
Վահագն Խաչատուրյանի տարեկան եկամուտն ավելացել է

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, ով ներքաղաքական կյանքում աչքի է ընկնում պասիվ կեցվածքով, ում մասին ավելի հաճախ հիշում են ինչ-ինչ պաշտոնական հերթապահ հյուրընկալությունների, թաղման արարողությունների, տոնական ուղերձների, ցավակցական հեռագրերի ժամանակ, օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել տարեկան հայտարարագիրը։
Վահագն Խաչատուրյանն այս հայտարարագրում ներկայացրել է տեղեկություններ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին։
Ըստ այդ հայտարարագրի՝ 2024 թվականին ևս պաշտոնյան պահպանել է նախորդ տարիներին հայտարարագրած 4 անշարժ գույքը, որոնցից երկուսը` Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում ու Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող հողամասերը, նա ստացել է իբրև ժառանգություն 2017 թվականին, իսկ մյուս երկուսը` Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանն ու ավտոտնակը՝ իբրև նվիրատվություն` 2002թ.։ Բոլոր գույքերը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։
Նրա բանկային մի քանի հաշիվների մնացորդները տարվա ընթացքում հետևյալ փոփոխությունն են կրել․ տարեսկզբի 35 միլիոն 804,669.2 դրամը տարեվերջին կազմել է 50 միլիոն 410,410.2 դրամ, 4,583,669.87 դրամը՝ 3,804,895.7 դրամ, 152.9 դոլարը՝ 142.51 դոլար, 1,089.46 դոլարը՝ 509.69 դոլար։
Վահագն Խաչատուրյանի կանխիկ միջոցները տարվա ընթացքում աճել են՝ տարեսկզբի 1,200,000 դրամի և 18,000 դոլարի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 1,200,000 դրամ և 20,000 դոլար։
Պաշտոնյայի հաշվետու տարվա՝ 17 միլիոն 154,414 դրամ եկամուտը գոյացել է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 8,236,300 դրամ։
Նախորդ տարի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նախագահի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրյանի հաշվետու տարվա եկամուտները, որոնք դարձյալ գոյացել էին միայն Նախագահի աշխատակազմից ստացած աշխատավարձից, կազմել էին 15 միլիոն 794.400 դրամ։
Վահագն Խաչատուրյանն ապրում է տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի, և որդու՝ Արամ Խաչատուրյանի հետ, նրանց հայտարարագրերը, սակայն, դեռևս չեն հանրայնացվել ԿԿՀ կայքում։ Անահիտ Մինասյանն աշխատում է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր փորձագետ, Արամ Խաչատուրյանը՝ «Արմենիան քարդ» («ԱՐՔԱ») քարտերով վճարումների համակարգ ՓԲԸ-ում։