
«Կարևոր է, որպեսզի հասարակության գիտակից հատվածն աջակցություն հայտնի Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը». Արշակ Աբրահամյան

Մայիսի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացրել, որի արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:
Բոլոր խմբակցություններից նիստին ներկա 28 պատգամավորները կողմ են քվեարկել Աշոտ Դանիելյանի թեկնածությանը, 4 պատգամավոր հարգելի պատճառներով ներկա չի եղել։
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվում գերության մեջ է, իսկ մայիսի 21-ին լրացել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, ուստի նախագահի լիաորությունները պետք է կատարի ԱԺ նախագահը։ Ստեղծված իրավիճակում Արցախի խորհրդարանը որոշել է, որ պետք է ընտրի ԱԺ նախագահ։
Արցախից հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանի խոսքով՝ իրականում գործնական առումով այս փոփոխությունը խիստ անհրաժեշտ էր, որովհետև ներկա փաստացի նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարված է, պետք էր, որպեսզի Արցախի ԱԺ-ն ունենար նախագահ, ով կկատարեր այդ գործառույթը։
«Շատ կարևոր հանգամանք է նաև կողմ քվեարկած ձայների քանակը, որը նույնպես այն բանի ցուցիչ է, որ Արցախի խորհրդարանը գործեց կոնսենսուսով և համախմբված։ Ինչ վերաբերում է այդ ամենի վերաբերյալ ՀՀ կառավարիչների վերաբերմունքին՝ ապա հրապարակային դաշտում իշխանության տարբեր օղակներ զբաղեցնող պաշտոնատար անձանց կողմից միշտ ակնհայտորեն բացասական կարծիքներ են հնչել, և ակնհայտ է, որ այս գործընթացները ևս բացառություն չեն լինելու։
Կարծում եմ՝ առաջիկայում նրանց կողմից կլինեն տարբեր ֆորմատներով անդրադարձներ այս թեմային։ Բայց շատ կարևոր է, որպեսզի հասարակության սթափ ու գիտակից հատվածը համախմբված կերպով աջակցություն հայտնի Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արշակ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ պատմական այս դժվար ժամանակահատվածում շատ մեծ պատասխանատվություն է դրվում նրա ուսերին։
«Անձնապես ճանաչելով և տեղյակ լինելով Աշոտ Դանիելյանի մարդկային և մասնագիտական հատկանիշներին, վստահ եմ՝ պատվով կատարելու է իր վրա դրված պարտականությունները։ Մաղթում եմ ուժ, անկոտրում կամք և հաջողություն իր ապագա ողջ գործունեության ընթացքում»,- ընդգծեց Արշակ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորվել ու տեղափոխվել են Բաքու 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրա, ցեղասպանության սպառնալիքի տակ տեղահանեց արցախահայերին, իսկ ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալեց, հակառակ պարագայում՝ կոտորելու էր խաղաղ բնակիչներին։
Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։