Հենց այնպես չի, չէ՞, Ռիչարդ Մուրը հասել այստեղ. Քաղտեխնոլոգ

Հակառակ միջազգային բազմաթիվ կոչերի ու հայտարարությունների՝ արդեն 10 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Ու թեև Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաներով միջազգային տարբեր դերակատարներից պահանջել խնդրի շուտափույթ լուծում, այդուհանդերձ, քաղաքական ու փորձագիտական տարբեր շրջանակներ շեշտում են՝ խնդրի հասցեատերը նախ Հայաստանի իշխանություններն են:

«Հասցեատերը նախևառաջ պետք է լինի ՀՀ իշխանությունը, որովհետև խոսքն առնվազն 120.000 ՀՀ քաղաքացիների գոյաբանական խնդրի մասին է»,- 168.am-ի հետ զրույցում այս արձանագրումն արեց նաև քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ հիշեցնելով ՀՀ կառավարության ծրագիրը, որը պարտադրում է ՀՀ իշխանություններին զբաղվել ոչ միայն Արցախի անվտանգության հարցերով, այլ նաև՝ ՀՀ 120.000 քաղաքացիների խնդիրներով:

Վերլուծաբանը չի ժխտում նաև միջազգային տարբեր կառույցներին, տարբեր երկրների դեսպանատներին դիմելու կարևորությունը, սակայն դրանց արդյունավետությունը դիտարկում է հասցեատեր ենթադրվող այդ երկրների շահերի համատեքստում:

«ՀՀ իշխանությունները հարցը ներկայացնում են՝ որպես հումանիտար ճգնաժամ. իրենք այդ հարցը բարձրացնում են մոտավորապես նույն ռակուրսով, ինչը կաներ որևէ դիտորդ երկիր, մինչդեռ բոլորը հասկանում են՝ հարցը ոչ միայն քաղաքական է, ոչ միայն տարածաշրջանային է, այլև՝ աշխարհաքաղաքական: Հետևաբար՝ ռեակցիաները բխում են և բխելու են կոնկրետ երկրների շահերից ելնելով և նաև՝ թե այն կոֆիգուրացիաների ընդհանուր շահերից ելնելով, որոնց մասն են այդ երկրները:

Կարդացեք նաև

Խնդիրը նաև այն է, որ հայտարարությունները, որոնք արվում են, ներառյալ ՄԱԿ-ում հնչած հայտարարությունները, արդյոք իրենց տակ հարց լուծելու կոնկրետ մեխանիզմներ ունե՞ն: Այսինքն՝ եթե հայտարարում ես, որպեսզի դեբլոկադա անեն Լաչինի միջանցքը, դա իմաստ կունենա այն ժամանակ, երբ դրա տակ դրված է նաև այդ հարցը լուծելու որևէ մեխանիզմ»,- մանրամասնեց նա:

Վիգեն Հակոբյանի կարծիքով, այս պահին խնդրի լուծման երկու մեխանիզմ կա՝ Հայաստանի ուժային մասնակցությունը կամ բանակցությունները:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանություններն առաջին տարբերակի մասին նույնիսկ չեն էլ ուզում մտածել և պարբերաբար դատապարտում են կոչերը, որոնք ենթադրում են նման լուծում. «Ասում են՝ պատերազմ ե՞ք ուզում: Եթե նույնիսկ ունենայինք ռեսուրսային բանակ, չունենք քաղաքական կամք, որպեսզի այդ բանակը գործի մեջ դրվի, որովհետև խաղաղության դաաշարջանի դրսի հեղինակները, որոնց օպերատորը ՀՀ իշխանություններն են, չեն նախատեսում բանակի օգտագործում:

Իսկ եթե դու չես ուզում կռվել, չես ուզում քեզ պաշտպանել, այս ամիսներին նույնիսկ  ամենառոմանտիկ հայերն էլ հասկացան, որ ոչ ոք չի գալու քո փոխարեն քեզ պաշտպանի: Դա հասկացավ մեր հասարակության այն հատվածը, որ հույսը դնում է, թե ռուսները կամ Արևմուտքը կգան մեր անվտանգության խնդիրները կլուծեն, իսկ մենք Կասկադի սրճարաններում սուրճ կխմենք, գուցե հասկացավ նաև այն 680.000 մարդը, որ 2021 թվականին ընտրել էր այսօրվա իշխանություններին:

Այժմ երկրորդ ճանապարհն է մնում՝ բանակցային. պարզ է, որ ՀՀ-ն այստեղ էլ առանձնապես ռեսուրս չունի մենակ բանակցելու: Սա նշանակում է, որ դու չես կարողանում քեզ վրա ճնշում գործադրող Ադրբեջանի հետ հավասարը հավասարին առևտուր անել (իսկ բանակցությունը քաղաքական առևտուր է): Այսինքն՝ այդ միջանցքը կարող է բացվել միայն ինչ-որ բանի դիմաց, գին է ունենալու. այդ գինը  խաղաղության պայմանագի՞րն է, ստորագրությամբ Արցախից հրաժարվե՞լն է, թե՞ միջանցքի հարցում ինչ-որ զիջումների գնալը, կամ տեխնիկական՝ սարքավորումներ տեղադրելը, որ ադրբեջանցիները վերահսկեն ճանապարհը, դժվար է ասել: Կարծում եմ՝ հենց դրա մասին են բանակցությունները:

Ընդ որում, այդ բանակցությունները չեն ընթանում խաղաղապահ ուժերի հրամանատարության ու էկոլոգների միջև։ Պարզ է՝ ավելի բարձր կաբինետներում են  դրա շուրջ խոսում, ինչի վկայությունն է նաև Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի այցը Հայաստանը: Հենց այնպես չի, չէ՞, Ռիչարդ Մուրը հասել այստեղ, որ հանդիպի ՀՀ ղեկավարի հետ: Հավատացեք ինձ՝ Ռիչարդ Մուրի կարգավիճակն աշխարհում շատ ավելի բարձր է, քան ՀՀ վարչապետի կարգավիճակը։ Ուրեմն շատ կարևոր առաջարկներ են եղել ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանին, որն օրեր առաջ Լոնդոնում էր և որն այդ առաջարկները բերեց Նիկոլ Փաշինյանին, ու, ամենայն հավանականությամբ, դրանց առնվազն մի մասը գոնե ընդունելի են, որ նա իր ոտքով եկել հասել է այստեղ,  որպեսզի ֆիքսի դա»:

Ամփոփելով՝ վերլուծաբանը նշեց, որ Լաչինի միջանցքի փակումը աշխարհակարգային գործընթացների համատեքստում պետք է դիտարկել. այն փորձ է՝ արագացնել առկա գործընթացները:

Տեսանյութեր

Լրահոս