ԿԱՊԻՏԱԼԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԻ, ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԵՐԸ. ՍԱՆԱՍԱՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ.

168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանն է։

Հարցազրույցի ընթացքում Բեգլարյանի հնչեցրած կարևոր թեզերը՝ ստորև.

– Միշտ կեսկատակ ասում եմ՝ եթե բոլորը բոլորի հետ կարողանային շփվել, տնօրենի ինստիտուտը կվերանար։ Բնավորությանս գծերից կառանձնացնեմ հետևյալը՝ կարողանում եմ հաղորդակցվել գրեթե բոլոր մարդկանց հետ։

Կարդացեք նաև

– Գործարարի ընտանիքում եմ ծնվել։ Հայրս՝ Բարսեղ Բեգլարյանը, շատ խիստ էր, այժմ՝ խիստ չէ։ Նա երբեք թույլ չտվեց, որ ինձ զգամ ոսկե երիտասարդության մաս. երբեք ինձ արտոնյալ չեմ զգացել։ Նա շատ խիստ էր՝ հատկապես կրթության հարցում։

– Փողը միշտ կարող է փչացնել մարդուն. կարծում եմ՝ հորս մոտ հենց նման վախ կար։

– Համաձայն եմ ու պատրաստ եմ կրկնել Դուբայի հիմնադիր Շեյխ Մուհամեդի հայտնի ձևակերպումը՝ այո՛, դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց, որոնք ստեղծում են լավ ժամանակներ, իսկ լավ ժամանակներում ծնվում են մարդիկ, որոնք ստեղծում են վատ ժամանակներ։

– Անհաջողությունների շատ պատմություններ եմ ունեցել, կյանքի դառը դասեր ստացել, բայց հենց դրանք են, որ ինձ բերել-հասցրել են այնտեղ, որտեղ հիմա եմ։ Դառը դասերից հիշում եմ 300.000 դոլարից ավելի գումարի կորուստը, դրանից հետո ծնողիս հանդեպ ունեցած ամոթի զգացումը ու ինքս իմ նկատմամբ սահմանած պայմանը՝ անել ամեն ինչ այդ վիճակից դուրս գալու  համար։ Այդ դրվագը սառը ցնցուղ էր ինձ համար, բայց միաժամանակ ինձ թափ տվեց ու տարավ նրան, որ որոշեցի զբաղվել ընտանեկան բիզնեսով՝ դառնալ «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն։

– Ես ժառանգել եմ «Ֆլեշ» ընկերությունը՝ որպես արդեն կայացած բրենդ, և իմ սուրբ պարտականությունը դարձրի այն պահպանելը։

– «Ֆլեշ» ընկերությունն ունի կարգախոս՝ «Բարի համբավն ամենաթանկ կապիտալն է», որի հեղինակը, ի դեպ, երջանկահիշատակ մայրս էր։ Հենց այդ կարգախոսն ու դիսցիպլինան են, որ դարձել են ընկերության երկարակեցության պատճառը. այս տարի տոնում ենք «Ֆլեշի» 30-ամյակը։

– Ես գործարար եմ, ով չի ուզում աշխատել փող, շատ փող, ու այդպես շարունակ։ Կարծում եմ՝ մարդու տեսակով է պայմանավորված, թե ով գումարի ո՞ր սահմանաչափում է գալիս այն եզրահանգման, որ փողի ավելացումն այլևս նշանակություն չունի, նշանակություն ունեն դրածդ մեծ և ճիշտ մտադրությունները։ Երբ նպատակներդ մեծ են, դրանք իրենց հետևից կլանում են մեծ փողեր։ Հարստանալու համար պետք է որոշում կայացնելու խիզախություն ունենալ։

– Կապիտալը հայրենիք չունի, հայրենիք ունի կապիտալի տերը։

– Կյանքիս ամենամեծ ռիսկը «Ֆլեշ» ընկերության ղեկավարումը ստանձնելն է. 27 տարեկանում նման պատասխանատվության տակ մտնելը մեծ ռիսկ էր։ Հայրս ինձ վստահեց, ես, չգիտեմ, գուցե չվստահեմ։

Վերջում ներկայացնում ենք Սանասար Բեգլարյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին՝ «Ինչպիսի՞ Հայաստան եք  պատկերացնում 2035 թվականին»։

Սանասար Բեգլարյանին հարց հղած գործարարի հարցազրույցը՝ այստեղ.

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս