Սահմանադրական փոփոխությունների խոստում Բաքվին և Անկարային՝ որպես իշխանության վերարտադրության երաշխիք. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում․ միջոցառում, որի կազմակերպման ձևաչափն ու տրամաբանությունը ավելի շատ հիշեցնում էին խորհրդային շրջանի կուսակցական համագումարները, քան ժողովրդավարական պետությանը հարիր ինստիտուցիոնալ մշակույթը։

Լրագրողների մուտքը փակ էր, իսկ դահլիճը լցված էր պետական համակարգի աշխատողներով։ Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն պետք է անցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և այդ գործընթացը պետք է իրականացնի այն ուժը, որը կստանա ժողովրդի վստահության քվեն։

Իմ դիտարկումներն՝ ըստ էության․

● Միջոցառումն իր բնույթով պետական ռեսուրսի մոբիլիզացում էր՝ ուղղված 2026-ի ընտրություններին։ Դրա նպատակը պետական ապարատը իշխանության շուրջ համախմբելն էր, ոչ թե կառավարման համակարգի բարելավումը։

● Իշխանությունն այլևս չունի ինքնաբուխ զանգվածային հավաքներ կազմակերպելու հնարավորություն։ Հանրային աջակցությունն ակնհայտորեն նվազել է, և բազմամարդ լսարան ապահովելու միակ եղանակը դարձել է վարչական լծակների կիրառումը։

● Միջոցառումն ուներ նաև հստակ արտաքին ուղղվածություն։ Փաշինյանը փաստացի ազդակ է հղել Բաքվին և Անկարային, որ իր վերընտրվելու դեպքում նոր Սահմանադրության ընդունումը լինելու է առաջին քայլերից։ Այսպիսով՝ Սահմանադրության փոփոխության հարցը արտաքին կոշտ պարտադրանքի հետևանք է:

● Ընդհանուր տպավորությունն այն է, որ իշխանությունը փորձում է վերահաստատել տոտալ վերահսկողություն պետական ապարատի նկատմամբ։ Սա խորհրդային ոճի միջոցառում էր՝ նոր ժամանակների ձևակերպումներով, որի հիմնական նպատակը ոչ թե պետական կառավարման արդյունավետությունն էր, այլ քաղաքական ուղղահայացի պահպանումը և արտաքին դերակատարներին համապատասխան հավաստիացում տալը»։

Տեսանյութեր

Լրահոս