
Լավրովի հայտարարությունները ՌԴ կողմից փորձ է՝ վերահաստատելու իր դերը տարածաշրջանում և կանխելու ՀՀ արտաքին քաղաքականության հնարավոր շեղումները դեպի այլ դերակատարներ. Շիրազ Խաչատրյան

168.am-ը գրել է, որ Ադրբեջանն օկուպացված տարածքներում Իրանի հետ զորավարժություն է անցկացրել և փորձել այն ներկայացնել՝ որպես աշխարհաքաղաքական հարված ՀՀ-ին: Արդյո՞ք այն մեսիջ ունի և ինչպիսի՞, այդ թվում՝ Իրանից կողմից, ով հետ չի կանգնել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված իր դիրքորոշումից:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժություններն Արցախի հարավային տարածքներում բազմաշերտ ուղերձներ ունեն, որոնք ուղղված են՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ արտատարածաշրջանային դերակատարներին։ Նախ՝ Բաքուն համագործակցելով Թեհրանի հետ, ամեն անգամ փորձում է լեգիտիմացնել իր վերահսկողությունն Արցախի տարածքների նկատմամբ, ցույց տալով, որ նույնիսկ Իրանը, որը նախկինում համարվում էր Հայաստանի բարեկամն ու դաշնակիցը, այժմ ավելի խորքային ձևով է համագործակցում Բաքվի հետ։ Սա նաև հնարավորություն է տալիս Բաքվին բազմազանեցնել իր արտաքին քաղաքականությունը և նվազեցնել կախվածությունը Թուրքիայից ու Ռուսաստանից։
Էլ չեմ ասում, որ ուղերձ է նաև Հայաստանին՝ ցույց տալու, թե տարածաշրջանում ուժերի բալանսն ում կողմն է։ Իրանն ու Ադրբեջանը համագործակցելով՝ փորձում են ցույց տալ, որ տարածաշրջանի խնդիրները կարող են լուծվել տարածաշրջանային համագործակցության միջոցով՝ առանց արտատարածաշրջանային դերակատարների միջամտության։ Զորավարժություններն ուղերձ են նաև Արևմուտքին՝ ցույց տալու, որ տարածաշրջանում կարող են ձևավորվել նոր դաշինքներ։
Իրանը, հավանաբար, նաև «թաքնված» ուղերձ է փորձում հղել Իսրայելին ու Թուրքիային, ցույց տալով, որ Թեհրանը կարողանում է վերահսկել իր սահմանների անվտանգությունը և կանխել Իսրայելի ազդեցության տարածումը Հարավային Կովկասում։ Այնպես որ, ամեն մի այսպիսի իրադարձություն տարածաշրջանում՝ դրա սահմաններից դուրս, իրենց մեջ հստակ ուղերձներ են պարունակում, պարզապես պետք է հասկանալ և գտնել հասցեատերերին։
– Այսօր Հայաստան-Իրան պաշտպանական համագործակցությունը ևս ակտիվանում է և նոր որակ ստանում:
– Այս գործընթացները ևս պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության, աշխարհաքաղաքական և նաև փոխադարձ շահերի համատեքստում։ Եթե ձեր հարցադրմամբ ավելի շատ նկատի ունեք ապրիլի 9-10-ի Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը, ապա ռազմական տեսանկյունից ինձ համար այդքան էլ պարզ չէր վարժանքների նպատակը, սակայն հետևելով հատկապես իրանական փորձագիտական շրջանակների կողմից հնչեցրած վերլուծություններին՝ պարզ է դառնում, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, բայցև ընդգծվում են Իրանի կարմիր գծերը՝ կապված հայ-իրանական միջպետական սահմանի անվտանգության և անխախտելիության հետ։
Հայաստանն Իրանի համար կարևոր տարանցիկ միջանցք է Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար: Այսինքն, Իրանը շահագրգռված է ոչ միայն պաշտպանական, այլ նաև միջպետական հաղորդակցման համագործակցությամբ։
– Այո, ինչպես արդեն նշեցինք, Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում հարևանների հետ, բայց դա չի խանգարում պնդել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված իր դիրքորոշումը, հաջողելո՞ւ է այն մինչև վերջ պահպանել, թե՞…
– Իրանը փորձում է որպես բալանսավորող ուժ հանդես գալ, որպեսզի մի կողմից՝ կանխի արևմտյան և իսրայելական ազդեցության խորացումն Ադրբեջանում, մյուս կողմից՝ չթուլացնի հարաբերությունները Թուրքիայի հետ, որի հետ ունի զգայուն տնտեսական և էներգետիկ շահեր։
«Զանգեզուրի միջանցքի» իրագործման դեպքում Իրանի տարանցիկ պոտենցիալը կտրուկ վնասվելու է, անվտանգության սպառնալիքներն էլ ավելի են խորանալու իր սահմանների մոտ, դա պարզից էլ պարզ է։ Եվ չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ արտաքին և ներքին ճնշումներին, Իրանը, ամենայն հավանականությամբ, մինչև վերջ դեմ կլինի միջանցքի բացման գաղափարին, քանի որ այդ խնդիրը գոյաբանական բնույթ է կրում Իրանի համար՝ առնչվելով նրա տարածքային ամբողջականության, սահմանային անվտանգության և ռեգիոնում ազդեցության պահպանման կենսական շահերին։ Սակայն այդ հաջողությունը պայմանավորված է նաև գեոպոլիտիկ բազմաթիվ զարգացումներով, ինչպես նաև՝ հայ-իրանական համագործակցության խորացման գործընթացներով։
– Այսօր ի՞նչ տեսք ունեն ՌԴ-Հայաստան հարաբերությունները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը և Երևանում արած հայտարարություններն ի՞նչ տողատակեր ունեին, ի՞նչ կառանձնացնեք:
– Լավրովի այցը և նրա հանդիպումները ՀՀ ղեկավարության հետ միտված են վերականգնելու և ամրապնդելու երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը։ Նրա այցը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տարածաշրջանում կտրուկ ակտիվացան մյուս դերակատարները՝ Իրանը, Թուրքիան, ինչպես նաև Արևմուտքը։ Նման իրավիճակում Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, նաև՝ Հայաստանի հետ հարաբերությունների միջոցով։ Լավրովի հայտարարությունները կարելի է դիտարկել՝ որպես ՌԴ կողմից փորձ՝ վերահաստատելու իր դերը տարածաշրջանում և կանխելու Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավոր շեղումները դեպի այլ դերակատարներ։
– Իսկ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարաբերությունները զարգացնել, ընդլայնել Իսրայելի և Թուրքիայի հետ, էլ չենք ասում՝ Չինաստանի հետ, եվրոպական երկրների հետ: Մյուս կողմից՝ Հայաստանն էլ, բացի Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության ամրապնդումը, Կիպրոսի հետ է ամուր հարաբերություններ փորձում պահպանել, որքանո՞վ է սա կարևոր:
– Այո, Ադրբեջանը բազմաշերտ ռազմական համագործակցությունների մեջ է ձեր նշած դերակատարների հետ։ Բաքուն իսրայելական զենքի ամենախոշոր գնորդներից է, Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունն ամենաբարձր մակարդակի վրա է՝ համատեղ զորավարժություններից մինչև զինատեսակների համատեղ արտադրություն, Չինաստանի հետ համագործակցությունը խոշոր առումով տեխնոլոգիական է, եվրոպական երկրներից էլ տարբեր ներկրումներ է իրականացնում։ Այս դեպքում Հայաստանը ստիպված է և պարտավոր վարել ընտրողական գործընկերային ռազմավարություն՝ ելնելով իր ռեսուրսներից, գեոպոլիտիկ միջավայրից և ռազմաքաղաքական ճնշումներից։
Եթե նույնիսկ Հայաստանն իր կենսունակության համար չընտրի որևէ առանցք, ապա իրեն կընտրեն շահեր հետապնդող դերակատարները։ Նշենք, որ Ֆրանսիայի և Հնդկաստանի աջակցությունը ռազմական և տեխնոլոգիական առումով հաճախ շարունակական թարմացումների կարիք ունի, Կիպրոսի դերը դեռ սահմանափակ է, սակայն ձեր նշած Հայաստան-Ֆրանսիա-Հնդկաստան-Հունաստան-Կիպրոս առանցքը կարևոր է Հայաստանի համար՝ սպառազինության, տեխնոլոգիաների մատակարարման, և ամենակարևորը՝ քաղաքական աջակցություն ստանալու տեսանկյունից։
– Այս օրերին քննարկումների առարկա է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, թե իրենք Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտի իրական վտանգ կամ ռիսկ են տեսնում, և, որ ԱՄՆ-ը փորձում է այն կանխել: Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք, և ԱՄՆ-ը որքանո՞վ և ի՞նչ շահերից ելնելով պետք է փորձի դա կանխել:
– ԱՄՆ գործողությունները՝ ուղղված Ադրբեջան-Հայաստան նոր հնարավոր կոնֆլիկտի կանխմանը, բխում են ոչ միայն խաղաղասիրական նպատակներից, այլ նաև ռազմավարական շահերից։ Նրա շահն է՝ թույլ չտալ, որ տարածաշրջանում հաստատվի կամ ամրապնդվի Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու գերիշխանությունը։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը փորձում է «արևմտյան» ազդեցության վերահսկողությամբ պահպանել միջանցքների և էներգետիկ հոսքերը։ Իսկ հնարավոր պատերազմը կարող է խաթարել ռեգիոնի միջանցիկ նախագծերը, որոնք կարևոր են Արևմուտքի էներգետիկ անվտանգության համար։ Եվ որքան էլ թվա, թե Հարավային Կովկասն ամերիկյան առաջնային շահերի գոտուց դուրս է, միևնույն է՝ Վաշինգտոնի հայտարարությունները, դիրքորոշումներն ու հռետորաբանությունը երբեք զուտ դիվանագիտական հայտարարություններ չեն, այլ ռազմավարական ազդակներ են գլոբալ և ռեգիոնալ խաղատախտակի ուղղությամբ։
– Թեև գլխավոր խաղացողների շահերից խոսեցինք, ամեն դեպքում, որպես ամփոփում. այսօր Ռուսաստան ի՞նչ դերակատարում կամ դեր ունի Հարավային Կովկասում, ի՞նչ դերակատարում՝ ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը՝ առանձին վերցրած, նրանցից ովքե՞ր և ո՞ր հարցում են իրար հետ համագործակցում, որո՞ւմ՝ մրցակցում:
– Շատ բարդ հարց եք ուղղում։ Եթե ձեր նշած պետություններին առանձին-առանձին դիտարկենք, ապա Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ավանդական հենասյունն է, ԱՄՆ-ը՝ կայունություն հավասարակշռողը, Իրանը հանդես է գալիս՝ որպես սահմանների անձեռնմխելիության երաշխավոր, Թուրքիան՝ պանթյուրքիստական ծրագրի կրող, Չինաստանը տնտեսատրանսպորտային աճող ներկայությամբ է հանդես գալիս, Հնդկաստանն էլ փորձում է մասնակցել միջազգային տարանցիկ խաղերին։
Գլոբալ անվտանգության, տարանցիկ նախագծերի, տեխնոլոգիական ազդեցության և այլ ասպարեզներում ձևավորվում են հստակ ճամբարներ և փոխբախվող շահեր։
Ոչ մի երկիր այստեղ լիակատար գերիշխանություն չունի, նույնիսկ, եթե տեսողական դիագրամային պատկեր ունենանք՝ ուժային առանցքներով, այսինքն, նրանց համագործակցության և մրցակցության այնքան գծեր խառը կհատվեն, որ առաջին հայացքից մենք էլ կխճճվենք։ Տարածաշրջանում դերակատարների միջև չկա լիարժեք բարեկամություն կամ թշնամանք, կան փոխկապակցված շահեր, որոնք ժամանակավորապես համընկնում են, բայց խորքում առկա են բախման թաքնված օջախներ: