Անդրադարձ կատարենք մեր իրականությանը և կտեսնենք` ինչպե՛ս է մարտնչող տգիտության և ոգևորված հիստերիայի հենքի վրա փորձվում մեր հավատքն առ Քրիստոս. Սուրբ և Անմահ Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ կիրակնամուտի ժամերգություն։ Հավարտ ժամերգության նախաձեռնությամբ Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր դասի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Շնորհք աբեղա Պալոյանը. տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

«Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր սպասավորները, տարբեր թեմերից ժամանած ուխտավոր հայորդիներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Իր քարոզում Հայր Շնորհքը, դիմելով ներկա հավատացյալներին, ընդգծեց, որ մեկտեղվել են Միածնաէջ Մայր Տաճարում՝ աղոթք բարձրացնելու ապօրինի ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու մնացյալ հայորդիների, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների ազատության համար։

Ապա գոհություն մատուցելով Աստծուն՝ Հայր Սուրբը հայցեց Սուրբ Հոգու շնորհները՝ նորոգելու Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու, եկեղեցական կարգերի ու նվիրապետության հանդեպ հնազանդության և հավատարմության իրենց ուխտը։

Խոսելով Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը նշեց․ «Անդրադարձ կատարենք մեր իրականությանը և կտեսնենք, թե ինչպե՛ս է մարտնչող տգիտության և ոգևորված հիստերիայի հենքի վրա փորձվում մեր հավատքն առ Քրիստոս, փորձվում Մայր Եկեղեցու և մեր հայրերի հանդեպ մեր հնազանդությունն ու խոնարհությունը։ Արդարև, այսօր փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը․ փորձվում են մեր համբերությունը, հավատքի տոկունությունը և աղոթքի հարատևությունը»։

Շնորհք աբեղան ընդգծեց, որ եթե ճշմարտապես լուսավոր է մեր հավատքը, եթե անկեղծ և մաքուր է մեր սերը, անկասկած, կարժանանանք հանուն Քրիստոսի տառապանքներով ու աղոթքներով հաստատված աստվածային ողորմության ու շնորհների․ «Բոլորիս հայտնի է, թե ինչպե՛ս են այսօր փորձեր արվում մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծ, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու, Եկեղեցու ծաղրապատկերը ձևավորելու, որում ամեն ինչ իր կեղծ «ճիշտ»-ն ու շինծու «կարգավորություն»-ն ունի։ Եվ պարզ է, որ այնտեղ Աստված չի կարող բնակվել», – հավելեց Հայր Սուրբը։

Վերջում Հայր Շնորհքը պատգամեց հարատևել աղոթքի մեջ, պատրաստ լինել մտնելու նեղ դռնով, միանալ Քրիստոսին, որպեսզի Տերը մեզ պահի և պահպանի ամեն տեսակի հոգևոր և մարմնավոր փորձություններից և դարձնի Իր անպատում օրհնությունների ժառանգորդը։

Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս