Պայմանական եղանակով շարադրված մտքեր
Այս օրերին Իրանում ու նրա շուրջը ընթացողի արդյունքների ու հետեւանքների մասին պետք է խոսել ու գրել միայն պայմանական եղանակով։
Եթե Իրանում տապալվի կրոնապետությունը եւ իշխանության գա արեւմտամետ կառավարություն, սա Արեւմուտքի հետ մեր հարաբերությունների համար դրական միջավայր կստեղծի, քանի որ կվերացվեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, հետեւաբար եւ՝ այդ պատժամիջոցները մեր կողմից շրջանցելու անհրաժեշտությունը։ Արեւմտամետ կառավարությունն արագորեն երկիրը կինտեգրվի տարածաշրջանային լոգիստիկ շղթաների մեջ։
Կարծում եմ, Սերասխ անունը (նույնանուն երկու բնակավար ու երկաթուղային հանգույց կա Թուրքմենիայում եւ Իրանում) կհնչի ավելի հաճախ, քան TRIPP-ը։
Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով ստեղծված TRIPP-ը այլեւս չի ընկալվի որպես հակաիրանական կամ Իրանի շահերը շրջանցող նախագիծ, ավելին՝ Իրանը միջոց կգտնի մասնաբաժին ստանալու ամերիկյան 76%-ից կամ ընդգրկվելու ընդլայնված ձեւաչափի մեջ։
Հարավային Կովկասում վերանում է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ կամուրջ դառնալու վերջին խոչընդոտը, եւ գուցե Հայաստանին վստահվի ապահովելու այդ կամրջով անցնող տարանցիկ ուղիներից մեկը։
Եթե Իրանում տապալվի կրոնապետությունը եւ ձեւավորվի աշխարհիկ, ազգայնական ռեժիմ, ապա Իրանը պահպանում է Թուրքիայի հետ մրցակցային հնարավորությունը, շարունակում է զգուշանալ, մտահոգվել Ադրբեջանի ուժեղացմամբ եւ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Եթե TRIPP-ի հետևում կանգնած ուժերը հրաժարվեն Իրանի ռազմավարական դուրսմղման մտքից, սպառնալիք չստեղծեն նրա հյուսիսային հաղորդակցությունների համար, ապա Թեհրանը կարող է զբաղեցնել չափավոր դրական դիրքորոշում։
Եթե Իրանում տապալվի կրոնապետությունը եւ սկսվի քաոս, ապա սա կլինի ամենառիսկային եւ բոլոր հարեւանների համար անընդունելի սցենարը՝ անկառավարելիություն, ներքին անկայունություն, սահմանների վերահսկողության թուլացում։ Այս դեպքում TRIPP-ը կարող է սառեցվել կամ հետաձգվել, քանի որ խոշոր ենթակառուցվածքային նախագծերը պահանջում են կանխատեսելիություն։
Բոլոր դեպերում Իրանում կառավարման համակարգի փոփոխությունը չի վերացնի նրա հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ, բայց կարող է փոխել առաջնահերթությունները։
TRIPP-ի ճակատագիրը կախված կլինի երեք փոփոխականից՝ իրանական նոր վարչախմբի բնույթը, ԱՄՆ-ի ներգրավվածության խորությունը, մեր կարողությունից, թե որքանով կհաջողենք նախագիծը ներգծել ավելի լայն տարածաշրջանային ճարտարապետության մեջ եւ թույլ չտալ, որ այն դառնա գործիք որեւէ մեկի դեմ։
ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ



