ԼԵՆԱ՛ ՆԱՆՈՒՇՅԱՆ, ԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄԴ ՔԱՆԻ՞ ՄԱՐԴ ԵՍ ԲՈՒԺԵԼ, ՈՐ ԾԱՂՐՈՒՄ ԵՍ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Բժիշկները, բուժքույրերը և մայրապետներն արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնում են իրենց դժգոհությունները՝ կապված աշխատավարձերի ուշացումների և զգալի կրճատումների հետ։ Ըստ բուժաշխատողների՝ կան մասնագետներ, որոնք նույն աշխատանքը կատարելու դիմաց ստացել են 2-3 անգամ ավելի ցածր վարձատրություն։
Այս ուշագրավ իրավիճակի մասին 168.am-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
«Դժգոհությունները լայն արձագանք են ստացել սոցիալական հարթակներում, որտեղ բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության մամուլի խոսնակի գրառման։ Գրառումը որոշ ժամանակ անց հեռացվել է, սակայն հասցրել է դժգոհության ալիք բարձրացնել մասնագիտական համայնքում»,- իրավիճակը ներկայացրեց առողջապահության ոլորտի փորձագետը:
Վերջինս հավելեց՝ իր գրառմամբ նախարարության խոսնակը կասկածի տակ էր դրել բուժաշխատողների դժգոհությունների մասշտաբը՝ նշելով. «Որտե՞ղ են բուժաշխատողները, գուցե ճշտեիք՝ ո՞վ է լիազորել ՀԿ ներկայացնող երեք անձանց խոսել ՀՀ բոլոր բուժաշխատողների անունից»։
«Ֆլեշմոբին մասնակցող բուժաշխատողները նշում են, որ նախաձեռնող խմբի բարձրացրած խնդիրները վերաբերում են ոլորտի լայն շրջանակներին և արտահայտում են իրական ու համակարգային մտահոգություններ, այլ ոչ թե առանձին անձանց կամ կազմակերպությունների դիրքորոշում»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Նա խոսեց նաև առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի՝ բժիշկներին ուղղված ծաղրական տեսանյութի մասին, որը նույնպես հրապարակումից որոշ ժամանակ անց հեռացվել էր առողջության համընդհանուր ապահովագրության ռեֆորմի պատասխանատու փոխնախարարի սոցիալական հարթակից:
«Լենա՛ Նանուշյան, դու կյանքումդ քանի՞ մարդ ես բուժել, որ ծաղրում ես բուժաշխատողներին»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ «Բուժաշխատողների նախաձեռնող խումբը» պաշտոնական գրություններ էր հանձնել ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին՝ պահանջելով կազմակերպել խորհրդարանական լսումներ համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի շուրջ առկա խնդիրների վերաբերյալ։
Խմբի պնդմամբ՝ նոր կարգավորումների արդյունքում մի շարք բուժաշխատողների աշխատավարձերն էապես նվազել են, իսկ կիրառվող մեխանիզմները հանգեցնում են նաև բուժաշխատողների սոցիալական և մասնագիտական իրավունքների խախտման։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:



