Դավաճանության այս դարում մարդու մտքով ինչ ասես անցնում է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Չեմ ուզում հոգուս մեղք անել, բայց դավաճանությունների ու քաղաքական մեծ առևտրի մեր օրերում ինչ ասես մարդու մտքով անցնում է։ Մինչ իսրայելական քարոզչությունը խոսում է Իրանի հոգևոր առաջնորդի՝ Ալի Խամենեի, սպանության մասին, մտովի վերադառնում եմ 2024թ. մայիսի 20, երբ, ըստ պաշտոնական վարկածի, եղանակային վատ պայմանների պատճառով կործանվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը։
Իսկ դրանից ավելի վաղ՝ 2020 թվականի հունվարի 3-ին Իրանը մարսեց իր լավագույն զավակներից մեկի՝ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը։
Դրանից ամիսներ անց Իրանը, ցավոք, անթաքույց ուրախությամբ, հետևում էր Ադրբեջանի հարձակմանը Արցախի Հանրապետության վրա։ Այդ պատերազմում Ադրբեջանին զգալի աջակցություն էր ցուցաբերում Իսրայելը։ Թեհրանն այդ փաստի վրա էլ է աչք փակել։
Շարունակե՞մ՝ մեղմ ասած կասկածելի իրադարձությունների շարքը։ 2024թ. սեպտեմբերին Իսրայելը Թեհրանում հրթիռային հարվածով սպանեց Համասի և Հեզբոլլահի առաջնորդներին։ Հիշու՞մ եք Իրանի «պատասխանը»։ Շքեղ հրավառություն և ուրիշ ոչինչ։
Նույն 2024 թվականի վերջին Սիրիայում ընկավ Բաշար ալ-Ասադի իշխանությունը։ Իհարկե, շատերը կարող են վիճել ինձ հետ, բայց համոզմունքս է, որ Ասադն էլ է դարձել իր ընկերների դավաճանության զոհը։ Ի դեպ, ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի ընկերների զոհը։
Ու թեև նույնը չեմ կարող ասել անցած տարվա 12-օրյա պատերազմի մասին, բայց այնտեղ էլ ահագին հարցեր կան։ Ցավոք, կան…
Այս ամենը թերևս չհիշեի, եթե Իրանի դեմ իրականացված այսօրվա հարձակումն այդքան սպասելի չլիներ ինձ համար։ Ու եթե հանկարծ պարզվի, որ Խամենեին իսկապես զոհվել է, իսկ պատերազմն էլ երկու-երեք օր անց ավարտվի, ստիպված կլինեմ շարունակել նույն կասկածներով առաջնորդվել։ Նորից եմ ասում՝ դավաճանության այս դարում մարդու մտքով ինչ ասես անցնում է։
Բայց եթե նույնիսկ մի կողմ դնենք դավաճանության ու առևտրի մասին կասկածներըս, միևնույն է մեկ բան հստակ է՝ այդքան վիրավորանքներ կուլ տալը երբեք անհետևանք չի մնում։
Ամեն դեպքում՝ հուսով եմ, որ բոլոր կասկածներս անտեղի են, և Իրանը պատվով կդիմակայի այս փորձությանը, ճիշտ հետևություններ կանի ու կրկին կդառնա այնպիսին, որպիսին կարող է լինել միայն Իրանը»:



