Մինչև չբացահայտվի 2007 թվականի մահափորձի գործը, իմ դեմ մահափորձի մտավախությունն առկա է․ Ղուկասյան

«Ապրի՛ Վահագն Ալեքսանյանը, վերջապես մի ճիշտ բան է անում, վերջապես մի ճիշտ հայտարարություն բերանից լսեցինք։ Եթե հեգնանքով է ասել, ես  իրեն հեգնանքով կպատասխանեմ, եթե ոչ՝ շատ ճիշտ է արել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երբ լրագրողներից տեղեկացավ, որ ԱԺ-ում իր դեմ «հնարավոր մահափորձ»-ի հայտարարության դրվագին է անդրադարձ եղել։

Լրագրողի հարցին, թե այսօր դեռ առկա՞ է մահափորձի մտավախությունը, նա պատասխանեց՝ մինչև 2007 թ.-ի մահափորձի գործը չբացահայտվի, առկա է։

«Մինչև այդ օրը մահացած հզոր տղերքի գործը չբացահայտվի, իմ նկատմամբ և փոխքաղաքապետի նկատմամբ այդ մահափորձը չբացահայտվի,  միանշանակ վտանգը կա, կողքդ կանգնած է․  իրենք մեզ լսում են»,- մանրամասնեց Վարդան Ղուկասյանը։

Հիշեցնենք՝ 2007 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի և նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ:

Կարդացեք նաև

Կրակահերթի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենայի հինգ ուղևորներից երեքը՝ Արտյոմ Սամվելի Ադամյանը (ծնված 1985 թ.), Սիսակ Արամի Վարդանյանը (ծնված 1981 թ.) և Հովհաննես Լևոնի Միրզախանյանը (ծնված 1970 թ.) տեղում մահացել էին։  «Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վարազդատ Ղուկասյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, և ենթարկվել վիրահատության:

«Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի ուղևոր, Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Հովհաննես Գրքիկյանը և «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վաչիկ Գյուղջօղլյանը, ուղևոր Տիգրան Սիմոնյանը հրազենային վնասվածքներ չէին ստացել, և բժշկական միջամտության անհրաժեշտություն չէր եղել:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի հատկանիշներով: Կազմվել էր քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում էր նախաքննություն: Կատարվել էր տեղազննություն, նշանակվել էին փորձաքննություններ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ինքնաձիգի 77 պարկուճ, որից 52-ը՝ 7,62 միլիմետր տրամաչափի «ԱԿՄ» տեսակի, իսկ 25-ը`«ԱԿՍ» տեսակի 5,45 միլիմետր տրամաչափի պարկուճներ: Դիակների վրա հայտնաբերվել էր 14 գնդակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս