Որտե՞ղ է կնիքը, կամ ինչպե՞ս կարող է միևնույն դատավորն աշխատել միանգամից երկու դատարանում. ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի և Դատական դեպարտամենտի գլխացավանքը

Մայիսի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննարկվեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից ներկայացված միջնորդությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհուն՝ Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

Միջանձնային անհրաժեշտ կապերի որոշ իրողություններն անտեսելով՝ սա թերևս կարելի էր սովորական մի գործ համարել, եթե և՛ միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարությունը, և՛  դատավորը հղում չանեին դատավոր  Նաիրա Հովսեփյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարի միջնորդությունը մերժելու մասին 2024թ. հունիսի 13-ի որոշմանը:

Այդ որոշմամբ ԲԴԽ-ն ամրագրել է մի յուրօրինակ իրավիճակ, որն արգելում է կարգապահական վարույթ հարուցելու իրավազորություն ունեցող մարմիններին մինչև 2024թ. հունիսի 13-ը դատավորի կողմից թույլ տրված խախտումների համար տվյալ դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ:

«Միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ խորհուրդը, հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես՝ դատավորի որդու՝ 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը, արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»,- 2024թ. հունիսի 13-ին հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ու Նաիրա Հովսեփյանի համար կանաչ լույս վառեց «չաշխատելու» համար:

Կարդացեք նաև

Այսինքն՝ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի անվան Խորհրդի թեթև ձեռքով դատավորը ստացել է մի կարգավիճակ, որի հետ չի համակերպվում  Արդարադատության նախարարությունը և խնդրում է ԲԴԽ-ից հանել այդ «մորատորիումը» գոնե 2024թ. հունիսի 13-ից հետո ընկած ժամանակահատվածի համար, իսկ դատավորը կատեգորիկ համաձայն չէր դրա հետ նիստում հնչած պատճառաբանություններով:

Բայց ավելի կնճռոտ  հարց է առաջ գալիս կայացված և չհանձնված վճիռների վերաբերյալ, որը սահուն ձևով շրջանցվում է այս տհաճ ներկայացման մասնակիցների կողմից:

Այսպես՝ երևի թե անվիճելի է, որ եթե Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորը նշանակվում է Վճռաբեկ դատարանի դատավոր, ապա Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները պետք է, որ դադարեցված լինեն դրանից բխող իրավական հետևանքներով:

Այսինքն՝ պետք է հանձնվեն այդ դատավորի վարույթում գտնվող չավարտված գործերը, այդ թվում՝ նաև այն գործերը, որոնցով չնայած հայտարարված է եղել վճռի հրապարակման օրը, սակայն վճիռը փաստացի չի հրապարակվել: Որովհետև ինչքան էլ որ արժանավոր մարդ լինի նշանակված դատավորը,  հնարավոր չէ միաժամանակ պաշտոնավարել երկու դատական ատյանում` դե յուրե՝ Վճռաբեկ դատարանում, փաստացի՝ նաև Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ուշացված վճիռների հրապարակման և փաստաթղթերի գեներացման ամսաթվերի տարբերությունները վստահաբար թույլ են տալիս պնդելու, որ Ընդհանուր իրավասության դատարանից Վճռաբեկ դատարան տեղափոխված դատավորը փաստացի չի հանձնել իր վարութում գտնվող գործերը, իսկ այդ պահի դրությամբ չհրապարակված վճիռները կարողանում է գեներացնել «Դատալեքս» համակարգում` ըստ էության Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում կայացնելով նաև Առաջին ատյանի դատարանի վճիռներ:

168.amանդրադարձել էր ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի և Նաիրա Հովսեփյանի հանկարծակի լարված հարաբերություններին և դրա հանգուցալուծմանը՝ նշելով, որ դատավորի առջև պահանջ է դրվել հեռանալ և ԲԴԽ-ից, և Վճռաբեկ դատարանից, սակայն արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին մերժվեց որոշակի պայմանավորվածությունների արդյունքում, երբ Նաիրա Հովսեփյանը հրաժարվեց ԲԴԽ անդամությունից, բայց կարողացավ պահպանել Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը:

Երևի թե Կարեն Անդրեասյանի ընկեր Գրիգոր Մինասյանը տեղյակ էր պահել դատավորի դեմ բողոքների ու դժգոհությունների  մեծ հոսքի մասին, դրա համար էլ այնպիսի որոշում էին կայացրել, որ բողոքների հիմնական մասով կարգապահական վարույթ չհարուցվի:

Սակայն ընդհանուր լարվածությունը մեծանում է այնքանով, որքանով որ Կարեն Անդրեասյանի պայմանավորվածությունների արդյունքում կայացված 2024թ. հունիսի 13-ի որոշմամբ հաստատված հանգամանքները չեն փակում այսօրվա ամսաթվով «Դատալեքս» համակարգում դատական ակտ գեներացնելն ու կողմերին ուղարկելը, որն ավելի շատ պաշտոնեական կեղծիքի է նման, իսկ դրա քրեաիրավական գնահատականը կարող է ոչ թե հեղինակազրկել, այլ ուղղակի խայտառակել ու նսեմացնել դատական իշխանությանը՝ իր բոլոր կառույցներով:

Հարց է ծագում՝

  • Ինչպե՞ս է Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատակազմը առաջին ատյանի վճիռ հրապարակում «Դատալեքս» դատական համակարգում:
  • Ի՞նչ կնիքով է կնքում հետին ամսաթվով ստորագրված դատական ակտերը: /Իսկ կարող է դեռ կնիքը չի՞ հանձնել, և դրա մասին տեղյակ չեն այդ հարցի պատասխանատուները/:

Դատական համակարգի պատասխանատուները, թերևս, պետք է գույքագրեն այդ դատավորի անավարտ գործերը և հանձեն այլ դատավորի՝ դրանց ընթացքը լուծելու համար, քանի որ քաղաքացիները մեղք չունեն կատարվածի համար, որովհետև իրենք չեն ընտրել դատավորին:

Միևնույն ժամանակ կատարվածի համար մեղքը Երևանի քաղաքացիական դատարանի աշխատակազմի վրա դնելն ավելի կխորացնի ամենաթողության խայտառակ զգացումը, որովհետև ԲԴԽ-ի 2024թ. հունիսի 13-ի որոշումը` եղածը չտեսնելու տալու իրական մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվությունից ազատելու որևէ հիմք չի նախատեսել:

Վատ կանխազգածում ունենք, որ մեղավոր կկարգվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի ինչ-որ մի աշխատակից` պայմանով, որ լռության դիմաց կստանա ինչ-որ բոնուսներ, սակայն բաց է մնում կնիքի հանձնած/չհանձնած լինելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս