Սա հիստերիկա է. բա էդ թվերը տեսնողը խուճապի չէ՞ր մատնվի. քաղաքական ուժերը պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ համագործակցել միմյանց հետ, կա՛մ օգնել Փաշինյանին. Լևոն Զուրաբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Այսօր ԱԺ-ում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ Հայաստանում 60-ից ավելի անձ քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական դրդապատճառներով, 40-ից ավելի անձ կալանքի տակ է գտնվում՝ տարբեր խափանման միջոցներով․ «Բոլորի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումը շարունակվում է»։
Էլինար Վարդանյանն անդրադարձավ նաև երեկ՝ «18 արդարների» գործով կալանավորված Լիդյա Մանթաշյանին՝ ասելով, որ դատարանը պատժում է նրան՝ իշխանության հրահանգով։ Հիշեցնենք, Լիդյա Մանթաշյանի կալանքը երեկ ևս երեք ամսով երկարացվեց։ Իր խոսքում Լիդյա Մանթաշյանն ասել էր՝ իր նկատմամբ նման վերաբերմունքի պատճառն այն է, որ որոշ պաշտոնյաների մասին իր միջոցով տեղեկություններ են դուրս եկել։
Լևոն Զուրաբյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Սա հիստերիկա է, ուրիշ բան չէ․ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է։ Իբր թե ուժի ցուցադրության այդ բոլոր ձևերը ցույց են տալիս իշխանության խուճապը։ Իրենք շատ լավ հասկանում են՝ ինչ արդյունքներով են մոտենում համապետական ընտրություններին, և 2026-ի ընտրություններին ժողովրդին ոչինչ չունեն ցույց տալու, բացի 10 ռազմական բախումից, որի ընթացքում կորցրել ենք Արցախը, հազարավոր զոհեր ենք ունեցել, կորցրել ենք ՀՀ սուվերեն տարածքները, Սյունիքի վրայով անխոչընդոտ ճանապարհ տալուց, զիջումներից, պետության թուլացումից ու կորուստներից՝ ստանալով միջազգային հանրության ծափահարությունները։ Հետևաբար՝ անցել են տեռորի։ Չի հերիքում արդեն անգամ Նիկոլ Փաշինյանի՝ մանիպուլյատիվ արվեստին անզուգական տիրապետելը։ Նպատակն այն է, որ ընտրություններից առաջ խոսող մարդ չլինի, բոլորի բերանը փակեն։ Այդ ամենը կատարվելու է հիբրիդային պատերազմի քողի տակ։ Օրինակ, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական միավորին կարող են ԿԸՀ-ի միջոցով դուրս թողնել ընտրապայքարից։
- Երեկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պարզ ասաց՝ ճանապարհները չեն բացվելու, քանի դեռ Ադրբեջանի բոլոր պահանջները Հայաստանի կողմից կատարված չեն։ Սա նշանակում է՝ ՀՀ իշխանությունը մեզ խաբում է։
- Փաշինյանը վերջերս որդեգրել է «Օրենքը ես եմ» պահվածքը․ սա արդեն անթաքույց անձնիշխանության հաստատման փորձ է։
- Հայ Առաքելական եկեղեցին ոստիկանությանն օրինական փաստաթուղթ է ներկայացնում, որ Հովհաննավանքի սեփականատերն ինքն է, իսկ դու մասնակցում ես այդ նույն սեփականատիրոջ կողմից կարգալույծ արվածի կեղծիքին, չես կանգնում սեփականատիրոջ կողքին, այլ ներխուժում և կանգնում ես հանցանքը կատարածի կողքին, դու ո՞վ ես այդ դեպքում։
- Իմ տպավորությամբ՝ Եկեղեցու շուրջ իր ամբողջ հիստերիան ուղղված էր Վաղարշապատի ընտրություններում հաղթանակ տանելուն։
- Փաշինյանն ու իր թիմը հասել են նրան, որ մեր հանրությունը կորցրել է իր իրավունքների խախտումներին արձագանքելու իմունիտետը։ Դրա համար էլ ինչ ուզում, անում է։

- Ի՞նչ է արել Լիդյան․սա գրոհ է։ Լիդյա Մանթաշյանը քաղաքական բանտարկյալ է։
- Մենք ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ մի գործով էինք համագործակցում՝ «4+4+4+4+4» ֆորմատի շրջանակում՝ կապված ընտրական գործընթացների հետ։
- Այո, ես լսել եմ այդպիսի բան, որ 2018-ի ապրիլյան իրադարձությունների՝ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն։ Մեզ նա բան չի ասել, բայց ես գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը որոշ քաղաքական ուժերի ասել է՝ ես փոխվարչապետ պիտի լինեմ, ինձ սատարեք, որ կարողանանք գործը գլուխ բերենք։
Հիշեցնենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Իմնեմնիմի» պոդքաստի ժամանակ հայտարարել էր, որ Փաշինյանը 2018-ի շարժման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպանին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։
«Ո՞վ էր իրեն առաջարկել։ Գալու է ժամանակ, երբ խոսելու են մարդիկ, որոնց մոտ գնացել է Սվիտալսկին և ասել, որ սրան առաջարկել են փոխվարչապետի պաշտոն։ Ինձ համար էլ է անհասկանալի՝ ո՞վ է առաջարկել նման պաշտոն, ես չեմ առաջարկել»,- ասել էր Երրորդ նախագահը։
- Ես մի բան կարող եմ ասել՝ այն ժամանակ, երբ մենք՝ ընդդիմությունը, ճնշումների էինք ենթարկվում, ԱՄՆ-ն էլ, Եվրոպան էլ, միջազգային կառույցներն էլ հայտարարություններ էին անում, անգամ քաղբանտարկյալ եզրույթի կիրառություն էր լինում։ Հիմա նման բան չկա, Փաշինյանի բոլոր արածների վրա աչք են փակում։ Շահ ունեն՝ ամրապնդելու այստեղ, չեն խոսում։
- Վաղարշապատի ընտրություններն իշխանության կողմից հորթային հրճվանքով ներկայացվում է՝ որպես ջախջախիչ հաղթանակ։ Անգամ ասում էին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ջախջախվել է խայտառակ ձևով: Թե ի՞նչ կապ ուներ այդ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը, անհասկանալի է. ո՛չ մասնակցել ենք, ո՛չ թեկնածու ունեինք, ո՛չ էլ որևէ մեկի սատարել ենք Վաղարշապատի ընտրություններում։ Նույնիսկ 50% չես հավաքել, բայց դա ներկայացնում ես՝ որպես ջախջախիչ հաղթանակ. դա էլ է ցույց տալիս սրանց պանիկայի չափը։ Բայց եկեք սթափ վերլուծենք ձեր «հաղթանակը», ՔՊ-ականնե՛ր։ Դուք կիրառել եք կեղտոտ մեթոդ՝ Անգլիայում հայտնի Ջերրիմանդրինգ (Gerrymandering) մեթոդը, երբ ընտրատարածքներդ այնպես ես գծում, որ կարողանաս կողմնակիցներ շատ ունենալ։ Գիտեին, որ Վաղարշապատում շանսեր չունեն հաղթելու, միացրեցին Խոյը, որտեղից էլ հենց իրենց թեկնածու Արգիշտի Մեխակյանն է։ Եվ անգամ այդ դաղալությամբ, նայե՛ք՝ ինչ արդյունք է արձանագրվել։

2021-ից այս կողմ, որտեղ ՏԻՄ ընտրություններ են եղել, դրանցում 1,026,516 ընտրողներից ՔՊ-ին ձայն է տվել ընդամենը 111.649 քաղաքացի։ Պատկերացնո՞ւմ եք, 10.88% ձայն: Բա դուք լինեիք, խուճապի չէի՞ք մատնվի։ Սա 10% ձայն է ընդամենը, ու պատկերացրեք՝ ընտրություններից առաջ ինքը տենց բան է իմանում։ Ինքը 2026-ի ընտրություններին մոտենում է այս ցուցանիշով։
- 2026թ. ընտրություններում ձայները չփոշիացնելու համար պետք են լուրջ միավորումներ։ 2026-ի ընտրություններին ով գնա ձայները փոշիացնելու ճանապարհով, նշանակում է՝ նա աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Քաղաքական ուժերը պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ համագործակցել միմյանց հետ, կա՛մ օգնել Փաշինյանին։
- 2021թ.-ից սկսած՝ արդեն 4 տարի է՝ մենք ասում ենք՝ գոյություն է ունեցել Մինսկի խմբի բավականին նպաստավոր փաստաթուղթ։ 4 տարի նրանք՝ Եղոյան Արմանը, Ռուբինյանը, Փաշինյանը, ասել են՝ ի՞նչ փաստաթուղթ, չկա նման փաստաթուղթ, Լավրովը սուտ է ասում… Հիմա, այսքան տարի անց, պարզվում է՝ կա, իրենք էլ են խոստովանում։ Փաշինյա՛ն, 4 տարի մերժել ես նման փաստաթղթի գոյությունը, մեկ էլ ընտրություններից առաջ ասում ես՝ կհրապարակենք։ Բա քո թաքցրած փաստաթղթի համար պատասխան ո՞վ է տալու, որով 5 շրջանը տալու էինք, Ղարաբաղը մնալու էր, ու խուսափելու էինք աղետալի պատերազմից։
- Այս տարի օգոստոսի 23-ին՝ իր արած հայտարարության մեջ, գրավոր տեքստում Նիկոլ Փաշինյանը սենսացիոն բան է ասել՝ «Ինչո՞ւ մենք պատերազմից առաջ չգնացինք զիջումների, որովհետև դա կավելացներ մեր կախվածությունն այլ երկրներից, փոխարենը՝ լավացրեցինք մեր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Փաստացի նա ասում է՝ մենք 5000 զոհ տվեցինք, որ Ադրբեջանի հետ հաշտվենք։ Հիմա ասում է՝ լավ, կհրապարակեմ, որովհետև մտածում է՝ այնքան է թուլացրել ժողովրդի դիմադրողականությունը, որ կարող է մինչև տարեվերջ հրապարակել 2019-ի փաստաթուղթը ու քաղաքական մեծ գին չվճարել։ Ի դեպ, դա հնարավոր է։ Մնում է հասկանալ՝ արդյո՞ք ինքը հիմա չի զբաղվում այդ փաստաթղթերի հրապարակմամբ ու սելեկցիայով։ Ի դեպ, այնքան հետաքրքիր չէ 2019-ի առաջարկը, որքան, թե ինչ է դրան պատասխանել Նիկոլ Փաշինյանը։ Ես գիտեմ՝ ինքն անտեսել է, թաքցրել։ Այնպես որ, մենք ասել ենք՝ հրապարակիր Ղարաբաղի հարցով բոլոր առաջարկները ու մեր դիվանագիտության բոլոր պատասխանները դրանց։

- 2019թ.-ի ձախողման 2 պատասխանատու կա՝ Նիկոլ Փաշինյանը և Զոհրաբ Մնացականյանը։ Անգամ իրենց թիմից են գաղտնի պահել։ Էդ պլանին միայն իրենք երկուսով են տիրապետել։ Քանի որ Փաշինյանը միջազգային դիվանագիտական հարաբերություններից ոչինչ չէր հասկանում, ամբողջովին հիմնվում էր Մնացականյանի կարծիքի վրա։ Այս երկուսն անգամ «ինքնորոշում» բառը չեն կարողացել ասել։
- Սուտ է ասում, որ 8 միլիարդ դրամի զենք է առել։ Բյուջեում ամեն ինչ գրված է։ Մի հատ ցույց տվեք՝ ոնց է ստացվում 8 միլիարդ։ Ո՞ւմ է էշի տեղ դրել․ այսինքն՝ մեր ամբողջ զինանոցը ցու՞ւյց է տալու։ Առանց հրթիռների Սու է առել ընդամենը՝ իր սելֆիի, լուսանկարվելու համար։ Էս մարդը լուրջ դիվանագիտությունը փոխարինել է սելֆիով։
- Զենք գնելու համար վարկ չեն տալիս․ սրանք վարկ են վերցնում բյուջեի ծակերը փակելու համար՝ ֆինանսական բեռը դնելով հաջորդ սերունդների վրա։
- Դու 8.5 միլիարդ դոլար փող ես վերցրել, ի՞նչ տնտեսական գործիք ես ստեղծել, ի՞նչ մեգապրոյեկտի մեջ ես դրել։ Ո՛չ մի։ Ասֆալտով գլուխ եք գովում, 7 տարի իշխանության եք, սկի Հյուսիս-Հարավի կեսը չեք սարքել, չեք էլ սարքելու։ Էս մարդիկ ինչի՞ց են խոսում։ Իրենք զբաղված են ընդամենն իշխանություն պահելով։ Դրա հետևանքը լինելու է Ադրբեջանից կախվածության մեջ ընկնելը։ Ամեն ինչ գտնվում է Ալիևի ձեռքում․ մի քիչ էլ ձեռքը սեղմի, Նիկոլը ցավից կընկնի։ Դրա համար նա երբեք չի անի մի բան, որ դուր չի գա Ալիևին։ Հակառակը, միլիարդներ կդնի ադրբեջանցիներին Հայաստան բերելու, մզկիթներ սարքելու, ազանը հնչեցնելու, ադրբեջանական դպրոցներ բացելու վրա…

- Նիկոլ Փաշինյանն ու նրա ողջ политбюро-ն զբաղվում են ժողովրդին թմրեցնելով, բթացնելով։ Մեր քաղաքականությունն այսօր նման է նարկոզի։ Սա է Նիկոլ Փաշինյանի պրոպագանդան։ Այս քաղաքականությամբ իրենք ոչ թե ձեռք են բերում Ադրբեջանի բարությունը կամ հաշտությունը, այլ հրավիրում են Ադրբեջանի ագրեսիան։ Ադրբեջանը միայն մի դեպքում կգնա խաղաղության՝ եթե տեսնի՝ Հայաստանում ձևավորվել է արդյունավետ կառավարություն, որը չի գտնվում Ալիևի ձեռքում, և այդ նոր կառավարությունը զբաղված է Իրանի հետ հարաբերությունների լավացմամբ, նոր բազմավեկտոր դաշնակիցների ձեռքբերմամբ։
Ադրբեջանի առաջին վարչապետ Հասան Հասանովն ադրբեջանական Հանրային հեռուստատեսության «Շփման գիծ» հաղորդման ժամանակ 1990-ական թթ․ Արցախյան բանակցություններից ուշագրավ դրվագ է բացահայտել։ Հասանովը մասնավորապես պատմել է ադրբեջանական կողմի առաջարկներից մեկից։
«Մենք առաջարկեցինք Հայաստանին. թող մեր նավթը Լեռնային Ղարաբաղով և Հայաստանով հոսի դեպի Թուրքիա։ Մենք մեծ ծրագրեր ունեինք տարածաշրջանի ենթակառուցվածքների առնչությամբ։ Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Մենք Ղարաբաղը չենք փոխանակում խողովակաշարերի հետ»»,- պատմել է Հասանովը։
Հիշեցնենք, որ Հասան Հասանովն Ադրբեջանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1990-1992 թվականներին։
- Այդ առաջարկը եղել է 1997թ.։ Այսինքն՝ մենք Ղարաբաղը պիտի վաճառեի՞նք նավթամուղի վրա, բնականաբար, ոչ։ Միևնույն ժամանակ մենք կարգավորումը չէինք մերժում և ասում էինք՝ պետք չէ նավթամուղի հարցը կապել կարգավորման հարցին։ Ադրբեջանը համաձայնել էր։ Ո՞վ մերժեց… Հայտնի ուժերը։
- Ամերիկացիների մոտ այդ ժամանակ կասկած կար, որ Տեր-Պետրոսյանը խաղ է խաղում․ մի կողմից՝ խոսում է կարգավորման մասին, մյուս կողմից՝ ասում է՝ Ղարաբաղը պետք է որոշի։ Ամերիկացիներն էլ ասացին՝ դե որ Ղարաբաղը պիտի որոշի, հեն է՝ Ղարաբաղից բերենք իշխանության, թող այդ հարցը լուծի։ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ այո, թող Հայաստանն ու Ղարաբաղը միասնական դիրքերից խոսեն, ու ինքը շատ արագ ու ճարպկորեն տեղավորվեց շահերի համապատասխանության այդ կոնֆիգուրացիայում։ Եվ Ղարաբաղի դուրս գալը բանակցություններից տեղի ունեցավ հենց այդ համաձայնության համատեքստում։
Մանրամասները՝ տեսանյութում։

