Փաշինյանը հատուկ է անում, որ բոլորի դեմքը բացի, ասի՝ միայն ես չեմ վատը, նայեք՝ ինչքան վատեր կան․ Արմինե Գրիգորյան
Այնպես է ստացվել, որ սովորական մարդիկ, որոնք ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, հավաքվելիս խոսում են այդ թեմայով, բոլորն էլ այդ վիճակի մեջ են, այս վիճակն ազդում է բոլորի վրա, և ամեն մարդ իր ձևով է արտահայտում, որ չխելագարվի։ Ընտանիքներում բաժանություններ են, անհասկացողություն՝ քաղաքական հողի վրա։ Անցյալում բոլորս դժգոհ էինք ինչ-որ բաներից, բայց մարդիկ քաղաքականության մեջ չէին, դրանով չէին ապրում։ Այս ամենը կավարտվի, ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը։

«Շատ կոտրված ենք, բայց վերականգնվելու հույս կա։ Թող բացվեն բոլորի դեմքերը, մաքրում լինի, տեսնենք՝ ով ով է, որ հետո արդեն գոնե մաքուրներով կարողանանք երկիրը ոտքի հանել։ Շատ տգեղ է, ստորացուցիչ և ամոթալի, երբ հայտնի մարդիկ մեծ-մեծ խոսում են, բայց հեշտությամբ նորից սրանց կողքն են կանգնում։ Իրենց այդ տիպի մարդիկ են պետք, որ օգտագործեն, և այդ սրիկաներին մեջտեղ են բերում։ Փորձությունը տրվում է մարդուն, որ այդ ընթացքում նա չչարանա, չատի մյուսներին»,- ասաց արվեստագետը։
«Այս անձը հատուկ է անում, որ բոլորի դեմքը բացի, ասի՝ միայն ես չեմ վատը, նայեք՝ ինչքան վատեր կան։ Մենք երիտասարդներից պահանջում ենք, որ հայրենասեր լինեն, բայց ի՞նչ են նրանք սովորել ու սովորում հիմա։ Ոչ մի տեղ հայրենասիրության նշույլ ու թեմա չկա։ Խորհրդային տարիներին մարդիկ գոնե գրագետ էին, այլ արժեքներ էին։
Պիտի զրոյից կրթենք երեխաներին թե՛ հայրենասիրության, թե՛ հավատքի առումով, բարձիթողի վիճակ է, ով ինչ ուզում՝ անում է։ Մենք անպայման նորից ոտքի կկանգնենք, նորից կլինի լավ, պայծառ, հրաշք սերունդ, որովհետև հայ ենք՝ Աստծու ժողովուրդ»,- նշեց Գրիգորյանը։

Երգչուհու կարծիքով՝ մենք շատ վատ ժամանակաընթացքում ենք ապրում, ամբողջ աշխարհով մեկ գլոբալիզացիան կերել է բոլորին․
«Հիմա ներքուստ տխրություն կա, դարդ կա։ Իսկ այն ժամանակ կար լավ օրվա սպասում, որ մի քիչ էլ վատ ապրենք, բայց լավ է լինելու։ Կարևորը ստամոքսը չէր այդ րոպեին, կարևորը հաղթանակն էր, հույսը։ Հիմա լույս կա, բայց երջանկություն չկա, կյանք չկա՝ այսքան ցավ, արյուն, դժբախտություն տեսնելուց հետո։
Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և մեզ հենց դրա համար են ուզում վերացնել, կողքից էլ թշնամուն բաց են թողնում մեզ վրա։ Պիղծ են բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս մեր եկեղեցու և հավատքի, կրոնի դեմ։ Եկեղեցու ներքին հարցերը թող եկեղեցականները որոշեն։ Եթե սա 2018 թ.-ին ասեր, որ ինքը պիտի եկեղեցին քանդի, ոչ ոք նրան չէր ընտրի»:
«Պատկերացրեք՝ Հայաստանում ինչ կկատարվի, եթե 300.000 ադրբեջանցի գա։ Նրանք մեծամասնություն կդառնան, էլ չասած, որ երեխաներ էլ պիտի ունենա։ Մի քանի տարում Հայաստանը կվերանա։ Գնալ և պառկել այն ազգի տակ, որն այստեղ մզկիթնե՞ր է ուզում սարքել, որը մեջքից խփո՞ղ է։ Թշնամու թելադրանքով են անում մեր ամեն ինչը, մեր այսօրվա կյանքը։ Բայց ամեն ինչ վերականգնվելու է, տեղն է գալու, ուժեղ դեմքեր են գալու։

Չի կարող երկար տևել մի բան՝ թե՛ սևը, թե՛ սպիտակը։ Այն, ինչ ունի իր սկիզբը, ունի նաև իր տրամաբանական ավարտը, երևի թե արդեն այդ ավարտն է մոտենում։ Մարդը նշանակված է վերևներից, պարզ է՝ իր սև գործն է անում, բայց մարդիկ նոր շունչ և նոր ուժ են ուզում։ Ու դրա համար վերջերս նոր մարդկանց, օրինակ՝ Սամվել Կարապետյանին, անտեղի կալանավորում են, երբ նա բարերար է»,- ամփոփեց Արմինե Գրիգորյանը:

