Բաժիններ՝

Որքանո՞վ են ԱԹՍ տեխնոլոգիաները հետաքրքրում հայ երիտասարդներին՝ տեղական արտադրությունից մինչև միջազգային մրցաշարեր

Վերջին տարիներին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դերը զգալիորեն աճել է ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանը, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակը և տեխնոլոգիական զարգացումները խթանեցին այս ոլորտի ակտիվացումը։ ԱԹՍ-ներն այսօր կիրառվում են՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքացիական և գիտական նպատակներով՝ դառնալով մի ոլորտ, որտեղ Հայաստանը սկսում է ունենալ իր տեղը։

ԱԹՍ-ների արտադրությունը Հայաստանում զարգանում է մի քանի ուղղությամբ՝ պետական, մասնավոր և ստարտափ ոլորտներում։

Մասնավոր սեկտորում մի շարք ինժեներական թիմեր և տեխնոլոգիական ընկերություններ արդեն իսկ նախագծում և արտադրում են տարբեր տիպի անօդաչու սարքեր։ Որոշ ընկերություններ աշխատում են նաև արտահանման ուղղությամբ։

Ահա մի քանի հայտնի կամ նշանավոր օրինակներ՝

X-55

Առաջին լիարժեք տեղական արտադրության հետախուզական ԱԹՍ-ներից է։

Krunk UAV

Թեթև կառուցվածք ունեցող հետախուզական սարք, որը կարող է կիրառվել՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքացիական նպատակներով։

Արցախ-2020

Հարվածային հնարավորություններով ԱԹՍ, որը համատեղում է հետախուզական և գրոհային ֆունկցիաները։

GeoScan Armenia-ի քաղաքացիական ԱԹՍ-ներ

Օգտագործվում են քարտեզագրման, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների մոնիտորինգի համար։

Հայաստանում արդեն ձևավորվում է կրթական և ինովացիոն միջավայր, որը հնարավորություն է տալիս հետաքրքրվողներին սովորել ԱԹՍ-ների նախագծում, կառավարման համակարգեր, արհեստական բանականություն և ռոբոտատեխնիկա։

Կան մի շարք հետազոտական կենտրոններ և կրթական հարթակներ, որոնք երեխաներին առաջարկում են սկսել ԱԹՍ-ների ոլորտում իրենց ուղին.

Armath լաբորատորիաներ– դպրոցականների համար հասանելի հիմունքային կրթություն ինժեներիայի և դրոնների ոլորտում։

TUMO Labs– առաջարկում են գործնական փորձառություն տեխնոլոգիական նախագծերում, այդ թվում՝ ԱԹՍ-ների։

ISTC, FabLab Armenia, MakerLab
– տրամադրում են գործնական տարածքներ և ուսուցում՝ սարքավորումների հավաքումից մինչև ծրագրավորում։

ԱԹՍ-ները Հայաստանում վերածվում են ոչ միայն ռազմական անհրաժեշտության, այլև գիտատեխնիկական առաջընթացի շարժիչ ուժի։ Հետաքրքրված երիտասարդները կարող են ընտրել կրթական ուղիներ և պրակտիկ ծրագրեր, որոնք թույլ կտան զարգացնել անհրաժեշտ հմտություններ։

Հայաստանում կան նաև մասնավոր կազմակերպություններ, որոնք հետաքրքրվում են ոլորտով: Օրինակ, ArmDrone Community-ը Հայաստանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) սիրահարների և մասնագետների համայնք է, որը հիմնադրվել է 2022 թվականին։ Համայնքի առաքելությունն է զարգացնել ԱԹՍ-ների մշակույթը Հայաստանում՝ հատկապես կենտրոնանալով FPV (First Person View) դրոնների սպորտային մրցարշավների և կրթական ծրագրերի վրա։

Կրթական ծրագրեր. Համայնքը տրամադրում է անվճար հայերեն լեզվով տեսադասեր, որոնք ընդգրկում են ԱԹՍ-ների կառուցման, ծրագրավորման և շահագործման հիմունքները։ Այս դասերը հասանելի են YouTube-ում՝ ArmDrone Community ալիքում։

Համայնքային զարգացում. ArmDrone Community-ն ստեղծում է հարթակ, որտեղ ԱԹՍ-ների սիրահարները կարող են կիսվել իրենց փորձով, համագործակցել և մասնակցել տարբեր միջոցառումների։

FPV դրոնների մրցաշարեր. ArmDrone Community-ն կազմակերպում է տարբեր մրցաշարեր, այդ թվում՝ «Mini Whoop Drone Racing», որը 2025 թվականի մայիսի 25-ին կանցկացվի Երևանում՝ Ucom-ի աջակցությամբ։ Մրցաշարը նպատակ ունի զարգացնել FPV դրոնների սպորտը Հայաստանում և խթանել երիտասարդների տեխնոլոգիական կրթությունը։

Մրցարշավը կմեկնարկի ժամը 11:00-ին և կտևի մինչև 18:00-ն։ Տարբեր երկրներից ժամանած մասնակիցները կմրցեն միմյանց հետ, հաղթողներին կտրվեն մրցանակներ։

ArmDrone community-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը 168-am-ի հետ զրույցում նշում է, որ այս միջոցառումն առանցքային նշանակություն ունի Հայաստանում ԱԹՍ-ների օպերատորների համայնքի զարգացման համար։


«FPV Racing մարզաձևը խթանում է երիտասարդների հետաքրքրությունը դրոնների կառավարման նկատմամբ և նպաստում է ռազմավարական կարևորության ոլորտի զարգացմանը։

Ունենալու ենք երեք անվանակարգ` սկսնակներ, միջիններ, պրոֆեսիոնալներ` յուրաքանչյուրում երեք հորիզոնական։

Այս տարի միջոցառումն ունենալու է մասնակիցներ նաև արտասահմանից` Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Բելառուսից։

Միջոցառմանը մասնակցելու են միջազգային չեմպիոններ` լավագույնները։ Քանի որ մասնակիցների քանակը շատ է, այս տարի ունենալու ենք նախընտրական փուլ։ Նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել, իսկ մյուս տարի արդեն նախատեսում ենք միջազգային մրցույթ անցկացնել»։

Հայկ Կարապետյանի խոսքով` մրցույթը նախորդ տարիներին անցկացվել է իրենց թիմի, ԱԹՍ ոլորտի սիրահարների կողմից, բայց արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել և ունի աջակիցներ, հովանավորներ։

Թիմն արդեն ստացել է մի շարք հրավերներ տարբեր երկրներից։

«Որպես ֆեդերացիա՝ գրանցվել ենք Multy GP-ի ստանդարտով: Multi GP-ն դրոնների ամենամեծ ֆեդերացիան է։ «Այդ ստանդարտով միջոցառումներ տարածաշրջանում կարող ենք անցկացել մենք և Վրաստանը։ Ի դեպ, հրավեր ենք ստացել Վրաստանից, լավ թիմ ենք հավաքում, որ շուտով մեկնենք»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս