Մոսկվան Նիկոլի արցունքներին չի հավատալու. Թրամփին ամերիկյան էսթաբլիշմենթի հետ դաժան պայքար է սպասվում, գլոբալիստական դոկտրինի վերանայում կլինի. Մեզ համար ամենակարևորն Իրանի խնդիրն է. Արման Գրիգորյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Թրամփի ընտրության կապացությամբ ԱՄՆ-ում տրամադրությունները շատ հակասական են, բայց Թրամփի խոստումներին երևի թե շատ հավատալ պետք չէ։ Դեմոկրատների ճամբարում Թրամփի ընտրությունը համարում են կատաստրոֆա, սպառնալիք։ Ընտրությունների արդյունքները բավականին անսպասելի էին ոչ թե Թրամփի հաղթանակի առումով, այլ, որ այս աստիճանի ջախջախիչ էին։ Տատանվող նահանգները բոլորն անխտիր քվեարկեցին Դոնալդ Թրամփի օգտին։ Սա բավական լուրջ ահազանգ էր, որ ամերիկյան ժողովուրդը չի ընդունում ներկա ստատուս-քվոն։
  • Իսկապես բավականին անհաջող թեկնածու էր Քամալա Հարիսը։ Զարմանալի էր, թե ինչո՞ւ դեմոկրատները նրա թեկնածությունն ընտրեցին, թեպետ կային ավելի լավ թեկնածուներ, բայց դա Դեմոկրատական կուսակցության պարտությունն էր, ոչ թե Քամալա Հարիսի։ Դա ամերիկյան էսթաբլիշմենթի, ամերիկյան վարչակարգի ծանր պարտությունն էր։ Հետաքրքիր է, որ Հարիսին աջակցում էին նաև Հանրապետական էսթաբլիշմենթի ներկայացուցիչները․ մասնավորապես, նրան աջակցում էր Դիք Չեյնիի աղջիկը՝ Լիզ Չեյնին։
  • Թրամփի ընտրությունը որոշակիորեն կարող է ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։ Գլոբալիստական դոկտրինի վերանայում կլինի։ Այն ցույց է տվել իր սնանկությունը, նրանց գնացքն արդեն ռելսերից դուրս է գալիս։
  • Հանրապետական էսթաբլիշմենթի մեջ խորը հակակրանք կա Թրամփի նկատմամբ, այն դեպքում, երբ հանրապետականների շարքերը համակրում են նրան։
  • Թրամփի՝ իշխանության գալու գլխավոր պատճառն այն էր, որ դեմոկրատների էլեկտորատի որոշակի մաս թեքվել էր դեպի Թրամփ։ Ե՛վ ձախում կա 2 ճամբար, և՛ աջում։ Ձախում կան նեոլիբերալները կամ հին ոճի, ավանդական ձախերը։ Վերջիններս միշտ քննադատել են ԱՄՆ իմպերիալիստական քաղաքականությունը։ Աջում մի ճամբարը շատ ագրեսիվ ինտերվենցիոնիստներն են. դա ոհմակ է, որը շատ չի տարբերվում լիբերալ ինտերվենցիոնիստներից։ Մյուս ճամբարն ավելի պահպանողական աջերն են, որոնք հակված են դեպի մեկուսացում։ Նրանք փոքր կառավարության կողմնակից են, չեն ընդունում աշխարհով մեկ սփռված ամերիկյան 900 ռազմական բազաների գոյությունը։ Այս երկու թևերի թե՛ նեոլիբերալները, թե՛ պահպանողականներն իրար աջակից են։
  • ԱՄՆ-ում դաժան պայքար է սպասվում։ Նախ, ես վստահ չեմ, որ Թրամփը հետամուտ է լինելու իր խոստումներին։ Նա շատ հարցերում օպորտունիստ է, շատ հարցերի վերաբերյալ մակերեսային պատկերացումներ ունի։ Բայց եթե անգամ նա ցանկանա կատարել իր հայտարարությունները, հանդիպելու է շատ լուրջ դիմադրության։ Չի կարելի թերագնահատել ամերիկյան էսթաբլիշմենթը։ Այսօր ԱՄՆ-ի տնտեսությունը շատ լուրջ կախված է ռազմարդյունաբերությունից։ Գրեթե չկա նահանգ, ուր չլինեն ռազմական ինստալյացիաներ։ Դա հեշտ չի լինելու կոտրել։
  • Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու փորձեր արվելու էին, եթե նույնիսկ Հարիսը հաղթեր։ Վերջին մոտ 1 տարվա ընթացքում արդեն հստակ էր դարձել, որ բոլոր հնարավոր միջոցները, որոնք Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուղիղ էսկալացիա չէին ստեղծելու, սպառվել էին։ Կուրսկի ավանտյուրան հուսահատ փորձ էր՝ ցույց տալու, որ Ուկրաինան դեռ կարող է կռվել։ Իրականում այնտեղ կատարյալ աղետ է, և շատ մեծ երևակայություն է պահանջվում մտածելու համար, որ այնտեղ պատերազմի ընթացքը կարող է փոխվել։ Թրամփի պարագայում այլ է։ Նա իր դիրքերից չէր իջնելու, որովհետև շատ վաղուց հայտարարել էր, որ պետք է լեզու գտնել Պուտինի հետ ու կանգնեցնել պատերազմը։ Ես որոշակի լավատեսություն ունեմ պատերազմը կանգնեցնելու բանակցությունների վերաբերյալ։ Այն պահին, երբ բոլոր կողմերը նույն ակնկալիքն ունեն բանակցություններից, դրանց մոտենալն ավելի հեշտ է։

  • Մեզ համար ամենակարևորն Իրանի խնդիրն է։ Ավելի վտանգավոր բան Հայաստանի համար, քան ԱՄՆ-Իրան պատերազմն է, ես չեմ պատկերացնում։ Իսրայելական իսթեբլիշմենթը հիստերիկ անհանգստություն ունի Իրանի նկատմամբ։ Նրանք համարում են, որ որևէ կերպ չպետք է թույլ տան, որ Իրանը միջուկային երկիր դառնա, իսկ դրա դեմն առնելու լավագույն եղանակն ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելն է։ Իրանն այս ընթացքում բազմաթիվ նվաստացումներ է կուլ տվել, որպեսզի առիթ չտա պատերազմի։ Նրա հայտարարությունները շատ զգուշավոր են։ Թրամփն ունակ է ստանդարտից դուրս քայլերի. ես անհնարին չեմ համարի, եթե նա մի օր վեր կենա ու գնա Իրան։ ԱՄՆ-ը պատերազմ սկսելու, Իրան մտնելու դեպքում պետք է օկուպացնի այն, ինչը ես լավ չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր։ Այդ հարցում նրան անգամ Անգլիան չի օգնի։ Մյուս դրական բանն այն է, որ Իսրայելն էլ է դուրս ընկնում ռելսերից։ Իր իրականացրած ցեղասպանության պատճառով նա հիմա համարվում է «իզգոյ» երկիր։ Լիբանանում իսրայելական բանակը շատ վատ վիճակում է։ Այն զբաղված է ինչ-որ բաներ ռմբակոծելով, բայց Հեզբոլլահի դիմադրությունը չեն կոտրել։ Իսրայելի օդային հարվածն Իրանին կատարելապես ձախողվեց։ Իսրայելական հրթիռները չկարողացան խոցել Իրանի հակաօդային պաշտպանությունը։ Ես չգիտեմ՝ Հայաստանում դրան ուշադրություն դարձրե՞լ են, թե՞ ոչ։ Իսկ Իրանի նման փորձը հաջողվեց։ Այս պայմաններում չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է նրանց ախորժակը բացվի։
  • Թրամփը կարող է ընդհանրապես շատ մեծ ուշադրություն չդարձնել Հայաստանի վրա, որովհետև կենտրոնանալու է ԱՄՆ ներքին խնդիրների վրա, իսկ Հայաստանն իրենից կարևորություն չի ներկայացնում։ Գլոբալիստական իներցիան գուցե շարունակվի, որովհետև այն մի օրում չի վերանալու։
  • Վերջին օրերին ես մի սահմռկեցուցիչ հայտարարություն կարդացի, որն արել էր ռուսական հետախուզությունը՝ «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազգային ինքնասպանության»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղությամբ աշխատանքը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նշել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է վերջնականապես Հայաստանը վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ ուղղություն՝ առաջնորդվելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով:

Կարդացեք նաև

«Միացյալ Նահանգների գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, ստիպված կլինի վճարել սեփական ավանդույթներից և ազգային սոցիալական հիմքերից հրաժարմամբ: Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»», -ասվում էր հաղորդագրությունում:

  • Արևմուտքից Հայաստանին պատրաստում են վերջին վճռական որոշմանը, ինչպես նախկինում էլ ասել եմ, Վերսալի կապիտուլյացիայի մոդելով։ Ալիևի հայտարարությունները սրան են ուղղված, դրանք զգուշացում չեն Արևմուտքին, որ իբր թե Հայաստանին պատրաստում են Ադրբեջանի դեմ պատերազմին։
  • 2026թ․ ընտրություններին ՀՀ գործող իշխանությունները պետք է փորձեն ժողովրդին գոնե մի դրական խոստում տալ։ Արդեն տվել են արյուն, ավեր, շատ բան չունեն տալու։ Դա լինելու է «խաղաղությունը»։ Ադրբեջանը փորձելու է Հայաստանից կորզել ամեն ինչ, Հայաստանին դնելու են այն վիճակում, որ երբևէ սպառնալիք չդառնա Ադրբեջանի համար։ Երկրորդ խնդիրն Ադրբեջանի հասարակությունն է։ Եթե Հայաստանի հետ կայուն խաղաղություն լինի, Ադրբեջանի ժողովուրդն ինչո՞վ է կերակրվելու։ Դա խաղաղության պայմանագիր չի լինելու։ Դա լինելու է կապիտուլյացիա՝ մաքսիմալ նվաստացուցիչ պայմաններով, եթե ինչ-որ բան չփոխվի։ Ալիևը Հայաստան տանկերով մտնելու կարիք չի ունենալու։
  • Ես կարծում եմ, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իռացիոնալության պարագայում իսկապես հնարավոր չէ չտեսնել՝ ինչ է կատարվում շուրջդ։ Թրամփի ընտրությունն էլ որոշակի ազդեցություն պիտի ունենա։ Մերձփաշինյանական շրջապատում տեսել եմ, ողբ ու կական է։
  • Մոսկվան Նիկոլի արցունքներին չի հավատալու, ինչ-որ բաներ են ստիպելու անել, գործողություններ, որոնք այդ արցունքներն արժանահավատ կդարձնեն։ Սրանք ինչ-որ համաձայնությունների գնում են, երբ այլևս այլ ելք չկա, և վատագույն պայմաններով նոր զրույց են սկսում։ Հուսամ՝ մեր իշխանություններն ինչ-որ բան հասկացել են ու գոնե այդ ինքնասպանությունը չեն գործի։ 
  • Եթե «լիբերալ» բառը մեռած ու գերեզմանում լիներ, Հայաստանի կեղծ արևմտամետներին լիբերալ անվանելուց հետո գերեզմանում շուռ կգար։ Այդ մարդիկ ինտերվենցիոնիստ Արևմուտքի զինվորներն են, ովքեր հավատացել են, որ Եվրոպան դրախտ է, իսկ դրա այլընտրանքը՝ փտած Ռուսաստանը։ Այդ մարդկանց կենսաապահովումը ուրիշ ապացույց թերևս չունի։ Այդ մարդիկ աշխարհը տեսնում են սև ու սպիտակ գույներով։ Նրանց դավանածը քաղաքականություն չէ, կրոնական, աղանդավորական մոտեցում է։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին «Վալդայ» ակումբի նիստում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի և Նովոռոսիայի բնակիչները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ունեն ինքնորոշման իրավունք։ Նանաև հիշեցրել է, որ Կոսովոյի հարցով Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ցանկացած տարածք, որը հռչակում է իր անկախությունը, պարտավոր չէ տվյալ պահին հարցնել այն երկրի կենտրոնական իշխանությունների կարծիքը և թույլտվությունը, որում  ներառված է այդ տարածքը որոշման  կայացման պահին։ Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրացումը լիովին համապատասխանում է այսօրվա միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը: Արդյո՞ք Պուտինի այս հայտարարությունւ կանդրադառնա նաև Արցախի խնդրի վրա: 

  • Ռուսաստանը շատ ընտրողաբար է կիրառել ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Մեծ տերությունները սկզբունքներով չեն առաջնորդվում, նրանք դրանք օգտագործում են իրենց շահերն արդարացնելու համար։ Երբ ռուսների շահերը կթելադրեն, նրանք Արցախի ինքնորոշման մասին էլ կխոսեն։ 
  • Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ այս արկածախնդիր իշխանությունը հեռացվի։ Անգամ, եթե նրանք հիմա ինչ-որ դրական բաներ անեն, պետք է հեռացվեն։ Պատասխանատվության հարց կա։ Մենք շատ վատ նախադեպ ենք ստեղծում։ 2020թ.-ից հետո այս իշխանությունը չպատժվեց։ Չի կարելի այս տեսակ հաշվեկշիռ ունեցող իշխանությունը վերարտադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս