Ջրաձորի ամրոցում բացվել են տարբեր դարաշրջաններին վերաբերող շերտեր, գտնվել է ուրարտական տաճար

«Ներկայի շատ հարցեր հասկանալու համար պետք է հետահայաց գցենք բրոնզի դար, որովհետև այն ժամանակ տեղի են ունեցել համանման շատ երևույթներ՝ ճգնաժամեր, քաղաքական հարցեր, պատերազմներ, բանակցություններ, առևտուր, մշակութային կապեր և այլն»,- ասում է հնագետ Բենիկ Վարդանյանը, ում հետ զրուցել ենք բրոնզե դարի առանձնահատկությունների, ինչպես նաև լուռ վկաներից՝ Ջրաձորի ամրոցի մասին։

Եգիպտական աստվածների մասին  մուլտֆիլմերը Ձեզ տարել են դեպի հնագիտություն, սակայն մասնագիտությունն ընտրելու վերջնական որոշումը կայարցել եք 4-րդ կուրսում։ Ի՞նչը գերեց Ձեզ։

– Նախքան հնագիտությունն ընտրելը պատմություն էի սովորում, հետաքրքրվում էի մ․թ․ա 2-րդ հազարամյակի պատմությամբ, սակայն, երբ առաջին անգամ պատահաբար գնացի պեղումների՝ համոզվեցի, որ ուզում եմ ավելի խոր ուսումնասիրել մ․թ․ա 2-րդ հազարամյակն արդեն հնագիտության համատեքստում։

Կարդացեք նաև

Առաջին պեղումը տեղի ունեցավ Սեպասարի հնավայրում։ Ասեմ, որ առաջին մի քանի օրը ոչինչ չգտա, հետո հայտնաբերեցի վաղ բրոնզեդարյան ծիսական օջախ-վառարանը, որը բնորոշ էր ուրարտացիների մշակույթին։ Շատ տպավորված էի։

Բրոնզե դարն ինչո՞վ է առանձնանում մյուս դարերից։

– Կարող ենք ասել, որ առաջին գլոբալիզմի ժամանակաշրջանն է, որտեղ հասարակությունները ոչ միայն զարգանում էին իրենց ներքին տրամաբանության համաձայն, այլև ինտեգրված և կապված էին միմյանց հետ։ Բրոնզե դարում արդեն կային գիր, գրականություն, առևտրական ճանապարհներ, փոխադրամիջոցներ, սոցիալական հիերարխիա, որը ցույց էր տալիս հասարակության ներսում բաժանվածությունն՝ ըստ գործառույթների և դերերի։  Կարելի է ասել, որ այն շատ նման է մեր ժամանակաշրջանին. հայելային անդրադարձն է, որովհետև ձևավորվում են մշակույթի, քաղաքականության, կրոնի և այլ հարցերի հիմնական ասպեկտները, որոնց մեջ մենք հիմա ապրում ենք։ Այսինքն, հասկանալու համար ներկայի շատ հարցեր՝ պետք է հետահայաց գցենք բրոնզի դար, որովհետև այն ժամանակ տեղի են ունեցել համանման շատ երևույթներ՝ ճգնաժամեր, քաղաքական հարցեր, պատերազմներ, բանակցություններ, առևտուր, փոխանակություն, մշակութային կապեր և այլն։ Բրոնզի դարը մի ժամանակաշրջան է, որի ընթացքում ձևավորվում են հիմնական ուղղությունները, որով  մարդկությունը հետագայում անցել է։

Այդ ժամանակաշրջանին բնորոշ է նաև հարուստների և աղքատների առանձնացումը, որը, ինչպես հասկացա՝ ժառանգել ենք։

– Գիտական տերմինով՝ սոցիալական անհավասարություն, որն արտահայտվում է՝  ինչպես թաղման ծեսում, այնպես էլ՝ բնակավայրերում, ամրոցներում՝ միջնաբերդերի առկայությամբ, թաղման ծեսերում՝ գույքի առկայությամբ, դամբարանների վրա ծախսված մարդուժով։ Այսինքն, հարուստ և աղքատ  կոչվածը ժամանակակից պատկերացումներով բրոնզի դարում այլ կերպ էր արտահայտվում։  Երբ ասում ենք հարուստ՝ ենթադրում ենք, որ պետք է ունենա մեծ քանակությամբ ոսկեղեն, գումար  և այլն, բայց բրոնզի դարի մարդու պատկերացումներում հարստությունը կարող  էր լինել մեծ գլխաքանակով մանր եղջերավոր անասունը, կարող էր արտահայտվել թաղման ծեսի մեջ զոհաբերված կենդանիներով, լիներ փոքր դամբարանաբլուր, բայց ունենար մեծ քանակով ուղեկցող էլիտար գույք, և հակառակը, կարող էր լինել շատ մեծ դամբարանաբլուր, որի համար մեծ թվով մարդիկ են աշխատել, և, հավանաբար, կենդանության օրոք են սկսել կառուցել այն, որովհետև երբեմն այնպիսի դամբարանների ենք հանդիպում, որոնք ունեն 50-60 մետր տրամագծով շրջանաձև կրոմլեխներ, ահռելի մեծ դամբարանախցեր, քարե, հողային լիցք, որը դժվար թաղումից հետո մի քանի օրում կառուցվեր։ Կարծում ենք, որ շատ դամբարաններ կառուցվել են էլիտար մարդկանց  համար՝ կենդանության կամ կյանքի վերջին օրերին, որ նախապատրաստեն հանդերձյալ աշխարհ գնալուն։

– Հիմա էլ է այդպես ճոխ գերեզմանոցներ են կառուցում, սակայն, ի՞նչ լավ սովորույթ է մինչև մեր օրեր հասել։

Նամակագրությունը, նվերների մշակույթը՝ քաղաքական բանակցությունների ժամանակ։

Բրոնզե դարին բնորոշ է նաև պարիսպների կառուցումը։

– Այո։ Այդ ժամանակ ի հայտ է գալիս սոցիալական անհավասարությունը, ձևավորվում են, այսպես կոչված, բարդ հասարակությունները, որոնց  մեջ առանձնանում էին սոցիալական որոշ դերերով օժտված անձինք։ Բնակչությունն աստիճանաբար  դառնում է նստակյաց, ձևավորվում է բնակավայր, որի շուրջ տարածվում էին դամբարանադաշտերը։ 2-րդ հազարամյակի կեսերից ի հայտ են գալիս  պաշտպանված, ամրացված բնակատեղեր, որոնք երկաթե դարում վերածվում են հզոր պաշտպանական կառույցներով ամրոցների, քաղաքատիպ բնակատեղիների, ինչպես, օրինակ, Լճաշենը, Հոռոմը, Ույծը և այլն։ Պարիսպների առկայությունն առաջին հերթին ուներ պաշտպանական նշանակություն, բայց ոչ միայն միմյանցից, այլև կենդանիներից, բնության տարերքներից և այլն։

Կարելի է  ասել՝ ընթացքում առաջանում է տարածքի սեփականության գիտակցման մի օրինակ, որը հետագայում դառնում է գավառային բաժանման հիմքը, ինչը տեսնում ենք  միջնադարում։

Լոկալ տարածքներում առաջանում են թագավորություններ, որոնք ունեցել են իրենց կենտրոնական քաղաքները, ռեսուրսների օգտագործման տարածքները։ Այսինքն, 2-րդ հազարամյակի կեսերից գործ ունենք այնպիսի հասարակության հետ, որոնց կյանքում կար ռազմական, տնտեսական, բյուրոկրատական իշխանություն։  Սա դառնում է բարդ հասարակությունների հիմքը, որով հետագայում ձևավորվում են վաղ պետական կազմավորումները, պետությունները։

Եղել  է նաև դիակիզման ծես. ինչքա՞ն ժամանակ է տևել։

– Թաղման ծեսերը բազմազան են և կապված են՝ ինչպես հոգևոր պատկերացումների, այնպես էլ՝ սոցիալական կարգավիճակի հետ։ Թաղման ծեսերում գերակշռող է դիադրման տարբերակը, երբ մահանալուց հետո աճյունը տեղադրում են աջ կամ ձախ կողքի կծկված, որն էմբրիոնի դիրքն է և կապված է հոգևոր պատկերացման հետ․ այնպես, ինչպես ծնվել է՝ պետք է մահանա, որ նորից վերածնվի, իսկ դիակիզման ծեսը Հայկական լեռնաշխարհի տարածքում առկա տվյալների համաձայն՝ ի հայտ է գալիս միջին բրոնզի դարում։ Վերսկսվում է ուրարտական ժամանակաշրջանում՝ մ․թ․ա 1-ին հազարամյակում։ Ինչպես միջին բրոնզե դարում, այնպես էլ ուրարտական ժամանակաշրջանում դիակիզման ծեսը կապված է հասարակության վերնախավի հետ։ Հետազոտությունները ցույց են տալիս դիակիզված դամբարանաբլուրներում փոխադրամիջոցների, ոսկուց, արծաթից զարդերի առկայություն, ծիսական, քրմական սիմվոլիկա արտահայտող իրեր, իսկ դրան զուգահեռ՝ դիադրման եղանակով արված դամբարաններում այդ իրերը բացակայում են։  Սա ցույց է տալիս, որ դիակիզումը եղել է իշխանության արտահայտման մի տարբերակ, որը կապված է  եղել արևի պաշտամունքի, առաջնորդների աստվածային ծագման գաղափարի հետ, որովհետև կրակը մաքրագործում էր, վերածնում։ Բրոնզե դարում առաջնորդներն իրենց համարում էին արևի աստվածներ։

– Վերջին տարիներին խոսակցություններ կային, որ ցանկանում են դիակիզարան հիմնելԴուք կո՞ղմ կլինեք, թե՞ դեմ։

– Դժվար է այդ հարցին պատասխանել՝ մեր հասարակության առանձնահատկությունները հաշվի առնելով, բայց բրոնզե դարից սկսած մեր հասարակությունները հիմնականում նախընտրել են դիադրման  եղանակը, և կարծում եմ, այդ ավադույթն աշխարհի բնակչության բոլոր շերտերում մնացել է՝ որպես թաղման հիմնական  տարբերակ, իսկ դիակիզումները հատուկենտ, տասնյակների հասնող օրինակներ են։

Բրոնզե դարի լուռ վկաներից է Ջրաձորի ամրոցը, որտեղ պեղումները սկսվել են 2016 թվականից։ Այս ընթացքում ի՞նչ է հայտնաբերվել։

– 2016թ․Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողների կողմից սկսվեց Շիրակի մարզի տարածքում՝ Ախուրյան գետի ավազանում ամրաշինական կառույցների, ամրոցների հետազոտության հնագիտական նախագիծ, և մի քանի ամրոցների պեղումներից հետո արշավախումբը  կանգ առավ Ջրաձորի ամրոցի վրա, որը գտնվում է Ախուրյան և Հողմիկ գետերի միախառնման հատվածում։ Առաջին իսկ տարվա պեղումները հռչակվեցին մեծ հայտնագործություններով. հյուսիսային պարսպի տակ բացվեցին զենքերի մնացորդներ՝ ինչպես ուրարտական, այնպես էլ՝ էթիունիան ծագման՝ տեղական երկաթե դարի մշակույթին բնորոշ։ Մի քանի տարի է՝ հետազոտությունները շարունակում ենք տարբեր հատվածներում։ Ջրաձորի ամրոցը տարածաշրջանի եզակի հուշարձաններից է, որը համապարփակ կերպով ցույց է տալիս բրոնզի և երկաթի դարի ամրաշինական  կառույցների փոփոխության հարացույցը։  Մենք այնտեղ տեսնում ենք՝ ինչպես ուշ բրոնզեդարյան, այնպես էլ՝ վաղ երկաթե, ուշ երկաթեդարյան, միջնադարյան ամրաշինական համակարգերի միաձուլում՝ նույն տարածքում։ Ունենք երկաթեդարյան պարիսպ, որը միջնադարում վերաշինվել, օգտագործվել և կրկնում է  Բագրատունյաց անիական ոճը։ Պարիսպները  մի կողմից՝ տեղական պարսպաշինության ոճն են ցույց տալիս, մյուս կողմից՝ ուրարտական ամրաշինական կառույցներին բնորոշ հատկանիշները։ Այսինքն, Ջրաձորի ամրոցը գիտական մեծ հետաքրքություն է ներկայացնում գոնե թե ամրաշինական կառույցների տրամաբանությունը հասկանալու տեսակետից։

Բացվել են նաև տարբեր դարաշրջաններին վերաբերող շերտեր։ Առկա է ուշ բրոնզեդարյան կարևոր կացարան, որը մեկնաբանվեց՝ որպես սրբարան, տաճար։ Այդ տեսակ կառույցներ հայտնաբերվել են նաև Արագածի  լանջերի մյուս հնավայրերում, օրինակ՝ Գեղարոտի հնավայրում։ Ըստ երևույթին, տարբեր ժամանակահատվածում ամրոցը չի կորցրել իր սրբազան դերը և երկաթեդարյան ժամանակաշրջանում արդեն ամրոցի գագաթին ուրարտական պետության կողմից կառուցվել է քառանկյուն հիմքով մի տաճար։ Արդյոք Ջրաձորում  Խալդի աստծո պաշտամո՞ւնք է եղել, թե՞ տեղական աստծո, չենք կարող ասել։ Հստակ է, որ Ջրաձորի ամրոցն ուրարտական ժամանակաշրջանում ունեցել է շատ կարևոր ռազմաստրատեգիական նշանակություն։

Առաջին հերթին հսկում էր ճանապարհը դեպի հյուսիս, մյուս կողմից ճանապարհ էր դեպի Արևմուտք՝  Արդահան։ Ուրատացիների համար այն եղել է կարևոր հենակետ, որտեղ վերջինները ոչ միայն տաճար են կառուցել, այլև, ամենայն հավանականությամբ, արևմտյան լանջին դեռ ունենք բացահայտելու մի շատ հետաքրքիր կառույց, որը, մեր արշավախմբի կարծիքով՝ կարող  է լինել վարչական շինություն կամ ձիանոց, ինչը շատ բնորոշ էր ուրարտական քաղաքներին, հենակետերին։

Ջրաձորի ամրոցի գագաթին կառուցված տաճարը մեզ համար կարևոր նշանակություն ունի, որովհետև առաջին պերիֆերիալ գոտում, մարզերում կառուցված նմանատիպ շինությունն է՝ ուրարտական ոճով, տեղական քարերով, ստանդարտներով։ Ցույց է տալիս, թե ինչպես է ուրարտական պետությունն ինտեգրվում մարզերում։

Հետաքրքիր է, որ ուրարտական ոճի տաճարը զարգացած միջնադարում  վերածվել է քրիստոնեական սրբարանի. քարերից մի քանիսի վրա ունենք խաչապատկերներ, միջնադարյան իրեր, դրամներ, ճրագներ։ Սա ցույց է տալիս, որ տաճարը չի կորցրել իր հոգևոր նշանակությունը՝ անգամ քրիստոնեության ծաղկման ժամանակաշրջանում, և տեղի կայազորի համար օգտագործվել է որպես աղոթարան։

Պեղումներն այս տարի ևս շարունակվելո՞ւ են։

– Այո։ Մեր առջև խնդիր ենք դրել՝ այս տարվա ընթացքում ամրոցի  տարածքում պեղված նյութերի ամբողջական հետազոտություն և գիտական մշակում, հրապարակում։

Հետազոտությունները Հայաստանո՞ւմ են արվում, թե՞ արտերկրում։

– Հիմնական հետազոտությունները՝ նյութերի մշակում, խեցեղենի թվագրություն, վերականգնում, արվում է  Հայաստանում, բայց կան հետազոտությունների տեսակներ, որոնք ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, որն է՝ ռադիոածխածնային թվագրություն, իզոտոպային, ԴՆԹ հետազոտություն, որոնք անում ենք եվրոպական լաբորատորիաներում։ Օրինակ, Ջրաձորի հնավայրի ռադիոածխածնային ճշգրիտ թվագրության համար համագործակցում ենք Բեռլինի հնագիտական ինստիտուտի հետ։

– 10 տարուց ավելի է՝ խոսում են Ջրաձոր գյուղի տարածքում Կապսի ջրամբարի կառուցման մասին։ Դա վնաս չի՞ ներկայացնում ամրոցի համար։

– Փաստագրվել, հավաստագրվել են բազմաթիվ հուշարձաններ՝ Ախուրյանի կիրճում, շրջակա միջավայրերում և հստակ առանձնացված են անմիջական և երկրորդային ազդեցության ենթարկվող գոտիները։ Նախորդ տարի աշնանը Կապսի ջրամբարի կառուցման նպատակով կատարեցինք փրկարարական պեղումներ՝ Ախուրյան կիրճի տարածքում գտնվող մի քանի քարանձավներում, և պարզվեց, որ քարանձավներից առնվազն մեկը միջնադարում օգտագործվել է՝ որպես կացարան։

Բացվեց գետնաթաղ մեծ կարաս, տարբեր խեցանոթների բեկորներ։ Այսինքն, միջնադարում Ջրաձորի ամրոցի բնակիչներն օգտագործել են ոչ միայն ամրոցի տարածքը, այլև Ախուրյանի կիրճը, շրջակա միջավայրը, և դա նույնական է այն նույն տարածքների հետ, որոնք հիմա օգտագործում են Ջրաձորի բնակիչները։ Այսինքն, կենսամիջավայրի յուրացման տեսակետից ոչինչ չի փոխվել վերջին 2000 տարվա ընթացքում։ Ջրաձորի ամրոցը, ըստ իմ ունեցած տվյալների, անմիջական ազդեցություն չի կրելու Կապսի ջրամբարի շինարարության ավարտական փուլից հետո։ Ճանապարհն է փոխվելու, որը փոքր-ինչ փոխելու է հասանելիությունը դեպի ամրոց, սակայն հնագիտական շերտերին, մշակութային կառույցներին ոչինչ չի սպառնալու։ Իրարից հեռու բարձրությունների վրա են լինելու։

Գյուղը տեղափոխելու են, և այս դեպքում ինչպե՞ս է դառնալու զբոսաշրջային վայր։

– Բարդ հարց է։ Դրան կարելի է մոտենալ համակարգային։ Գյուղը և հնավայրը մշակութային ամբողջություն են կազմում  և գյուղի տարածքում 19-րդ դարի վերջի տուֆաշերտ շատ գեղեցիկ շինություններ  կան, որոնք կարոտ են ռեստավրացիայի, թանգարանացման։ Կան հազարաշեն կառուցվածքով հացատներ, որոնք  նույնպես բացառիկ են ամբողջ Հայաստանի համար։ Չգիտեմ՝ ինչպես պետք է այդ հարցին մոտենալ։ Ամրոցի զբոսաշրջային պոտենցիալն օգտագործելու համար մեր պեղումները մեծ մակերես են բացել և թույլ են տալիս այն դարձնել զբոսաշրջային կենտրոն։ Մեկ փաստ ասեմ. ուրարտական տաճարի պեղումներից հետո բարձրացված հասարակական հետաքրքրությունից հետո մեծ քանակությամբ խմբեր են եկել հնավայրի տարածք՝ այցելության։ Իսկ պեղումների ընթացքում շատ մարդիկ եկել են մասնակցելու կամ հետևելու աշխատանքներին։ Նրանց թիվն անցում է 200-ը։ Սա նշանակում է, որ հնավայրն ունի զբոսաշրջային պոտենցիալ և ճիշտ համակարգային մոտեցման պարագայում կարող  է լինել ջրամբար-ամրոց-գյուղ կոմբինացիայի մեջ ճիշտ զբոսաշրջային կոմպոնենտ՝ Շիրակի մարզի համար։

Քանի որ բրոնզե դարը շատ եք սիրում, կցանկանայի՞ք այդ ժամանակաշրջանում ապրել։

– Կուզենայի դիտարկել, բայց չապրել։ Լինել հնագետ՝ բրոնզե դարում, այդ հասարակության ծպտյալ անդամ, ժամանակի մեքենայով գնալ անցյալ, դիտարկումներ անել, իմանալ լեզուն, գրի առնել շատ ավանդույթներ, սովորույթներ, պատճառահետևանքային կապի տրամաբանություններ և հետ վերադառնալ ժամանակակից հասարակություն։

Տեսանյութեր

Լրահոս