Թուրքիան կարող է բուֆերային գոտի ստեղծելու պատրվակով զորք մտցնել Իրանի սահմանամերձ շրջաններ. պետք է զգոն լինել և պատրաստ ամեն ինչի. Ռուբեն Սաֆրաստյան
«Իրանի վրա Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հարձակում կատարելու ֆոնին Թուրքիան բավականին լուռ է, սա ես վաղուց էի նկատել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով Իրանի դեմ այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակման և Թուրքիայի դիրքորոշման մասին։
Այս համատեքստում Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրեց 2025 թվականի հունիսին Իրանի դեմ ամերիկյան և իսրայելական ուժերի կողմից սկսած 12-օրյա պատերազմը, որտեղ Թուրքիան իրեն բավականին չեզոք էր պահում։ Նույնիսկ փակել էր իր սահմանը՝ թույլ չտալով քրդական զինված խմբերի մուտքն Իրան։
«Կարծում եմ՝ այս ամենը թուրքական մամուլի կողմից շատ նուրբ դիտարկումներ են, բայց ես եկել եմ այն եզրահանգման, որ մոտ 2 ամիս առաջ Թուրքիան իր դիրքորոշումը փոխել է, հասկացավ, որ ամերիկացիներն այս անգամ լուրջ են տրամադրված, ուստի մտավ ամերիկյան ծրագրերի իրականացման ծիրի մեջ։ Թուրքիայի գործողությունները հանգեցրեցին նրան, որ ցանկանում էր հանդես գալ որպես միջնորդ՝ ԱՄՆ-ի ու Իրանի համար, սակայն Իրանը մերժեց, այդ ամենը լավ իմանալով։
Ըստ իս, այս ամենի մեջ Թուրքիան բավականաչափ ներգրավված է եղել։
Իհարկե, Թուրքիան հնարավորություններ ունի իրադրությունը սրելու Իրանի հյուսիսում գտնվող թուրքալեզու տարածքներում, քանի որ թուրքական հետախուզությունը տասնյակ տարիներով այնտեղ աշխատել է ու աշխատում է, ունի գաղտնի կազմակերպություններ՝ կազմված տեղացիներից, որոնք իրեն են ենթարկվում»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ մեր զրուցակցի, երբ պահը գա, Թուրքիան կակտիվացնի այդ գաղտնի կազմակերպություններին, որոնք տեղակայված են Իրանի թուրքալեզու շրջաններում։
«Ինչպես կարդացել եմ թուրքական մամուլի էջերում, Թուրքիան կարող է բուֆերային գոտի ստեղծելու պատրվակով զորք մտցնել Իրանի սահմանամերձ շրջաններ, կրկնում եմ՝ անվտանգային գոտի ստեղծելու պատրվակով։ Հավանաբար այս ամենը թուրքական զինված ուժերի կողմից քննարկվում է»,- շեշտեց Ռ. Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է այս ֆոնին Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես՝ ուղղված Հայաստանի դեմ, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց՝ այս փուլում դժվար է կանխատեսումներ անել, ամեն ինչ ցույց կտան հետագա զարգացումները, քանի որ Միացյալ Նահանգներն այս ամենում իր ուժերի լուրջ ներգրավվածության դեռ չի գնացել։ Դեռ չի եղել այն, ինչ կարող են անել, օրինակ, ռմբահարումներ ավիացիայի միջոցով։
«Ըստ իս, հարվածային ռմբահարումներ կլինեն՝ ամերիկյան «Բ-1, Բ-2» ռմբահարող ինքնաթիռներից։ Սա կարող է փոխել երկրի ներսում իրադրությունը և ամերիկացիներն Իրանի կառավարության դեմ կսկսեն զանգվածային ելույթներ։ Այդ ժամանակ կարող են Իրանում ակտիվանալ նաև թուրքալեզու բնակչությամբ բնակեցված տարածքները:
Չեմ կարծում, որ Թուրքիայում լուրջ քաղաքական ու ռազմական գործիչները ձգտում են, որ Թուրքիան մասնակցի պատերազմի, կփորձեն պահպանել Իրանի տարածքային ամբողջականությունը։ Կփորձեն սեպարատիստական, անջատողական ուժերը, մասնավորապես՝ թուրքալեզու շրջաններում օգտագործեն իշխանությունների դեմ, բայց թույլ չեն տա, որպեսզի անջատվեն Իրանից։ Այդ դեպքում Ադրբեջանը կարող է ակտիվանալ ու նրա ծրագիրը սկսի նորից գործել, բայց դե, այս ամենը դեռ «օդի մեջ կրակոցներ են», դեռ լուրջ չեն, ամեն դեպքում վտանգները շատ մեծ են»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե իրադրությունը վատ սցենարով զարգանա Իրանում, կարող է Իրան-Հայաստան ճանապարհը փակվել, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է։ Կարող է նաև սահմանին մեծ թվով փախստականներ կուտակվեն, Հայաստանում պետք է կարողանան այդ ամենին արագ արձագանքել։
«Ամեն դեպքեում, երբ Հայաստանի սահմանների վրա նման իրադարձություններ են տեղի ունենում, սա վտանգավոր է, պետք է զգոն լինել և պատրաստ լինել ամեն ինչի»,- խոսքը եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Վաղ առավոտյան Իսրայելը «կանխարգելիչ» հարձակում է սկսել հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, Թեհրանում արդեն մի քանի պայթյուն է հնչել, այդ թվում՝ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքն է հրթիռակոծվել։ Իսրայելի գործողություններին միացել է նաև Միացյալ Նահանգները։



