Բաժիններ՝

Արցախի 9-ամսյա շրջափակումը, մեկօրյա պատերազմն ու արցախահայերի բռնի տեղահանությունը` «Բլոկադա»-ում

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բլոկադայի ենթարկվելու 9-ամսյա ցավալի պատմությունը, որն ավարտվեց հայության էթնիկ զտմամբ ու բռնի տեղահանմամբ, Անի Մաղաքյանը վերածել է պիեսի՝ «Բլոկադա» անվամբ։ Իսկ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն էլ որոշել է պիեսը բեմ բարձրացնել. Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ փետրվարի 23-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

«Բլոկադան» 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, արցախցի մի ընտանիքի մասին է, որի միջոցով հավաքական կերպով ներկայացվում են այն բոլոր արցախցի ընտանիքները, որոնք, չնայած պատերազմում կրած ծանր կորուստներին, շարունակեցին ապրել ու արարել Արցախում՝ նույնիսկ 9-ամսյա բլոկադայի պայմաններում, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմը փոխեց նրանց կյանքը՝ նրանց կտրելով իրենց արմատից՝ Արցախից։

Արցախում ապրող այս ընտանիքը մեծ ցավ է տեսել, 2020 թվականին տանտիրուհին՝ Աստղիկը, կորցրել է միակ որդուն՝ Վարդանին, կորցրել է ամուսնուն, ապրում է դստեր՝ Մանեի ու ամենաիմաստուն դեդոյի հետ։ 2022 թվականի բլոկադայից մեկ օր անց ընտանիքը հյուրընկալում է Երևանից ծանոթ ընտանիքի, չմտածելով, որ 9 ամիս շարունակ նույն ընտանիքի հետ պետք է մեկ հարկի տակ ապրի, դիմանա բլոկադայի ծանր օրերին, հիշի անցած-գնացած օրերը, բայց չհանձնվի ու աստծուց երես չթեքի։

Արցախցի դեդոն, ով իր կռացած ուսերին է տանում Արցախի հետ կապված և՛ լավ, և՛ վատ օրերի բոլոր հուշերը, հաղթահարում է որդու, թոռան մահը, բլոկադայի սոված օրերը, սակայն չի կարողանում դիմանալ իր սեփական ձեռքով կառուցած տունն ու Արցախն ընդմիշտ լքելու որոշումը ու այդպես էլ հոգին ավանդում է՝ ընդմիշտ մնալով Արցախի հողում։

Բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ ամեն ինչ շատ արագ է ստացվել, չնայած թեման շատ ծանր է եղել։

«Մտահղացումն Արմեն Պետրոսյանինն է եղել՝ Մենչինը, մի քիչ արտասովոր էր, քանի որ Արմենը միշտ հումորային նախագծերով է հայտնի։ Մի օր Արմենին ասացի՝ պիտի այնպիսի բան անենք, որին թատրոններում չեն անդրադարձել։ Արմենը պատմեց, որ նկարահանումների ժամանակ տեսնում է արցախցի վարորդներին, որոնք այս քաղաքում իրենց լքված են զգում…

Շատ պատասխանատու թեմա է, բայց կարծում եմ՝ քաղցկեղով հիվանդներին հոգեբանները խորհուրդ են տալիս, որ բուժման համար առաջին քայլը՝ հիվանդությունն ընդունելն է․ եթե ընդունում ես՝ կարողանում ես պայքարել։

Չեմ ուզում շատ կատեգորիկ զուգահեռներ անցկացնել այս թեմաների միջև, բայց եթե մի քիչ խորանանք՝ նման են այն առումով, որ նախ և առաջ՝ մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք, հետո նոր հասկանանք՝ ինչու  պարտվեցինք։ Եթե հասկանանք, շատ հաղթանակներ առջևում կլինեն։ Մեր կարևոր նպատակն այն էր, որ հույս պետք է տալ մեր ժողովրդին, և կարծում եմ՝ մենք ինչ-որ տեղ արեցինք դա, ինչը զգացինք դահլիճի արձագանքից»,- ներկայացման պրեմիերայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սեդրակ Գոջամանյանը և հավելեց՝ դահլիճի արձագանքն իր համար շատ կարևոր էր։

«Բլոկադա»-ում արցախցի Աստղիկին մարմնավորում է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, նա խոստովանում է՝ դերն իր համար չափազանց պատասխանատու է եղել։

«Արցախահայության մեծ մասը Հայաստանում է ապրում, և պիտի համապատասխաներ իմ կերպարը՝ լիներ այն կինը, որը հենց իրենց ներսից է դուրս եկել։ Ես Արցախում մի քանի ամիս եմ ապրել, ֆիլմ էինք նկարում․․․ Ցավոք, շատ հաճախ չեմ եղել այնտեղ, բայց արցախցիների հետ շփում ունեցել եմ ու հատուկ սեր ունեմ իրենց հանդեպ ու տարբեր բարբառների։ Ինքս գյուղում եմ ծնվել, բայց բարբառով չենք խոսում՝ ես Արմավիրից եմ։

Արցախյան բարբառը բավական բարդ է, քանի որ տարբեր բարբառներ կան։ Ինձ հոգեհարազատ էր, ու երևի հենց այդ մեծ սիրո շնորհիվ էր, որ կարողացա ստեղծել այս հերոսուհուս կերպարը»,- նշեց դերսանուհին։

Նրա խոսքով՝ Արցախի բարբառը բեմից հնչեցնելու հետ կապված լարվածություն կար, բայց իրենց հետ աշխատել է Տոմա Պետրոսյանը, դերասան Վաչե Երիցյանի կինը՝ Սրբուկը, ով Հադրութից է։

«Հետո հասկացանք, որ Ստեփանակերտի բարբառով պետք է խոսեինք, որ շատ տարբեր չլիներ․ մի փոքր դժվար էր այն առումով, որ բառեր կային, որ Հադրութի բարբառով էի ասում, բայց հուսով եմ՝ դա չի խանգարել։ Ես փորձում էի տեղի չտալ էմոցիաներիս․ համենայնդեպս, պիտի փորձել այնպես զսպել, որ կարողանաս խոսել։ Եթե չես խոսում, կարելի է նաև չզսպել․․․ »,-հավելեց դերասանուհին։

Մեկնաբանելով ներկայացման ավարտին հնչեցրած միտքը՝ «Հեռանում ենք, որ վերադառնանք», Մարջան Ավետիսյանն ասաց՝ մարդկանց, ովքեր հաշտ չեն Արցախի կորստի հետ, դա ուղերձ էր՝ ոչ թե դերասանուհու կողմից, այլ հասարակության այն շերտի, որը խորապես գիտի ու հասկանում է, թե ինչ է Արցախը հայի համար։

Արցախցի դեդոյին մարմնավորած Շանթ Հովհաննիսյանի համար  ներկայացման ընդհանուր փորձերը շատ դժվար են եղել ու հուզիչ։

«Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որտեղ անտարբեր դառնալը շատ հեշտ է։ Կարծում եմ՝ այս թեման մեր հիշողությունն էր՝ չմոռանալ, չցավեցնել, ուղղակի հասկանանք, թե ինչի միջով ենք անցել, և այն մարդիկ, ովքեր կտրված են եղել աշխարհից, ինչ ապրումներ ու ինչ կամք են ունեցել իրենց հողին ամուր մնալու, բայց, ի վերջո, ճակատագիրն այսպես տնօրինվեց։ Կարծում եմ՝ այդ ամեն ինչը դեռ կշտկվի, ու մարդիկ, ովքեր լքել են իրենց օրրանը, կվերադառնան իրենց օջախները»,- ընդգծեց դերասանը։

Նշենք, որ ներկայացման ընթացքում բեմում տեղադրված մեծ էկրանին ժամանակ առ ժամանակ ցուցադրվում էին իրական կադրեր Արցախի բլոկադայից, թե ինչպես ադրբեջանցի «բնապահպաններ» կոչվածները փակեցին Բերձորի ճանապարհը, ինչպես  էին արցախահայերը պայքարում ճանապարհը բացելու համար, ինչպես էին ժամերով կանգնում հացի հերթ ու ինչպես սեպտեմբերի 19-ի  կեսօրից հետո սկսվեց պատերազմը։

Նշենք նաև, որ դերասան Վաչե Երիցյանը մարմնավորել է Ավետիքին, Մարիամ Ալեքսանյանը՝ Աննային, Բորիս Մելքոնյանը՝ Հայկին, Էլեն Գևորգյանը՝ Մանեին։

Ներկայացման մեջ ռեժիսորը նաև ներառել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ասկերանի բենզինի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որը խլեց հարյուրավոր մարդկանց կյանք, շատերը մինչև այս պահը համարվում են անհետ կորած։

Նշենք, որ ներկայացման բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, երաժշտությունը՝ Արտեմ Վալտերի, զգեստների ձևավորող՝ Մարինե Թադևոսյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս