ադրբեջանի բանակում բարձր պաշտոններ են վստահում 44-օրյա պատերազմի հերոսներին և թուրքական բանակի նրբություններից տեղյակներին: Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի զինծառայողներն այսօր էլ հատուկ վերապատրաստում են անցնում Թուրքիայում, դեռ մի կողմ ենք դնում Նախիջևանի առանձին համազորային բանակի վրա թուրքական ազդեցությունը, և ամեն տարի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների թվի ավելացումը: Միայն 2025 թվականի համար պլանավորվել էր 30 զորավարժություն, ինչպես նաև՝ ավելի քան 70 համաժողով, սեմինարներ, դասընթացներ՝ շեշտը դնելով թուրքական ռազմական մոդելին ադապտացվելու և մարտունակության բարձրացման վրա։
Այս 5 տարիներին չի անտեսվել բարեկամ երկրների հետ համատեղ զորավարժությունների պահանջը՝ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-Ղազախստան-Կատար-Ուզբեկստան, Պակիստան-Թուրքիա և այլն:
Ինչ վերաբերում է պաշտպանական արդյունաբերությանը վերաբերող հռչակագրի կետերին, ապա մենք գրել ենք, որ վերջին տարիներին թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները սկսեցին հիմնել դուստր ձեռնարկություններ, օրինակ, Բաքվում, Գյանջայում, նպատակ ունենալով տեղայնացնել արտադրությունը և նվազեցնել արտաքին կախվածությունը։
Ըստ տարբեր աղբյուրների, Թուրքիայում գործող մի շարք խոշոր ընկերություններ՝ ASELSAN, ROKETSAN, HAVELSAN, TAI (Turkish Aerospace Industries) և MKE (Mechanical and Chemical Industry Corporation), հիմնել են դուստր ձեռնարկություններ Ադրբեջանում՝ SOCAR-ի և պետական ռազմարդյունաբերության նախարարության հետ համատեղ ծրագրերի շրջանակում։ Ավելին, թուրքական մասնագետները ներգրավված են Ադրբեջանի ռազմական ուսումնական հաստատություններում, իսկ մի շարք համալսարաններում ստեղծվել են թուրք-ադրբեջանական տեխնոլոգիական լաբորատորիաներ, ինչը ևս Շուշիի հռչակագրի տրամաբանության մեջ է, որտեղ, ինչպես նշեցինք, խոսվում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում թուրք-ադրբեջանական համատեղ տեխնոլոգիաների զարգացման, համատեղ հետազոտությունների անցկացման, արտադրությունների կազմակերպման մասին:
Նշենք, որ բացի այս, փաստաթուղթը ներառում է ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակում և ռազմական հետախուզության բնագավառում համագործակցություն: Այսինքն, նրանք կարող են միմյանց հետ կիսվել ռազմական անվտանգության վերաբերյալ ստացված տեղեկություններով (գաղտնի, հույժ գաղտնի, հատուկ կարևորության) և օգտագործել այդ տվյալները համատեղ գործողությունների ժամանակ։ Ի դեպ, հուշագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել ցանկացած ժամանակ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հավելենք, որ Թուրքիան և Ադրբեջան բավարար չհամարելով Շուշիի հռչակագիրը, 2025 թվականի հուլիսին ստորագրել էին «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման» փոխըմբռնման հուշագիր:
Հռչակագրում առանձին կետով խոսվում է նաև թյուրքական պետությունների միջև համագործակցության ամրապնդման մասին, ինչի ականատեսն ենք վերջին տարիներին, երբ անգամ համատեղ զորավարժությունների անցկացման և միասնական պաշտպանական համակարգի ստեղծման մասին հայտարարություններ են եղել բարձր մակարդակով: Իսկ թուրքական կողմից ոչ մեկ անգամ հասկացրել են Բաքվին, որ 44-օրյա պատերազմում իրենց հաղթանակը, Շուշիի «ազատագրումը», դա թյուրքական աշխարհի հաղթանակն էր, և այս քաղաքական պրոյեկտի ճարտարապետը Թուրքիան էր, որն անմիջական մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմում, որտեղ իրենց համապատասխան դերակատարումներն են ունեցել այդ ժամանակվա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով Ադրբեջանի համար ճակատագրական պահերին կարևոր այցեր է կատարել, ինչին մանրամասն անդրադարձել ենք։
44-օրյա պատերազմի օրերին կարևոր դերակատարում է ունեցել Հաքան Ֆիդանը, ով այդ ժամանակ ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, և 44-օրյա պատերազմից ոչ անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից պարգևատրվել էր, ըստ էության, նաև 2020թ. պատերազմում կատարած առաքելության համար:
Փաշինյանը՝ թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագրի անուղղակի երրորդ կողմ
Իսկ թուրք-ադրբեջանական ռազմավարական փաստաթղթում չէր կարող անդրադարձ չլինել Հայաստանին առնչվող պատմական փաստերին:
■ Կողմերը կխրախուսեն սփյուռքի գործունեության համակարգումն ու փոխադարձ աջակցությունը՝ իրենց երկրները ներկայացնելու և ազգային շահերի պաշտպանության հետ կապված պատմական ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու գործում։
Կողմերը, ընդգծելով, որ Թուրքիայի դեմ Հայաստանի «անհիմն» (չակերտները.- Մ.Պ.) պահանջները, պատմությունը խեղաթյուրելու և պատմական փաստերը քաղաքականացնելու փորձերը վնաս են հասցնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, այս համատեքստում վճռականորեն աջակցում են 1915 թվականի իրադարձությունների հետ կապված իր արխիվները բացող Թուրքիայի ջանքերին, որոնք մղում են Հայաստանում և այլ երկրներում արխիվների բացմանն ու պատմաբանների կողմից այդ թեմայով հետազոտությունների իրականացմանը։
Կողմերը կապահովեն անհրաժեշտ հասարակական աջակցության ցուցաբերումը երկու ժողովուրդների ընդհանուր արժեքների կարևոր դրսևորումներին, կիրականացնեն համատեղ գործունեություն պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:
Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության որդեգրած քաղաքականությունն Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպանական գործողությունները մոռացության մատնելը բխում են նաև Բաքու-Անկարա Շուշիի հռչակագրից, այսինքն, ՀՀ գործող իշխանություններն անուղղակի կողմ են դարձրել մեր երկիրն այս հակահայկական փաստաթղթին: Մինչդեռ նույն այս հռչակագրից կարող ենք ենթադրել, որ Թուրքիան դե յուրե և դե ֆակտո աջակցում է «արևմտյան Ադրբեջան» Ալիևի քաղաքական պրոյեկտին, որի հիմքում դրվել են մարդու իրավունքները, պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը:

Արդյո՞ք կա երաշխիք, որ Շուշիի հռչակագրից բխող նաև այս պրոյեկտի իրականացումը չենք արձանագրելու, երբ 2021 թվականից հետո բոլոր զարգացումները ցույց են տվել, որ Շուշիի հռչակագրում ոչինչ դեկլարատիվ չէ: Իհարկե՝ ոչ:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2022-ի փետրվարին էլ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Կրեմլում ստորագրել էին ՌԴ և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, ըստ էության, սա էլ իրենից սուտ դեկլարացիա չի ներկայացնում:

