Հաջորդ քայլով ի՞նչ է անելու, իրեն փաշայի կոչո՞ւմ է տալու. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի ընտրությունների գնահատականը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տալու է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությամբ, որտեղ արտացոլված կլինեն բոլոր հարցերի պատասխանները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) երեկվա արտահերթ նիստին, որում ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ ընտրության վերջնական արդյունքները։
ԱԺ պատգամավորի խոսքով՝ ԿԸՀ-ի որոշման լեգիտիմության մասին խոսելն անհեթեթություն է։
«Ընտրությունների գնահատականը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տալու է Գործադիր մարմնի հայտարարությամբ, որտեղ արտացոլված կլինեն նաև Ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Վահագն Հովակիմյանի այսօրվա պարզաբանումը շատ հետաքրքիր էր։ Այնքան աբսուրդային է եղել երեկվա որոշումը, որ ժամանակը չի բավարարել այդ հիմարությունները հորինելու։ Արդեն ծիծաղ է առաջացնում այս ամենը, որովհետև ի՞նչ է նշանակում՝ ՀՀ քաղաքացիների որոշումը բանի տեղ չդնել։ Ես ուզում եմ, որ բոլորը ֆիքսեն՝ Փաշինյանն ասում է հետևյալը. «Ես թքած ունեմ՝ դուք ինչ եք ասում, բոլորդ՝ դիմադիր, ընդդիմադիր, նախկին, ներկա»։ Հաջորդն ի՞նչ է լինելու, «փաշայի» կոչո՞ւմ է տալու իրեն»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում։ Արդյունքում՝ ԲՀԿ-ի քվեները նվազել էին, և կուսակցությունը չէր հաղթահարել 4 տոկոսի ընտրական շեմը։
Հունիսի 14-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստում հրապարակեց ԱԺ ընտրության վերջնական արդյունքները, ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 726 819 քվե կամ քվեների 49.74 տոկոսը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 006 քվե կամ քվեների 23.27 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 144 983 քվե կամ քվեների 9.92 տոկոսը, ԲՀԿ-ն՝ 58 287 քվե կամ քվեների 3.98 տոկոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։

