Հանպատրաստից հեղափոխություններ չեն լինում. իշխանության գալու և մնալու գինն Արցախի հանձնումն է. Սիրանուշ Սահակյան

Արցախի ամբողջական շրջափակմամբ պայմանավորված՝ 168.am-ի արտակարգ թողարկման Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

  • Բնականաբար, Արցախյան խնդրում դոմինանտ են քաղաքական գործոնները, սակայն իրավական գործընթացներում դրանց դերը փոքր-ինչ նվազեցվում է:
  • Բանակցային գործընթացում Հայաստանը ճիշտ դիրքավորված չէ, և այս առումով ես դրական եմ գնահատում Ադրբեջանի դեմ անհապաղ միջոց կիրառելու՝ մեր դիմում-խնդրագիրը:
  • Եթե Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 19-ը հետ կանգնի իր դիրքորոշումից, կկանխի ՄԻԵԴ-ի՝ իր դեմ գործողությունը:
  • Չեմ բացառում, որ մինչև դեկտեմբերի 19-ը կբացվի նաև Լաչինի միջանցքը:
  • Եթե ՄԻԵԴ-ը Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառի, դրանք արդյունավետ գործիքներ կլինեն Ադրբեջանի դեմ ճնշումների համար: Եթե տնտեսական սանկցիաներ կիրառեն, օրինակ, գազի գնման ծավալները նվազեցնեն, լուրջ խնդիր կլինի տնտեսության համար, եթե Ալիևյան կլանին կպչեն՝ նույնպես, իսկ եթե քաղաքացիների դեմ կիրառվեն այդ պատժամիջոցները, կլինեն ներքին ընդվզումներ:
  • Կա պատժամիջոցների իրավական և քաղաքական մաս: Իրավական որոշումներին հակազդում են քաղաքական միջոցներով:
  • Դժվար է պատկերացնել, որ եվրոպական 27 երկրների ղեկավարները, անտեսելով իրենց տնտեսական ու քաղաքական շահերը, կկանգնեն հայ ժողովրդի իրավունքների կողքին:
  • Վերջերս ԱՄՆ-ը մարդու իրավունքների օրվա կապակցությամբ սանկցիաներ կիրառեց Ադրբեջանի որոշ քաղաքական գործիչների դեմ:
  • Մենք չպետք է թույլ տանք, որ դեպքերը չփաստաթղթավորվեն ու մնան եվրոպական գործիչների ուշադրությունից դուրս: Իրադրության փոփոխության դեպքում այդ արխիվները կբացվեն:
  • Միջազգային իրավունքում մեծ արժեք են ձեռք բերում պաշտոնատար անձանց, հատկապես գործադիր իշխանության ղեկավարի արտահայտությունները, որոնք հետագայում կարող են նշանակել՝ մեր իրավունքներից հրաժարում:
  • Ադրբեջանցիներն ասում են՝ այն, ինչ չենք կարողացել անել 30 տարում, անում է Փաշինյանը, ասում են՝ հայ ազգից մեր վրեժը լուծեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ընկալվում է՝ որպես ադրբեջանական քաղաքական գործիչ, ոչ թե հայ: Նրա հայտարարությունները չեն սպասարկում հայկական շահը: Դրանք նա անում է դիտավորյալ, մտածված, որոշակի պլանի շրջանակներում:

  • Լաչինի միջանցքը չի գրավվել ադրբեջանցիների կողմից: Այն հոժարակամ նվիրվել է ՀՀ իշխանությունների կողմից, մինչդեռ դրա իրավական նախադրյալները բացակայում են:
  • Նվիրաբերող կողմը՝ ՀՀ-ն, միջանցքի անխափան գործունեության մարդասիրական երաշխիքներ չի ստեղծել:
  • ՀՀ-ն պարտավոր է պաշտպանել սեփական քաղաքացիներին, նաև ազգությամբ հայերին, եթե կա ցեղասպանության վտանգ: Այս սկզբունքն ամրագրված է միջզազգային իրավունքով:
  • Եթե ՀՀ-ն սեփական միջոցներով դա չի կարող իրականացնել, ապա կարող է հրավիրել երրորդ երկրների, որոնք հնարավորություն ունեն անգամ ռազմական աջակցություն ցուցաբերել:
  • Խնդիրը, որ ռուս խաղաղապահների մանդատը հստակ չէ, բարձրացվել է որոշ շահագրգիռ կառույցների կողմից:
  • Միջազգային հանրությունը կարող է այս պահին աջակցել ու ուժեղացնել ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ նպաստելով դրա միջազգայնացմանը, ինչը, իհարկե, քաղաքական դրդապատճառներով չի անի:
  • Հայկական կողմն իմացել է ռուսական մանդատի բնույթի մասին ու համաձայնություն է տվել դրան: Սա ևս պլանավորված գործողությունների մի մաս է:
  • Հայաստանի գործող իշխանության՝ իշխանության գալու ու այն պահպանելու գինն Արցախի հանձնումն էր:
  • Հանպատրաստից հեղափոխություններ չեն արվում, դրանք աջակցվում են, և չեն աջակցվում նեղ խնդիրների, այլ աջակցվում են գլոբալ աշխարհաքաղաքական հարցերի լուծման համար: Հայաստանի գործող իշխանության ղեկավարը համապատասխանել է այդ պայմաններին, ընտրվել ու բերվել է իշխանության, ու դրա գինն Արցախի հանձնումն է:
  • Տարածքների հանձնման մի մասը տեղի է ունենում իմիտացված պատերազմի շրջանակում, մի մասն էլ՝ պատերազմի սպառնալիքի ներքո:
  • Վստահ եմ՝ ստվերային հանդիպումներում քննարկվել է Արցախի կարգավիճակից մեկընդմիշտ հրաժարվելու հարցը, և ՀՀ ներկա իշխանությունները համաձայնություն են տվել դրան:
  • Ցավոք, ընտրվում են այնպիսի տեխնոլոգիաներ, երբ տարածքների հանձնման բեռը կիսվում է հասարակ ժողովրդի հետ:
  • Սյունիքն ունի առանձնահատկություն. հակադրվող շահեր կան, և Իրանն այստեղ գործոն է. իրանական շահը բախվում է արևմտյան շահի հետ: Արցախի հարցում կար կոնսենսուս:

Կարդացեք նաև

  • Մենք պետք է տեսնենք՝ մեծ աշխարհաքաղաքական բլոկների բախման մեջ ո՞վ կշահի:
  • Որպեսզի Արցախը դառնա ճանաչված պետություն, մեզ անհրաժեշտ է միջազգային ճանաչում բազմաթիվ երկրների կողմից: Եթե մենք ունենանք Արցախի ճանաչում Հայաստանի կողմից, որին կմիանա, օրինակ, Ֆրանսիան, շատ լավ է, իսկ եթե Հայաստանը մնա միայնակ, ինչն այդպես էլ կլինի, Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը ես համարում եմ ինքնանպատակ քայլ:
  • Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը սարսափում «Արցախի ինքնորոշում» արտահայտությունից:

Որովհետև Արցախն ինքնորոշվել էր, և այդ ինքնորոշումը կայացած փաստ էր: Ընդ որում, այն ունեցել է միջազգային աջակցություն: Օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կիպրոսի ճանաչումն անթույլատրելի է համարել ու կոչ արել չճանաչել այն: Լեռնային Ղարաբաղի պարագայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նման կոչ չարեց՝ համարելով, որ ինքնորոշման իրացումը տեղի է ունեցել միջազգային իրավունքի սահմաններում: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում էթնիկ մասը դոմինանտ է: Հարցի լուծման բանալին ինքնորոշումն է:

  • Չեմ կիսում այն մոտեցումը, որ Աննա Հակոբյանի գործելակերպը հոգեկան անկայուն վիճակում գտնվող մարդու չգիտակցված գործելակերպ է: Մենք գործ ունենք մտածված գործելակերպի հետ, Արցախի հանձնման այս սցենարում կոնկրետ դեր է տրվել Նիկոլ Փաշինյանի կնոջը, ինչը նպաստում է այն պլանի իրագործմանը, որը նրանք հանձն են առել՝ գալով իշխանության:
  • ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի կողմից գերիների տարբեր թվեր են ներկայացվում, և, իսկապես, որպես ելակետ՝ դրվում են Ադրբեջանի կողմից պաշտոնականացված թվերը, ինչն իրականության հետ կապ չունի: Բացի 33 պաշտոնականացված գերիներից, կան նաև 80 գերիներ, որոնք չի հաստատում Ադրբեջանը, այսինքն՝ ընդհանուր 113 գերի:
  • Մեր փաստահավաքությունը, բացի հայրենադարձված 17 գերիներից, հավաքագրել է փաստեր, որ Ջերմուկի մարտերի ժամանակ գերեվարվել են նաև 15 այլ անձինք, որոնք գնդակահարվել են հատուկ դաժանությամբ՝ մարտական գործողություններին ակտիվ մասնակցության համար: Միջազգային հետաքննող լրագրողների կողմից հաստատվեց նաև Սև լճի Իշխանասարի մոտակայքում 9 գերիների գնդակահարման՝ մեր կողմից ներկայացված տեսանյութի՝ իրական լինելու փաստը:
  • Այս իրավիճակից ելքն իշխանափոխությո՞ւնն է… Հասարակությունը պարտավոր չէ ենթարկվել ցանկացած որոշման, որը կայացնում է իշխող քաղաքական ուժը, և այդ անհնազանդությունը կարող է դրսևորվել իշխանափոխությամբ և ոչ միայն իշխանափոխությամբ:
  • Բարձր լեգիտիմությունն ավելի խոցելի դարձրեց իշխող քաղաքական ուժին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս