«Ամոթից գետինը պետք է մտնենք՝ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, իսկ Հաջիևը հանգիստ եկել էր Դիլիջան՝ Ռուբեն Վարդանյանի կառուցած պարկում զբոսնում էր, ձեռքն էլ գրպանը դրած». Արգամ Հովսեփյան
Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանի համար անհասկանալի է հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները և դրանց արդյունքները։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզից ստացած արդյունքները, քանի որ կան գյուղեր, որոնց մի մասը թշնամու կողմից օկուպացված է, բայց այդ գյուղերից ըստ քվեարկության արդյունքների՝ մեծ մասը քվեարկել է ՔՊ-ի օգտին։
Արգամ Հովսեփյանն ասում է՝ ում հետ խոսում է, ասում են՝ ՔՊ-ին ձայն չեն տվել, հետևաբար՝ հարց է առաջնում՝ այդ ձայները որտեղի՞ց։
«Ընտրություններից հետո խոսում եմ մարդկանց հետ, դեռ չեմ հանդիպել մեկին, որ ասի, որ ՔՊ-ին է ընտրել, պատկերացնո՞ւմ եք։ Եթե չեն ընտրել, բա այս մարդն ինչպե՞ս է ընտրվել, իհարկե, այս ամենը զարմանալի է։
Ես, իհարկե, Սյունիքի հետագան պատկերացնում եմ՝ անկախ այս ամենից, Սյունիքը միշտ էլ Սյունիք է մնալու, կապ չունի՝ այստեղից Նիկոլին շա՞տ են ընտրել, թե՞ քիչ: Թող իսկական սյունեցին քիչ լինի, բայց որակյալ լինի։ Ոչինչ, այս արհավիրքը կգա ու կանցնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը՝ խոսելով համապետական ընտրությունների և Սյունիքում կատարած քվեարկության ընդհանուր արդյունքների մասին։
Ինչ վերաբերում է Սյունիքի օկուպացված տարածքներին, Արգամ Հովսեփյանն ասաց՝ տարածքներն ազատելու մասին խոսելուն զուգահեռ, չպետք է մոռանալ նաև Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ պատանդներին ու ռազմագերիներին։
«Ինչո՞ւ այս «ժողովրդավար» իշխանությունը չի խոսում Բաքվում պահվող գերիներից, Ադրբեջանը Հայաստանում թեկուզ մեկ գերի ունի՞, իհարկե չունի։ Մենք ամոթից պետք է գետինը մտնենք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, իսկ Հաջիևը այսօր հանգիստ եկել էր Դիլիջան՝ Ռուբեն Վարդանյանի կառուցած պարկում զբոսնում էր։ Սա բոլորիս ամոթն է, մենք այսպես հանգիստ նստած՝ Հաջիևը գալիս է Դիլիջան՝ ձեռքն էլ գրպանը դրած։
Արմեն Գրիգորյանին էլ չգիտեմ՝ ինչ ասեմ… ցավոք, Արցախից էլ է։ Խնդիրները շատ են ու մինչև մեր երկրում իշխանափոխություն չլինի, որևէ բան չի փոխվելու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իշխանափոխությունը Հայաստանում պատկերացնում է արտահերթ ընտրությունների միջոցով, սակայն վստահ է՝ քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, հնարավոր չէ պատկերացնել ազատ ու արդար ընտրություններ։
Մեր զրուցակցի կարծիքով՝ իշխանափոխության ճանապարհներից մեկն էլ կարող է փողոցային պայքարը լինել։
«Կփոխվի, ամեն բան մեր երկրում կփոխվի, այսպես չի մնա»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդից հայտնել էին, որ հունիսի 14-ին Դիլիջանում տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:
Հիշեցնենք նաև, հունիսի 7-ին համապետական ընտրությունների նախնական արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 4 % ձայն, ըստ որի՝ մտնելու էր խորհրդարան։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որից հետո ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն՝ դուրս մնալով ԱԺ-ից։ Դրանից հետո ընդդիմությունը բողոքի ակցիա անցկացրեց ԿԸՀ շենքի մոտ՝ պահանջելով վերաքվեարկություն կամ նոր ընտրությունների անցկացում։

