
Նորվեգիայում տղամարդն արթնացել է և իր այգում հսկա բեռնանավ հայտնաբերել

Նորվեգիայի Տրոնդհայմ քաղաքի մոտակայքում NCL Salten բեռնատար նավը ծանծաղուտն է ընկել և գրեթե բախվել տեղի բնակիչ Յոհան Հելբերգի տնակին։ Նա արթնացել և հայտնաբերել է հսկայական կոնտեյներային նավը՝ իր տնակի առջևի այգում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
135 մետրանոց նավը մայիսի 22-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 05:00-ին ընդամենը հինգ մետր հեռավորության վրա կանգնել է Յոհան Հելբերգի տան կողքին։
Հելբերգին դեպքի մասին տեղեկացրել է իր խուճապահար հարևանը, որը տեսել էր, թե ինչպես է նավը շարժվում ուղիղ դեպի ափ։
«Ես մոտեցա պատուհանին և բավականին զարմացա՝ տեսնելով մեծ նավը, – նշել է տանտերը։ – Հինգ մետր հարավ, և այն կմտներ ննջասենյակ»։Կիպրոսի դրոշի ներքո նավարկող NCL Salten բեռնատար նավի վրա 16 մարդ է եղել, և այն Տրոնդհայմի ֆյորդով ուղևորվում էր դեպի Նորվեգիայի Օրկանգեր քաղաք, երբ շեղվել է ուղղությունից։Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Հայտնի չէ, թե ինչն է եղել վթարի պատճառը, սակայն նշվում է, որ Նորվեգիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։