Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ
Այս պահի դրությամբ Մերձավոր Արևելքի երկրներում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, հայտնում է ԱԳՆ-ն։
«Հարց․ Արդյո՞ք Մերձավոր Արևելքի երկրներով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման պատճառով կան այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
Պատասխան․ Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։
Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու, պայմանները պարզելու և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքներ տանելու նպատակով:
Որոշ դեպքերում ավիաընկերությունների կողմից առաջարկվում են թռիչքների փոփոխման տարբերակներ, իսկ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։ Այս մասով լրացուցիչ հաղորդագրություն տարածվել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից. https://www.facebook.com/share/1FujyDn9RC/?mibextid=wwXIfr:
Հավելենք, որ ներկայումս ԱՄԷ-ում դեսպանությունը օպրետաիվ կապի մեջ է նաև ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները ևս շարունակում է իրենց գործունեությունը։ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։
Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։
Դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժի գծի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Ճշտվում և պարբերաբար թարմացվում է այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը։
ԱԳՆ թեժ գիծը փետրվարի 28-ին և մարտի 1-ին (13:30-ի դրությամբ) ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ։ Ի հերքումն սոցիալական որոշ հարթակներում տարածված տեղեկատվության, որևէ զանգ անպատասխան չի մնացել։ Ուղղված հարցերը հիմնականում վերաբերվել են չվերթների վերականգնման կամ Հայաստան տարհանման կամ վերադառնալու այլ հնարավորություններին։
▫️Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին հետևել տեղական իշխանությունների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տարածվող պաշտոնական ցուցումներին և տեղեկատվությանը։
Այսօր ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած ԱԽ նիստի մասնակիցները խորն ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները.
Իրան. +98 902 0059927
Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144
Արաբական Միացյալ Էմիրություններ. +971 506144624, +971509367385, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993
Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174
Օման. +968 93812337
Կատար․ +974 44919232, +974 33303979
ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)»։



