«Քանի դեռ մարդը մեր մեջ չի մահացել, խիղճը կենդանի է, հնարավոր է վերածնունդը». «Ծիծաղելի մարդու երազը»՝ Իննա Հախնազարյանի ռեժիսուրայով

Օրերս Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ֆեոդոր Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը» հայտնի ստեղծագործության հիման վրա բեմադրված պլաստիկ դրամատիկական ներկայացման առաջնախաղը՝ Իննա Հախնազարյանի ռեժիսուրայով։
Բեմում ներկայացվեց մարդու յուրահատուկ ներքին ճամփորդությունը, երբ մարդն ինքն իր հետ է և լույս է փնտրում։

Իննա Հախնազարյանի խոսքով՝ այս ներկայացման հիմքում անհատի փնտրտուքներն են, մարդու միայնության բախումը հասարակության հետ։ Մանրամասն ներկայացված է մարդու վերածնման և կյանքի վերարժևորման գաղափարը, ինչ-որ առումով ներկայացվում է նաև ճանապարհը՝ ինչպես գտնել ներքին լույսը և տարածել։

«Երազը յուրահատուկ ճանապարհ է հանդիսանում մեր հերոսի համար։

Նա մեղք էր գործել, բոլորս էլ մեղավոր ենք, սակայն պետք է կարողանանք մեր մեջ կամք գտնել։ Քանի դեռ մարդը մեր մեջ չի մահացել, քանի դեռ խիղճը կենդանի է, հնարավոր է վերածնունդը։ Հերոսը չի գործում ինքնասպանություն, որովհետև ցավը սկսում է նրան տանջել, խիղճը՝ խոցել։ Հասկանում է, որ չի օգնել մերձավորին։ Եվ երազի ճանապարհով անցնելով՝ գնում է հույսի հետևից»,- ներկայացման պրեմիերայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսորը։

Կարդացեք նաև

Ներկայացման մեջ ներգրավված են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Սուրեն Շահվերդյանի արվեստանոցի ավարտական կուրսի ուսանողները։ Իննա Հախնազարյանը նրանց դասավանդել է բեմական շարժում։ Նա խոստովանում է՝ ներկայացման խմբային պլաստիկան այդքան էլ հեշտ չի տրվել, քանի որ դա պահանջում է ոչ միայն տեխնիկա, այլև փոխզգացողություն:

«Մենք երկար ենք չարչարվել ու տանջվել։ Փորձել ենք այնպես անել, որ բեմում լինեն ոչ թե առանձին դերակատարներ, այլ մեկ շնչող, մեկ զգացող օրգանիզմ։

Երաժշտական ձևավորումն անձամբ եմ արել, փորձել եմ գտնել հնարավորինս լավագույնը, իդեալական տարբերակը ներկայացման համար գրված օրիգինալ երաժշտությունը կարող էր լինել։ Փորձել եմ ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որոնք խոսեն տեսարանի լեզվով, ընտրությունը կատարել եմ մեկ հեղինակային ձեռագրի շրջանակում՝ Ռեն Ռեգնոնի երաժշտությունից, սակայն կան նաև այլ հեղինակներից հատվածներ»,- հավելեց նա։

Ռեժիսորը նաև դրամատիկական թատրոնի դերասանուհի է, աշխատել է Տիկնիկային թատրոնում։ Ասում է՝ այս երկու յուրահատուկ աշխարհները երբեք հակադրության մեջ չեն եղել իր համար։
Իսկ գլխավոր հերոսի հորդորը հետևյալն է.

«Գլխավորը՝ սիրիր այլոց, ինչպես ինքդ քեզ, ահա գլխավորը, և դա է ամենը, այլ բանի, ավելիի կարիք բնավ չկա։ Նույն պահին կգտնես՝ ինչպես կարգի բերել ամենայն բան։ Այնինչ դա միայն ու միայն հինավուրց ճշմարտություն է, որը բիլիոն անգամ կրկնել են, կարդացել, բայց ախր չի բնավորվել այն մեր մեջ։ «Կյանքի գիտակցումը վեր է կյանքից, երջանկության օրենքների իմացությունը վեր է երջանկությունից». ահա թե ինչի դեմ պիտի պայքարել։ Եթե միայն բոլորը կամենան՝ նույն պահին էլ ամեն բան կարգի կգա»։

Տեսանյութեր

Լրահոս