
«Ռուսաստանն Ադրբեջանին հասկացրեց՝ երկրորդ ճակատ չի՛ ուզում. Հայաստանը շարունակում է մնալ իր դաշնակիցը». Կարեն Իգիթյան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության վտանգ է տեսնում և ակտիվ ներգրավված է կանխելու ռազմական բախումը:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանն այն կարծիքին է, որ հայ-ադրբեջանական հակամարտության վտանգը միշտ կա:
«Գերտերություններն ասում են՝ եթե առանց մեզ ինչ-որ բան անեք՝ չի ստացվի: ԵԱՀԿ ՄԽ բալանսավորված ինստիտուտ էր, և իրենք եթե ինչ-որ բան ասում էին, դա բալանսավորված էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ թե հարթակն է, այլ՝ ով է շահառուն, ով ինչ է ստանալու այդ գործընթացից:
«Երբ կողմերն ասում են, որ երկուսով բանակցություններն արդյունավետ են, ապա երբեք երկուսով չի ստացվում, որովհետև այստեղ կա Թուրքիան: Ալիևն Էրդողանին միշտ տեղյակ է պահում և նրանից ստանում ցուցումներ: Հայաստանն ու Ադրբեջանը երբեք մենակ չեն, և որևէ երկիր կամ կառույց պետք է սահմանափակի Թուրքիայի ազդեցությունը»,- նշեց նա:
ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցից, նրա հայտարարություններից հետո Հայաստանում քննարկումները տարբեր են: Մասնավորապես, կարծիքներ են հնչում, որ Լավրովը զգուշացրեց, թե Հայաստանը շարունակում է Ռուսաստանի դաշնակիցը մնալ մինչև այնպիսի սցենարներ, որ Ռուսաստանի դեմ ճակատ կարող է բացվել Հարավային Կովկասում, և Ռուսաստանը պատրաստ է այստեղ ևս պատերազմել:
Կարեն Իգիթյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը խուսափում է երկրորդ ճակատից. «Ռուսաստանը հիմա չի ուզում երկրորդ ճակատ, քանի դեռ իր զորքերը չեն ազատվել ուկրաինական ճակատից: Այդ երկրորդ ճակատը ՌԴ դեմ ուղիղ Ադրբեջանից չի լինի: Երկրորդ ճակատ այստեղ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ևս մեկ անգամ հարձակվի Հայաստանի վրա: Սա, իհարկե, ցանկալի չէ ՌԴ համար, որովհետև հերթական անգամ ընտրության առաջ են կանգնելու՝ պետք է ինչ-որ բան անեն կամ հերթական անգամ ինչ-որ ձևով բացատրեն, թե ինչու չեն արել»:
Հարցին՝ այսինքն՝ նման հայտարարություններով ռուսական կողմն Ադրբեջանի՞ն էր հասկացնում, որ Հայաստանը շարունակում է ՌԴ դաշնակիցը լինել, նա դրական պատասխանեց. «Այո՛: Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե իրականությունն ինչպիսին է, այսինքն՝ ինչքանով է հնարավոր ԱՄՆ իրական դուրս գալը տարածաշրջանից, ինչքանով է Թուրքիան ներգրավված լինելու այս ամենի մեջ, և ինչ արձագանք է լինելու ԱՄՆ-ից, եթե այստեղ բախում լինի: Հերթական անգամ մեծ առևտուր է սկսվելու: Մենք միշտ զրույցը տանում ենք՝ Ադրբեջանը հարվածելու է Հայաստանին, ո՞վ կպաշտպանի, այստեղ մեծ հարց ենք բաց թողնում՝ առաջին հերթին, Հայաստանը պետք է այնքան ուժեղ և պատրաստված լինի…
Մենք ունենք ունիկալ հնարավորություն՝ օգտվել ռուս-ուկրաինական փորձից. Միայն ռուսական և ուկրաինական բանակներն ունեն այս ԱԹՍ-ներով այսպիսի հագեցած պատերազմ տանելու փորձ: Մենք կարող ենք դա անել, կարող ենք ոչ դասական լուծումներ գտնել և Ադրբեջանին շատ մեծ անակնկալներ բերել: Այդ ձևերը կան, ուղղակի ցանկություն է պետք:
Այսինքն՝ եթե Ադրբեջանն ագրեսիա է իրականացնելու, այդ ագրեսիան կասեցնելու հնարավորություն Հայաստանը կարող է ունենալ, լուծումները կան՝ ոնց թույլ չտաս, որ այդ ուժի սպառնալիքը լինի: Կարևոր է Հայաստանի կշիռը բարձրացնել՝ եթե Հայաստանն ինքնուրույն դիմադրի, արտաքին խաղացողներն ուրիշ կերպ են մոտենալու այդ հարցին, որովհետև երրորդ կողմը երբ պետք է խառնվի, ինքը միշտ հաշվի է առնում՝ ինչ իրականություն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում