Ինչպես Հադրութի մետաքսով պատրաստվեցին Ելիսեյան պալատի վարագույրները

18-19-րդ դարերում Արցախի Շուշի քաղաքը ձևավորվել էր՝ որպես կարևոր առևտրական և արհեստագործական կենտրոն։ Խանության ժամանակ քաղաքի բնակչության զգալի մասը զբաղվում էր տարբեր արհեստներով: Քաղաքում կային քարտաշներ, որմնադիրներ, ատաղձագործներ, փականագործներ, դարբիններ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։ 18-րդ դարի երկրորդ կեսին չկար որևէ արհեստ, որը քաղաքում ներկայացված չլիներ։ Արդեն իսկ 19-րդ դարի սկզբին քաղաքում աչքի էին ընկնում նաև ազդեցիկ վաճառականական տոհմերը:

1821 թ. այստեղ բնակվում էին Հախումյանների և Թառումյանների հարուստ ընտանիքները, որոնք համարվում էին մեծ կարողությունների տեր։ Շուշիի վաճառականներն ակտիվ առևտրական կապեր էին պահպանում՝ ինչպես Սիբիրի, այնպես էլ՝ Իրանի և եվրոպական շուկաների հետ։ 19-րդ դարի կեսերին քաղաքի տնտեսական կյանքը շատ է աշխուժանում։ 1852 թ. Շուշին ուներ 576 խանութ, իսկ քաղաքի ամսական առևտրաշրջանառությունը հասնում էր 70-80 հազար ռուբլու, ինչը վկայում էր քաղաքի զարգացած առևտրական և արհեստագործական ներուժի մասին։

Կարդացեք նաև

Քաղաքն առևտրական կապերի մեջ էր ժամանակի զարգացած երկրների հետ: Այդ մասին է վկայում Վլադիմիր Սևյանն իր «Շուշի» գրքում, որտեղ մանրամասն ներկայացնում է քաղաքի առևտրական կապերի մասին.

«Շուշին Թավրիզից ստանում էր բամբակյա և մետաքսյա գործվածքեղեն, մահուդ, թավիշ, Բուխարայից և Բաղդատից՝ գառան մորթի (կարակուլ), Նիժնի Նովգորոդից ստանում էր ապակյա և հախճապակյա ամանեղեն, շաքար, մոմ, գյուղատնտեսական գործիքներ: Շուշին տարբեր տեսակի ապրանքներ էր ներմուծում Ֆրանսիայից, Իտալիայից, Հնդկաստանից և Հոնկոնգից: Այս ամենը վաճառքի էր հանվում «Թոփխանի բազար» կոչվող հայտնի շուկայում և քաղաքի ճոխ խանութներում: Ճիշտ է նկատել Շահեն Մկրտչյանը, ասելով, թե «Առ ու ծախից բացի, սա (շուկան.-  Վ.Ս.) ղարաբաղյան ազգագրական մի յուրահատուկ փառատոն էր, արհեստների ու արվեստների ցուցահանդես, ժողովրդի վարք ու բարքի, սովորությունների, տարազների հավաքավայր: Սա նաև գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես էր, որտեղ ներկայացվում էին փոքրիկ երկրամասում մշակվող և մուծվող սննդամթերքներն ու պտուղները»: «Վլադիմիր Սևյան, «Շուշի», Երևան, 1991, էջ 56»:

Հետաքրքրական է, որ քաղաքն էր կազմակերպում նաև Արցախի մյուս շրջանների առևտրաշրջանառությունը: Մասնավորապես Արցախի տարբեր շրջաններում արտադրվող հումքը բերվում էր Շուշի, այնտեղից կազմակերպվում էր դրա առևտուրը: Խոսել այդ շրջանում Արցախի և Շուշիի առևտրական և արհեստագործական զարգացվածության մասին, հարկ է խոսել նաև Արցախում մետաքսի արտադրության մասին:

Շուշիի տնտեսության կարևորագույն եկամտի աղբյուրներից մեկը մետաքսաթելի և մետաքսե գործվածքների արտադրությունն ու վաճառքն էր: Արցախի մետաքսը լայն շուկաներ ուներ Եվրոպայում, Ռուսաստանում և Արևելքի երկրներում։ Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1848 թ. Շուշիի գավառում արտադրվել է շուրջ 5 հազար փութ մետաքսաթել, ինչը վկայում էր շերամապահության նշանակալի զարգացման մասին։ Քաղաքում գործում էր նաև հատուկ շերամապահական կայան։ Շուշիի տնտեսության կարևորագույն եկամտի աղբյուրներից մեկը մետաքսաթելի և մետաքսե գործվածքների արտադրությունն ու վաճառքն էր, որը լայն շուկաներ ուներ Եվրոպայում, Ռուսաստանում և Արևելքի երկրներում։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1848 թ. Շուշիի գավառում արտադրվել է շուրջ 5 հազար փութ մետաքսաթել, ինչը վկայում էր շերամապահության նշանակալի զարգացման մասին։ Քաղաքում գործում էր նաև հատուկ շերամապահական կայան։ Շուշիից զատ, մետաքսագործությամբ հարուստ էր ու հայտնի նաև Հադրութը: Մասնավորապես Հադրութի մետաքսը հայտնի էր ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում:

«Արհեստների այս բազմազանության մեջ XX դարի սկզբին աչքի էր ընկնում Շուշի քաղաքը: Նրա մետաքսաթելը, բազմապիսի գործվածքները, արծաթյա, ոսկյա և փայտե եզակի իրերը, մեծարժեք գորգերն ու զանազան կենցաղային առարկաները շրջում էին աշխարհի շատ շուկաներում՝ Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Արևելքի երկրներում և ուրիշ վայրերում: Շուշին (գավառի հետ միասին) արտադրում էր Անդրկովկասի մետաքսաթելի մեկ վեցերորդ մասը։

Հատկանշական է, որ Դիզակի Հադրութ գյուղի մետաքսը 1882-ին Մոսկվայում կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1883-ին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի ցուցահանդեսում՝ ոսկե մեդալի: XX դարի սկզբներին Հադրութի մետաքսից են պատրաստել «Փարիզի Ելիսեյան պալատների վարագույրները»: Քաղաքը ոչ միայն արտահանում էր, այլև ներմուծում էր»: (Նույն տեղում, էջ 55):

Այսպիսով, 18-19-րդ դարերում Շուշին ձևավորվել էր՝ որպես ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական, մշակութային և արհեստագործական կարևորագույն կենտրոններից մեկը։ Քաղաքի բազմազան արհեստները, զարգացած առևտրական հարաբերությունները և լայն միջազգային կապերը վկայում էին նրա տնտեսական բարձր մակարդակի մասին։ 19-րդ դարում Շուշին արդարացիորեն համարվում էր աշխարհին հայտնի առևտրական, մշակութային և արհեստագործական կենտրոն, որի տնտեսական ակտիվությունն ու մշակութային կենսունակությունը կարևոր դեր էին խաղում ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի զարգացման գործընթացում։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031