Բայրամովը վստահեցրել է Արաղչիին՝ ոչ մի երկիր Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ չի օգտագործի
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին այսօր՝ մարտի 1-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ռազմական էսկալացիան. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իրանում ռազմական գործողությունների և տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը տեղեկություններ է ներկայացրել ներկա իրավիճակի և ձեռնարկված քայլերի մասին։
Բայրամովն իր հերթին «լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի ողբերգական էսկալացիայի, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի և խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ»։
«Հույս է հայտնվել, որ ռազմական գործողությունները շուտափույթ կդադարեցվեն, և ներկա իրավիճակը կկարգավորվի միայն երկխոսության ու դիվանագիտական միջոցներով՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։
Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ ոչ մի երկիր չի կարող օգտագործել Ադրբեջանի տարածքը հարևան և բարեկամ Իրանի դեմ։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։



