Կան տեղեկություններ՝ Փաշինյանի համար կանոնական խախտումով պատարագ մատուցողներին X գումար են տալիս. «Այսօր»

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը չտալու համար պատարագը մատուցող հոգևորականներին x գումար են տալիս:

«Գոնե համոզմունքով անեին, ոչ թե գումարի դիմաց: Թեկուզ գաղափարապես, ամոթ է ասել, միացած լինեին Նիկոլին, բայց փողի դիմաց չանեին: Ինձ ասացին՝ վարչապետը նախապայման է դնում իր գնալու համար, որ պատարագի հատվածում թեմի առաջնորդի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի անունները չհնչեցվեն: Չգիտեմ՝ ով է դա իրեն ուղղորդել, բայց եթե քահանան թեմի առաջնորդի և կաթողիկոսի անունները պատարագին չի հնչեցնում, լուրջ կանոնական խախտում է: Այսինքն՝ այդ քահանան դառնում է հերձվածող»,- Aysor.am-ին ասել է Տեր Վրթանեսը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր այդ քայլով հոգևորականներին դրդում է մեղքի. «Մայր Աթոռը էդ քահանային հիմա ի՞նչ անի: Կարգապահական հանձնաժողովը, երբ այդ հարցը քննում է, քահանան կարող է ներողություն խնդրել ու փորձել հետ գալ, որ Մայր Աթոռը այդ դեպքում կարգալույծ չանի, բայց եթե այդ ընթացքի մեջ հաստատուն է, Մայր Աթոռը պիտի պարտադիր կարգալույծ անի: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ Մայր Աթոռը կարգալույծ անի»:

Ի դեպ՝ քահանաներին գնելու մասին մամուլում խոսել էր նաև Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը: Նրան հասած տեղեկությունների համաձայն՝ 500.000 դոլար են փոխանցել Հովհաննավանքի նախկին քահանային՝ իբրև թե վանքը նորոգելու համար: Տեր Ահարոնի խոսքով՝ 5 միլիարդ դրամ գումար է դրված քահանաներին «գնելու» համար:

Հովհաննավանքի Տեր Սարգիս քահանա Սարգսյանը Aysor.am-ի հետ զրույցում չհաստատեց կարգալույծ եղած քահանա Տեր Արամին, այժմ՝ Ստեփան Ասատրյանին 500.000 դոլար գումար տալու մասին տեղեկությունը: Նա ասաց, որ եկեղեցին իրոք նորոգման կարիք ունի, բայց քանի դեռ ծառայության մեջ է եղել, վերանորոգման ծրագիր չեն ունեցել:

«Հիմա ինչ է կատարվում, չգիտեմ. այդ ինչ գումարների մասին է խոսքը, դա էլ չգիտեմ»,- ասաց Տեր Սարգիսը:

Տեսանյութեր

Լրահոս