
Չեմ կարծում՝ դա հանպատրաստից արված հայտարարություն էր․ Սիրանուշ Սահակյանը՝ գերիների թեմայով Փաշինյան-Թրամփ կարճ դիալոգի մասին

«Թրամփը կխնդրի Ալիևին ազատ արձակել հայ գերիներին»․ Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ առանձնազրույցից տարածված չափազանց կարճ տեսանյութից հետո այս հարցի առնչությամբ որևէ պարզաբանում դեռևս չի եղել, գերիների վերադարձի համատեքստում էլ՝ ոչ մի դինամիկա։
Ավելին, օգոստոսի 11-ին պարզ դարձավ, որ Երևանի և Բաքվի կողմից համաժամանակյա հանրայնացված «խաղաղության համաձայնագրի» տեքստում գերիների մասին որևէ խոսք չկա․ միայն մեկ հոդվածով կողմերը պարտավորություն էին ստանձնում լուծումներ գտնել անհետ կորածների խնդիրների շուրջ։
«Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց»,- ասվում է համաձայնագրում։
Ավելի ուշ համացանցում սկսեցին շրջանառվել հայ գերիների անվանացանկով տարբեր ցուցակներ, որոնք, սակայն, պարզվեց՝ Թրամփի շրջանակից ավետարանական հովիվ Ջոել Թենիի բաց նամակներից են վերցվել։
Թե ինչո՞ւ գերիների վերադարձի հարցը չդարձավ նախնական ստորագրված համաձայնագրի մաս, և ինչո՞ւ կողմերը բավարարվեցին միայն անհետացածների դրվագով՝ հարցադրումներն այսօր շարունակում են քննարկումների ծիրում մնալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը 168․am-ի հետ զրույցում թեմայի առնչությամբ իր դիտարկումներում նշեց․
«Նախ պատճառներից մեկն այն է, որ դա ձեռնտու չէր Ադրբեջանին․ չմոռանանք՝ եթե անհետ կորածների խնդիրն ունի երկկողմանի բնույթ և վերաբերում է հակամարտության բոլոր մասնակիցներին, ապա գերիների վերադարձի խնդիրը բացառապես առնչվում է էթնիկ հայերին։
Այս պահին Հայաստանում չեն պահվում ադրբեջանցի գերիներ, ուստի երկկողմանի մոտեցումը չէր բխում ադրբեջանական շահերից, ու, թերևս, հենց ադրբեջանական կողմն է առարկել համանման դրույթի ամրագրմանը։ Մյուս կողմից՝ գերիները վերածվել են պատանդների, ինչը նշանակում է, որ նրանց գործոնն օգտագործվում է քաղաքականության մեջ՝ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով խաղաղություն կորզելու նպատակով»։
Իրավապաշտպանը կարծում է, որ ազատ արձակումը կարող է տեղի ունենալ վերջնական փուլում, երբ արդեն իսկ խաղաղության հաստատման վերաբերյալ ադրբեջանական մոտեցումները կյանքի կոչվեն։
«Դա լինելու է որպես մարդասիրական ժեստ, ազդեցիկ որևէ պետության ներգրավվածությամբ, և Ալիևն այդ ճանապարհով լավություն է անելու կամ որոշակի առումով բարձրացնելու է ներգրավված կողմի հեղինակությունը։
Այդ կողմի ներգրավվածությամբ կնքվող համաձայնագիրը, մեծ հաշվով, պաշտպանում է ադրբեջանական շահերը տարածաշրջանում, և դրա փոխարեն լուծվելու է միայն հայ պատանդների ազատ արձակման խնդիրը»,- հավելեց նա։
Անդրադառնալով գերիների մասին Փաշինյան-Թրամփ կարճատև զրույցի դրվագին՝ Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ դա հանպատրաստից կատարված արտահայտություն չէր․ վստահ է՝ դրան նախորդել են փակ քննարկումներ։ Ամեն դեպքում, ըստ նրա, խոսքը վերաբերում է պաշտոնապես հաստատված 23 գերիներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ղեկավարությանը։
Ի՞նչ ճակատագիր է սպասվում այն անձանց, որոնց գերեվարումը չի ընդունում ադրբեջանական կողմը․ այս հարցի պատասխանը, իրավապաշտպանի խոսքով, բազմափուլ գործընթացից է կախված։
«Նրանց առնչությամբ կատարվող միջոցառումների բնույթն էապես տարբեր է․ եթե հաստատված գերիների պարագայում մենք խոսում ենք ազատ արձակման պարտավորության մասին, ապա անհետ կորածների, բռնի անհետացածների մասով նախ պետք է պարզել ճակատագրերը, հասկանալ նրանց որպիսությունը, որից հետո անդրադառնալ հնարավոր ազատ արձակման հարցին»,- պարզաբանեց նա։
Նշենք՝ Սիրանուշ Սահակյանը տարբեր առիթներով ահազանգել է՝ Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման, սակայն, ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվում պահվում է 23 հայ։