
«Փաշինյանը մերժել է ընդունել անհայտ կորածի հարազատին՝ ասելով, որ այդ հարցերով չի զբաղվում. Լավրովին նամակ ենք փոխանցել». Անհայտ կորածի հարազատ

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախում տեղի ունեցած պատերազմի և նույն թվականի սեպտեմբերի 25-ին Ասկերանի ճանապարհին տեղի ունեցած պայթյունի ժամանակ անհետ կորած անձանց հարազատները շարունակում են ՀՀ-ում բախել պետական տարբեր մարմինների դռներ՝ հուսալով, որ որևէ տեղեկատվություն կստանան անհայտ կորած անձանց մասին։
Շուտով կդառնա 2 տարի՝ ինչ անհայտ կորած անձանց հարազատները փորձում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրանից հետաքրքրվելու՝ Ալիևի հետ հանդիպելիս անհայտ կորածների հարցը բարձրացնո՞ւմ է, սակայն չի ստացվում՝ Փաշինյանը նրանց չի ընդունում։
168.am-ի հետ զրույցում անհայտ կորած անձանցից մի քանիսի հարազատներն ասացին, որ Քննչական կոմիտեի համապատասխան պաշտոնյաների հետ պարբերաբար հանդիպում են, սակայն որևէ դրական առաջընթաց չկա. Քննչականից ասում են՝ աշխատանքներ են տարվում, և վերջ։
«Խնդրի հետ կապված որևէ նորություն չկա, ասում են՝ զբաղվում ենք։ Մայիսի 21-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը եկել էր Հայաստան, անհայտ կորած անձանց խնդրի վերաբերյալ նամակ ենք գրել ու փոխանցել նրան, տեսնենք՝ ինչ կլինի։
Հիմնական հանդիպումները Քննչականի հետ են, բայց ԱԱԾ-ի հետ էլ ենք հանդիպում»,- նշեցին նրանք։
Մեր զրուցակիցներից մեկն էլ ասաց, որ անհայտ կորած անձանցից մեկի հարազատը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հանդիպում, սակայն վերջինս մերժել է։
«Նրան մերժել է ընդունել՝ ասելով, որ այդ խնդրով ինքը չի զբաղվում, զբաղվում է ԱԱԾ-ն։ Փաստացի Նիկոլ Փաշինյանն է Ալիևի հետ բանակցում, բայց պարզվում է՝ անհայտ կորած անձանց հարցով չի զբաղվում։
Հիմա մենք ճանապարհներ ենք փնտրում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու համար, բայց այդ առումով էլ դեռևս առաջընթաց չկա, չգիտենք՝ կհաջողվի՞ նրան տեսել, անձամբ մեր խնդիրը ներկայացնել, թե՞ ոչ»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ նախորդ տարի գարնանն անհայտ կորած անձանց հարազատները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին, նրանց մի մասը պահանջում էր, որպեսզի նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախում հուղարկավորված անձանց արտաշիրմում իրականացնեն և տեղափոխեն Հայաստան՝ այստեղ վերահուղարկավորելու համար։
Ակցիայի մասնակիցների մի մասն էլ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով առայսօր անհետ կորածների հարազատներն էին։
Նրանք պահանջում էին, որպեսզի Կառավարության ղեկավարը քայլեր ձեռնարկի՝ այդ անձանց ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն հաղորդելու համար։
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի լրագրողների հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասել էր, որ ԿԽՄԿ պատվիրակության տվյալներով՝ առաջին հակամարտությունից` 1990-ականներից, և 2020–2023 թթ. ռազմական գործողություններից հետո հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ։
Նշենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ասկերանի ճանապարհին բենզինի պայթյունի հետևանքով զոհվել է 238 մարդ, 22-ի ճակատագիրը մինչև այս պահն անհայտ է։ Իսկ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ երեխաներ։