ԱՄԷ-ն կարող է անցնել ավելի վճռական գործողությունների, եթե Իրանը շարունակի ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակումները
ԱՄԷ միջազգային համագործակցության հարցերով նախարար Ռիմ Ալ Հաշիմին CNN-ին հայտնել է, որ երկիրը կարող է անցնել ավելի վճռական գործողությունների, եթե Իրանը շարունակի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակել երկրի ուղղությամբ։
«Մենք պատրաստ ենք պաշտպանվել։ Հուսով ենք՝ բանը դրան չի հասնի, բայց… մենք ձեռքներս ծալած չենք նստի, քանի դեռ շարունակում ենք նման հարձակումների թիրախ լինել»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Ալ Հաշիմին։
Հարցին՝ արդյոք ԱՄԷ-ն կարող է անցնել ռազմական գործողությունների, բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է. «Եթե բանը դրան հասնի»։
«Այժմ գնդակն Իրանի դաշտում է. ինչպե՞ս են նրանք ցանկանում վարվել մի հարևանի հետ, որն ավանդաբար նրանց նկատմամբ շատ արդարացի և բարիդրացիական է եղել»,- հավելել է նա։
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը շաբաթ երեկոյան հայտնել է, որ Իրանն ԱՄԷ ուղղությամբ արձակել է առնվազն 137 բալիստիկ հրթիռ և 209 անօդաչու սարք, որոնց մեծ մասը խոցվել է, բացառությամբ թիրախներին հասած 14 անօդաչուի։
Իրանը հրթիռների և անօդաչուների հարձակման աննախադեպ ալիք է սկսել՝ թիրախավորելով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, ինչպես նաև տնտեսական և զբոսաշրջային կենտրոն Դուբայը։
«Մենք ունենք աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերից մեկը և անում ենք ամեն ինչ մեր անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Ալ Հաշիմին: «Մենք ունենք շատ հզոր ենթակառուցվածքներ… Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա այդպես մնա մեր բոլոր քաղաքացիների և բնակիչների համար»։



