Այսօր սկսվեց 2003թ. Իրաքում մեկնարկած մեծ դրամայի երկրորդ արարը. Ֆյոդոր Լուկիանով

168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկիանովն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են միջազգային համակարգի տրանսֆորմացիայի առանցքային միտումները և ժամանակակից համաշխարհային քաղաքականության հիմնական մարտահրավերները:

Զրույցի կենտրոնում էր նոր աշխարհակարգի ձևավորման հարցը: Փորձագետը դիտարկել է, թե որ գործոնը կլինի որոշիչ՝ ռազմական հակամարտություննե՞րը, տնտեսական մրցակցությո՞ւնը, թե՞ տերությունների տեխնոլոգիական մրցակցությունը, և թե ինչպես է այդ տարրերի համադրությունը փոխում գլոբալ անվտանգության ճարտարապետությունը:

Առանձին բաժին նվիրված էր միջազգային հարաբերությունների ներկայիս անցումային շրջանին, որը Լուկիանովը բնութագրում է «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» բանաձևով։ Քննարկվել է՝ արդյո՞ք նման վիճակը համաշխարհային քաղաքականության նոր երկարաժամկետ մոդել է, թե՞ լոկ ժամանակավոր փուլ՝ նախքան ավելի լայնածավալ ճգնաժամն ու ուժերի վերաբաշխումը:

Զգալի ուշադրություն է դարձվել ԱՄՆ-ի դերին համաշխարհային համակարգում։ Ըստ փորձագետի՝ 2026 թվականի բազմաթիվ ռիսկեր կապված են հենց Վաշինգտոնի գործողությունների հետ. քննարկվել է՝ արդյո՞ք դա ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարության դրսևորում է, թե՞ արձագանք գլոբալ առաջնորդության աստիճանական էրոզիային: Այս համատեքստում դիտարկվել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ տևական «մարող հակամարտության» սցենարը:

Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների թեմայի շրջանակում վերլուծվել է Եվրոպայի սուբյեկտայնության հարցը՝ արդյոք այն ունա՞կ է հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական դերակատար, թե՞ հիմնականում մնում է դիտորդի կարգավիճակում՝ առանցքային որոշումների կայացման գործընթացում:

Առանձին քննարկվել է Ռուսաստանի ներքին կայունությունը՝ որպես պետության ռազմավարական առաջնահերթություն։

Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքին, մասնավորապես՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության հետևանքներին և դրա ազդեցությանը ուժերի գլոբալ հավասարակշռության ու տարածաշրջանային անվտանգության վրա:

Զրույցի ավարտին անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասին: Քննարկվել է, թե ինչպես կարող են անվտանգության համաշխարհային ճարտարապետության փոփոխությունները, մեծ տերությունների հարաբերությունների դասավորությունը և այլ ուղղություններով առկա ճգնաժամերն ազդել տարածաշրջանի, դրա քաղաքական դինամիկայի և կայունության հեռանկարների վրա:

Հաղորդումը ստացվել է հագեցած և ընդգրկել է հարցերի լայն շրջանակ՝ աշխարհակարգի գլոբալ տրանսֆորմացիայից մինչև տարածաշրջանային գործընթացներ, որոնք ուղղակիորեն ազդում են Հարավային Կովկասի ապագայի վրա:

Հայկ Դերզյան

 

Տեսանյութեր

Լրահոս