Սրանց համար վերարտադրվելը դարձել է կյանքի իմաստ, և նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնելու․ Գևորգ Պետրոսյան

Թոշակների բարձրացումը նախընտրական կաշառք է, ընդ որում՝ իրենք իրենց հակասում են։ Քանի կար՝ ասում էին՝ թոշակառուն ծախսել չգիտի։ Նիկո՛լ, դա քո ի՞նչ գործն է, դու չգիտե՞ս, որ անձն ազատ է իր սեփականությունը տնօրինելու հարցում։ Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ 520 դրամով 5 լիտր բենզին ես առնում, ծախսում ես 1100 դրամ, սա խայտառակության գագաթնակետն է։ Մարդկանց բերում, նշանակում ես մի պաշտոնի՝ չստուգելով նրանց ունակությունները։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, իրավագիտության թեկնածու Գևորգ Պետրոսյանը:

«Սրանց պարգևատրումները լրիվ ապօրինի են։ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ պարգևատրում տրվում է այն դեպքում, երբ աշխատողը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները, նախատեսվածից ավելի արդյունք է ցույց տվել։ Ո՞ր ոլորտում մենք ունենք հաջողություն՝ սոցիալական ապահովությա՞ն, առողջապահությա՞ն, ժողովրդավարությա՞ն։ Այսօր ով օրինական կարգով ընտրվում է, հաջորդ օրը տանում, մի բան հնարում, ձերբակալում կամ կալանավորում են։ Հայաստանը դարձել է Ալիևի ցուցումներով ղեկավարվող պետություն»,- ասաց հասարակական գործիչը:

«Մեր երկիրը կործանում է երկու որակ՝ անգրագիտությունը և մորթապաշտությունը։ Հիմա ում հարցնես՝ ասում է՝ հրաման եմ կատարում։ Հանցագործը միշտ հույս ունի, որ չի պատժվելու, չի բացահայտվելու, բայց նրանք բոլորը պատասխան են տալու։ Նիկոլն իր բոլոր թիմակիցներին փալաս է դարձրել, ինքը մի հիմարություն դուրս է տալիս, մյուսները լծվում են դա հիմնավորելու գործին։ Բոլորդ դատվելու եք։ Նիկոլն անցել է թշնամու կողմը, երբ ասում է, որ Արցախն Ադրբեջան է, և վերջ։ Նա Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է։ Եվ սրանք ժողովրդի հաշվին պետական բյուջեից այդքան միլիոնների աշխատավարձ են ստանում՝ երկիրը խայտառակելով, ժողովրդի հեղինակության վրա թքելով»,- նշեց Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Նախկին պատգամավորի կարծիքով՝ մեր գերակա շահն այս վարչախմբից ազատվելն է, որը երկիրը սրընթաց տանում է դեպի կործանում. «Սրանց համար վերարտադրվելու ցանկությունը դարձել է կյանքի իմաստ, նպատակ, և նրանք ոչնչի առաջ չեն կանգնելու։ Այսօր Արշակ սրբազանը, Բագրատ սրբազանը, Միքայել սրբազանը, Վահագն Չախալյանը, Սամվել Կարապետյանը, Խաչիկ Գալստյանը, մյուսներն ի՞նչ գործ ունեն անազատության մեջ։ Իսկ իրենց պես փողոցային խուժաններն այսօր ազատության մեջ ըմբոշխնում են կյանքը։ Եթե մենք գեթ մեկ գերի էլ ունենք, ուրեմն չկա խաղաղություն։ Դո՛ւք եք պատերազմ բերել, դո՛ւք եք պատերազմը պարտվել, դո՛ւք եք հիմա ձեր գործողություններով ամեն ինչ անում, որ պատերազմը վերսկսվի»:

«Անցել են շանտաժի լեզվին, որ իբր՝ եթե չընտրվեն, անկախություն չի լինի։ Արդեն անկախությունն էլ են հանել աճուրդի։ Նման ամբարտավանություն և խուժանություն ոչ մի իշխանության օրոք չի եղել։ Երևան քաղաքում որ վարչական շրջան մտնես, ամբողջը քանդած է։ Փոսերի մեջ ընկնող վարորդներն էլ ոչ մի փոխհատուցում չեն ստանում։ Տիգրան Ավինյանին, որ այնտեղ վեր ընկած է, դատի տվեք, պահանջեք վնասների հատուցում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս