Չկա հայկական Ղարաբաղ, չկա ռուսական ներկայություն Հայաստանում, հավատացնում եմ՝ հեռանկարում նաև ամբողջ Կովկասում: Այս բանաձևի մասին լավ գիտեն Մոսկվայում. Միհրան Հակոբյան
Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Կրեմլից ռուս լիբերալների «նայող» նշանակված Ալեքսեյ Վենեդիկտովը, ով այս օրերին Երևանում է, տրված հարցազրույցներից մեկում ասաց այն, ինչ վաղուց գիտեն քաղաքականությունից ու պատմությունից հասկացողները: Ասաց, որ` այո’, Ռուսաստանը ուկրաինական ճակատի թիկունքն ապահովելու համար շահել է ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի և նրա կցորդ Ադրբեջանի բարեհաճությունը՝ զոհաբերելով Ղարաբաղը: Նաև բարձրաձայնեց ևս մեկ ճշմարտություն առ այն, որ Ղարաբաղի հարցը փակված չէ ո’չ հայերի, ո’չ ռուսների, ո’չ էլ մյուսների համար…
Միաժամանակ, Արթուր Դանիելյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ոչ մի գերտերություն Հայաստանի մասով հստակ ծրագրեր չունի, բոլորը փորձում են իրավիճակից մաքսիմալը քամել, իսկ միակ ծրագիր ունեցողը Ադրբեջանի նախագահն է, ով իր երևանյան վեցնոցի հետ համատեղ տարածաշրջանում նոր ճարտարապետություն է գծում: Ըստ Արթուրի՝ հայ ժողովուրդը պետք է մի կողմ դնի իր հըըըըպաաարտությունն ու արձանագրի, որ պարտվել է Ալիևին, և այդ արձանագրումից հետո ելքեր որոնի:
Այո, Վենեդիկտովը ճիշտ է. հանուն իր ստրատեգիական շահերի Ռուսաստանը զոհաբերել է Արցախը: Ուստի և համաձայն չեմ Դանիելյանի հետ, թե հայերը պարտվել են Ալիևին: Ոչ, հայերը պարտվել են Մոսկվայում, երբ չեն կարողացել կանխել ռուս-թուրքական համաձայնությունը, մնացածը (ռազմական պարտությունն ու ստորացումը) տեխնիկական հետևանք է:
Այն, ինչ Հայաստանի և Արցախի հետ արեց իրեն «Երրորդ Հռոմ» հռչակած կայսրությունը, 1662 տարի առաջ՝ 363թ.-ին, առաջին անգամ արել է «Առաջին Հռոմը», երբ Հայաստանի տարածքների ու իր դաշնակից Հայաստանի շահերի հաշվին Սասանյան Պարսկաստանի շահնշահ Շապուհ Երկրորդ Երկարակյացի հետ կնքեց մի համաձայնություն, որը հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելլինոսի դիպուկ գնահատականով պատմության դասագրքերի մեջ մտավ՝ որպես ամոթալի հաշտություն:
Այս ամոթալի հաշտության մեխն այն էր, որ Հռոմը պարտավորվում էր հայ-պարսկական պատերազմում հայերին չօգնել, և այս ամոթալի հաշտության ուղիղ հետևանքն էր այն, ինչ կատարվեց Արշակ Երկրորդ և Պապ թագավորների հետ, և նաև այս ամոթալի հաշտության ուղիղ հետևանքն էր Արշակունյաց թագավորության անկումն ու 387թ.-ի Հայաստանի առաջին բաժանումը:
Արդեն մերօրյա «ամոթալի հաշտություն 0.2-ի» հետևանքն էր Արցախի անկումը, իսկ դրա համար անհրաժեշտ էր Նիկոլ, ինչը գտնվեց ու 2018-ին հայ ժողովրդի ուսերի վրայով և օվացիաների ներքո բերվեց իշխանության: 2016-ի ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում ու վարչապետի փոփոխություն, Նորքի զինված բանդայի վնասազերծում, Բաբայան Սամվելը և նրա «իգլաները»… Այս ամենը «ամոթալի հաշտություն 0.2-ի» նախապատրաստական փուլերն էին, որի ապոգեյը դարձավ «Նիկոլ» գործողությունը՝ 2018-ի հեղափոխությունը (հայ ժողովրդի ձեռամբ ու ակտիվ մասնակցությամբ):
Գիտե՞ր ժողովուրդը, որ իր ձեռքով է փորում սեփական պետության գերեզմանը, ակնհայտ է, որ ոչ՝ չգիտեր: Ուզու՞մ էր փորել, ոչ՝ չէր ուզում: Բայց եղավ այն, ինչ եղավ. հայերը մեծ էնտուզիազմով վերցրեցին իրենց մեկնած Նիկոլ անունով բահն ու փորեցին սեփական պետության գերեզմանը: Մնացածը ժամանակի ու տեխնիկական հարցեր էին:
Սա Թուրքիայի ու Ադրբեջանի նախագծած-իրականացրածը չէր: Ո’չ Թուրքիան, ո’չ Ադրբեջանը ոչ միայնակ, ոչ էլ միասին Հայաստանում իշխանություն փոխելու հնարավորություններ երբեք չեն ունեցել: Այլ բան, որ կատարվածի շահառուն էին Թուրքիան և Ադրբեջանը: Ինչպես 4-րդ դարի ամոթալի հաշտության, այնպես էլ մեր ժամանակների «ամոթալի հաշտություն 0.2-ի» պայմաններով՝ Հայաստանը պատերազմում պետք է մենակ մնար, ավելին՝ քանի որ ադրբեջանական բանակ կոչվածը եղած բալանսի պայմաններում չէր կարող հայկական զինված ուժերի հախից գալ, Հայաստանի գերագույն-գլխավոր հրամանատարի պաշտոնում պետք է կարգվեր տղամարդկային ու ազգային արժանապատվությունից զուրկ, տեսակով վախկոտ և արկածախնդիր մեկը, որը բացի կապիտուլացվելուց, ուրիշ ոչ մի բանի պիտանի չէ:
Ավելին, քանի դեռ Մոսկվան զբաղված է արևելաեվրոպական ճակատում և ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ «ջերմ» հարաբերությունների խնդիր, «ամոթալի հաշտություն 0.2-ը» պետք է գործի, ասել կուզի՝ կապիտուլյանտի ռեժիմը Հայաստանում պետք է ամեն գնով պահպանվի: Որովհետև աշխարհի երեսին չկա կապիտուլյանտի որակներն ունեցող երկրորդ հայ ստահակը, որը պատրաստ է «ամոթալի հաշտություն 0.2-ը» սպասարկել:
Եվ, այո՝ Արթուրը ճիշտ է, որ առաջարկում է դիմադրություն կազմակերպել: Երկու ձեռքով կողմ եմ, բայց թիրախի հարցում խնդիր կա. Ալիևը հետևանք է, ոչ թե պատճառ: Իսկ պատճառը «ամոթալի հաշտություն 0.2-ն» է, ավելի շուտ՝ ռուսական կայսերական իստաբլիշմենթի այն հատվածը, որին թվում է, թե անվերջ կարող է հայերին ավանակի տեղ դնել և Հայաստանի ու հայերի հաշվին միշտ առևտուր անել:
Չկա հայկական Ղարաբաղ, չկա ռուսական ներկայություն Հայաստանում, հավատացնում եմ՝ հեռանկարում նաև ամբողջ Կովկասում: Այս բանաձևի մասին լավ գիտեն Մոսկվայում, դրա համար մերթընդմերթ վենեդիկտովների շուրթերով շշնջում են՝ սպասեք տղերք, մի օր էլ մառոժնու ավտոն ձեր պադյեզդի մոտ շուռ կգա…
Սպասելը, իհարկե, կսպասենք, բայց ոչ այն պայմաններով, որ իրենք են առաջարկում: Ու սա պետք է լինի մեր դիմադրության առանցքն ու փիլիսոփայությունը: Կսպասենք, բայց ոչ Նիկոլով, ոչ ընդդիմադիր քաղաքական պայքարի իմիտացիայով, ոչ էլ այն բոնուսով, որի չափն իրենք են ցանկանում որոշել: Այս տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության բանալին միևնույնն է՝ մենք ենք ու մեր գինը մենք պետք է որոշենք:
Ի դեպ, հետաքրքիր է, որ 4-րդ դարի Հռոմն էլ համարյա թե նույն մոտիվացիան ուներ, ինչ ներկայիս «Երրորդ Հռոմը»: Մի կողմից ամոթալի հաշտությամբ պայմանավորվել էին չօգնել Արշակ Երկրորդ Արշակունուն ընդդեմ պարսիկների պատերազմում, մյուս կողմից չէին պատրաստվում Հայաստանն ամբողջապես հանձնել Սասանյան Պարսկաստանին, որովհետև դա ուղիղ հարվածի տակ կդներ Հռոմեական Միջագետքի, Կապադովկիայի ու Պոնտոսի անվտանգությունը: Զարմանալի զուգադիպությամբ նույնն էլ այսօր է՝ մի կողմից թուրք-ադրբեջանցիներին Հայաստանի հաշվին փշի-փշի են անում, մյուս կողմից՝ ատամներով պահում են Հայաստանի ներքաղաքական ամբողջ ներկապնակը, որ հանկարծ ոչինչ վերահսկողությունից դուրս չգա»:
Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը Ֆեյսբուքյան տեսաուղերձ էր հրապարակել՝ հետևյալ դիտարկմամբ. «Խնդրում եմ նայեք ու գոնե ինքներդ ձեզ պատասխանեք՝ դուք պատրա՞ստ եք ձեր շղթաներից ազատվել… որ կարենաք Հայաստանի շղթաները քանդել»:

