Նախարարությունների կրճատմամբ որքա՞ն գումար է խնայվել մեկ տարում. պարզաբանում են կառավարությունից

Դեռ անցյալ տարի ընդունվեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հինգով կրճատվեց նախարարությունների թիվը, իսկ որպես հիմնավորում՝ նշվեց պետական ապարատի արհեստական ուռճացվածության թոթափումը և կառավարության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելը:

168.amը վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին ուղղված գրավոր հարցմամբ խնդրեց տրամադրել թվային տվյալներ, թե որքան հաստիքներ են կրճատվել նախարարությունների թվի կրճատմամբ, և որքան գումար է խնայվել մեկ տարում այդ կրճատման արդյունքում: Խնդրել էինք նաև նշել, թե կա՞ն արդյոք որոշակի պարամետրեր, ըստ որոնց՝ հիմնավորվում է, որ այս մեկ տարում այդ կրճատումների արդյունքում կառավարության գործունեությունն ավելի արդյունավետ է դարձել:

Ի պատասխան՝ կառավարությունից ներկայացրին մեկ տարում նախարարություններում տեղի ունեցած հաստիքների կրճատման ընդհանուր պատկերը և համապատասխանաբար խնայված բյուջեները.

«ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի մայիսի 8-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հաստիքների փոփոխություններ չեն իրականացվել, սակայն ՀՀ վարչապետի 2019 թվականի  նոյեմբերի 26-ի N 1758-L որոշմամբ դադարեցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներքին աուդիտի վարչության գործունեությունը, որի արդյունքում կրճատվել է 11 հաստիք՝ ընդամենը 46 962.7 ՀՀ դրամ պահպանման ծախսերով:

Օրենքի ընդունմամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն անվանափոխվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշմամբ սահմանված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 228 հաստիքային միավորը փոփոխության չի ենթարկվել, հետևաբար՝ աշխատողների վարձատրությանն ուղղվող ծախսերի մասով փոփոխություն ևս չի կատարվել։

ՀՀ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների միաձուլման արդյունքում օպտիմալացվել է 12 հաստիք: Ինչ վերաբերում է ֆինանսական բաղադրիչին, ապա ՀՀ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունում ընթացող կառուցվածքային փոփոխությունների ավարտին միայն հնարավոր կլինի հաշվարկել տնտեսված գումարը:

ՀՀ ֆինանսների նախարարության հաստիքների թվի և ծախսերի փոփոխություն տեղի չի ունեցել: Պետք է նշել, որ հաստիքների թվի անփոփոխ մնալու պարագայում՝ ՀՀ ֆինանսների նախարարության փաստացի աշխատողների քանակը վերջին երկու տարում նվազել է 190-ով՝ 556-ից դառնալով 366: Ազատված աշխատողների վարձատրության համար նախատեսված գումարներն ուղղվել են փաստացի աշխատող աշխատակիցների վարձատրությանը:

Օրենքի ընդունմամբ ՀՀ առողջապահության նախարարության հաստիքացուցակում հաստիքների կրճատման մասով որևէ փոփոխություն չի կատարվել: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 5-ի N 149-Լ որոշմամբ 2020 թվականի մարտի 1-ից դադարեցվել է ՀՀ առողջապահության նախարարության ներքին աուդիտի բաժնի գործունեությունը (թվով 6 հաստիք):

Օրենքի ընդունմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն, որն իրականացվել է առանց հաստիքների էական կրճատման։ Այսպես, մինչև վերակազմակերպումը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատողների առավելագույն թիվը կազմել է 250, իսկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թիվը՝ 218 հաստիքային միավոր։ ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 657-Ա որոշման համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատողների առավելագույն թիվը սահմանվել է 464 հաստիքային միավոր, արդյունքում՝ կրճատվել է 4 հաստիքային միավոր՝ նախարարի մեկ, ինչպես նաև նախարարի առաջին տեղակալի, նախարարի տեղակալի և նախարարի տեղակալի օգնականի մեկական հաստիքային միավորներ։ Նշված հաստիքների կրճատմամբ մեկ տարում խնայվել է 27.778.800 ՀՀ դրամ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության կանոնադրությունում 2019 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի N 510-Լ որոշմամբ կատարված փոփոխություններից հետո կրճատվել են նախարարության որոշ կառուցվածքային ստորաբաժանումներ, կատարվել են որոշ ստորաբաժանումների գործառույթների հստակեցումներ՝ բարձրացնելով դրանց գործունեության արդյունավետությունը: ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 20-ի N 560-Ա որոշմամբ սահմանվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների հաստիքների առավելագույն թվաքանակը` 768: Արդյունքում ստացվել է ստորաբաժանումների օպտիմալ տարբերակ՝ օրենսդրությամբ սահմանված 768 հաստիքային թվաքանակով, որով հնարավոր է ապահովել նախարարության և օտարերկրյա պետություններում դիվանագիտական հիմնարկների աշխատանքի բնականոն ու անընդմեջ գործունեությունը: Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում տնտեսումներ չեն արձանագրվել, վճարումները կատարվել են ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների շրջանակներում:

Օրենքի ընդունմամբ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն անվանափոխվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության: ՀՀ  բարձր  տեխնոլոգիական  արդյունաբերության  նախարարության նոր կառուցվածքին համապատասխան՝ սահմանվել է հաստիքների առավելագույն թվաքանակ՝ 198` նախկին 130-ի փոխարեն, որի արդյունքում ֆինանսական միջոցների տնտեսում չէր կարող առաջանալ:

Օրենքի ընդունմամբ ՀՀ արդարադատության նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փոփոխություններ չեն կատարվել»:

Տեսանյութեր

Լրահոս