ՄԱԿՐՈՆՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ. ՄԱԿՐՈՆԸ ԵՐԿԱԿԻ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ, ԲԱՌԱՑԻ ԱՍԱՑ՝ ՊՐՈԲԼԵՄԸ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է, ԵՍ ՉԵՄ, ՄԵԶՆԻՑ Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ. ՀՐԱՉ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան թևի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ֆրանսահայ Հրաչ Վարժապետյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ոչ միայն Ֆրանսիայի նախագահի անձնական կյանքը, այլև նրա վարած արտաքին քաղաքականությունն է, ցավոք սրտի, ծաղրի առարկա դարձել ողջ աշխարհում և, մասնավորապես, Եվրամիությունում։ Սա Ֆրանսիայի դիմագծին անհարիր քաղաքականություն է։ Անգամ ֆրանսիական մամուլն է հաստատում, որ Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության ամենամռայլ օրերն են հիմա։ Այսօր ֆրանկոֆոնիան՝ ֆրանսախոսությունն է նահանջում անգլո-սաքսոնության առաջ, և սա բացասական առումով մեծապես ազդում է Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի վրա։

- Գնաճն այսօր Ֆրանսիայում ամենաբարձր մակարդակի վրա է, և փոխանակ միլիարդները ծախսվեն Ֆրանսիայի ժողովրդի բարեկեցության վրա, ծախսում են Ուկրաինայում պատերազմելու համար։ Մարդիկ դժգոհ են: Եվ այսօր մեծ թափ են հավաքում ծայրահեղ աջերը, և դրա հիմնական պատճառներից մեկը Ֆրանսիայի մասնակցությունն է ուկրաինական հակամարտության մեջ, ներգաղթյալների աճը Ֆրանսիայում։ Ֆրանսիայի մամուլն ու ֆրանսիացի ժողովուրդը, հարգանք վայելող վերլուծաբանները զարմանում են՝ ո՞րն է Ֆրանսիայի շահը հականե-հանվանե Ռուսաստանին այսքան հակադրվելու մեջ, քանի որ ռուս-ֆրանսիական կապերը դարերի բարեկամական պատմություն ունեն։ Անգամ ԽՍՀՄ ժամանակ Ֆրանսիայի հետ հարաբերություններն այնքան վատ չեն եղել, որքան Մակրոնի ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ֆրանսիան դարձել է Բրյուսելում տեղակայված միջազգային կազմակերպությունների, ուրսուլաների (Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլաֆոն դեր Լայեն,- հեղ.) ու այլ եվրոպաշտոնյաների հետևորդը։ Դրա հետևանքով ծայրահեղ աջերի վարկանիշի աճին զուգահեռ՝ ֆրանսիացիները ծայրահեղ վատ վերաբերմունք են սկսում ունենալ Եվրամիության նկատմամբ:
- Ֆրանսիայում բարձրանում են հարկերը, մարդիկ բողոքում են։ Ֆրանսիական խորհրդարանում բոլոր թևերի բոլոր պատգամավորները բարձրացնում են այն հարցը, թե հանուն ինչի՞ պետք է իրենց հարկերի բարձրացման հաշվին Ֆրանսիան սնուցի ուկրաինական պատերազմը։

- Ցավոք, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Եվրոպան ընդհանուր առմամբ չեն հասկացել, որ ռուս-ուկրաինական պատերազմն իրենց դեմ է։ Իրենք շատ լավ գիտեն, որ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ սոսկ ասելու համար են, և Եվրոպա մտնող գազն ու նավթը ռուսական են, և Բելգիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ավստրիայում և այլուր հարկերի աճն ուղիղ այդ քաղաքականության հետևանքն է։
- Բացի ծայրահեղ աջերից, Ֆրանսիայի ժողովուրդն ու քաղաքական գործիչները չողջունեցին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ազատազրկումը, որովհետև համարում էին, որ դրանով Ֆրանսիան է խայտառակ լինում, բայց ավելի մեծ խայտառակություն էր, երբ Սարկոզին բանտից դուրս եկավ 20 օր անց։ Այդքան հզոր պետությունը մանր հարցերով ծիծաղի առարկա դարձնելը չողջունվեց։ Նույնիսկ դատարանը չկարողացավ այնպիսի ապացույցներ գտնել՝ կապված Ֆրանսիայի ընտրություններում լիբիական հետքին, որ չկարողացավ երկար ժամանակով ազատազրկել Նիկոլա Սարկոզիին՝ սասանելով դատական իշխանության հեղինակությունը, որը մեծ հարգանք էր վայելում Ֆրանսիայում։
- Ես ցավում եմ, որ Եվրամիություն մտնելու անունով Հայաստանում վաճառվող ապրանքը դեռ գնող կա, որովհետև այդ ապրանքը կեղծ է։ 30 տարուց ավելի է՝ Եվրոպան խաղուպարի մեջ է Թուրքիայի հետ, բայց նա այդպես էլ չի դարձել ԵՄ անդամ, մեզ նման փոքր պետությունն ինչպե՞ս է դառնալու ԵՄ անդամ։ Եվրոպական միության շահը ո՞րն է Հայաստանի նման երկիր ԵՄ-ի մեջ ներառելու համար։ ԵՄ-ն հիմա մեծ խնդիրներ ունի։ Այսօր արդեն ԵՄ-ում խոսում են՝ պետք չէր փոքր պետություններին ԵՄ կազմում ընդգրկել, և նոր պետություններ հաստատ չեն լինի նրա կազմում։ Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու համար ԵՄ անդամության խայծը Հայաստանի ժողովրդի համար շախմատի խաղաքար է, որը խաղացնում են իրենց հարմար ժամանակ։

- Անգամ, եթե վիզաներն ազատականացվեն, դա որևէ կապ չի ունենալու ԵՄ անդամության հետ։ Սա սոսկ 2026 թվականի գալիք ընտրություններում Հայաստանի գործող իշխանության կողմից խաղարկվող քարտ է լինելու։
- Մակրոնն իր բոլոր հայտարարությունների մեջ խուսափել է Պրահայի պայմանավորվածությունների համար պատասխանատվություն ստանձնելուց՝ սլաքներն ամբողջությամբ ուղղելով Հայաստանի կողմը։ Եվ քանի որ Ֆրանսիայի ու Հայաստանի կողմից տարբեր հակասական հայտարարություններ եղան, մենք կարծում ենք՝ Պրահայի փաստաթղթերն ամբողջությամբ հրապարակված չեն, մենք չգիտենք՝ ինչ պայմանավորվածություններ են եղել Պրահայում, ուր Արցախը հանձնվեց Ադրբեջանին ու ճանաչվեց նրա կազմում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվ մենք պահանջում ենք Ֆրանսիայից հրապարակել այդ փաստաթղթերը, որովհետև Մակրոնը երկակի խաղ է խաղացել։ Նա պատերազմի ժամանակ հանդես էր գալիս՝ որպես Արցախի փրկիչ, բայց, փաստորեն, մեծ մասնակցություն ունի Պրահայում Արցախի հանձնման գործընթացի մեջ։
- Հայաստանի իշխանությունն այսօր թրքամետ քաղաքականություն է վարում ու պատրաստ է պանթուրանական ճանապարհ տալ, իսկ այն, որ Ֆրանսիան՝ հանձին Մակրոնի, աջակցում է նրան այդ հարցում, նշանակում է, որ Մակրոնի՝ նախորդիվ վարած «պրոհայկական» քաղաքականությունը երկդիմի էր։
- Մարսելում Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, որին, բացի իր նախարարներից, ներկա էին հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ, Մակրոնը բառացի ասաց՝ պրոբլեմը Փաշինյանն է, ոչ թե ես։ Սա նա ասաց՝ ի պատասխան մեր այն հարցի, թե ինչո՞ւ որևէ ձայն չի բարձրացնում Արցախի շրջափակման առնչությամբ։ Նույնիսկ տեղական մակարդակի պաշտոնյաները, սենատորները, նախարարները մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ եք ուզում, գնացեք Հայաստանից պահանջե՛ք, դուք եք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորում, դուք եք Միջանցք տալիս, դուք եք, դուք եք, դուք եք…
- Ֆրանսիայի հայ համայնքը վերջին 30 տարիներին իրապես պահանջատեր է Հայ դատի, Ցեղասպանության քրեականության հարցով, և Ֆրանսիայի պետությունն ականջահաճո հայտարարություններ է անում՝ ուղղված հայ համայնքին, որը տվյալ դեպքում ֆրանսիացի ժողովուրդ է ու ընտրող, բայց զուգահեռ առաջ է տանում իր հարաբերություններն Ադրբեջանի հետ։

- Նոր Կալեդոնիայում հակաֆրանսիական ցույցերի մեջ Ալիևի նկարով ադրբեջանցիներ կային, և սկսած 2023թ.-ից՝ հայ-ադրբեջանական հարաբերություններն ըստ էության վատացել են՝ կապված Ֆրանսիայի պրոհայկականության հետ։ Այսօր Ֆրանսիան պատանդներ ունի Ադրբեջանում և հարկադրված է իր հռետորաբանությունը փոխել, հաճոյանալ Ադրբեջանին։ Մակրոնը փորձում է ամեն գնով ազատել պատանդներին, և նա որպես երկրի նախագահ՝ ամեն ինչ անում է նրանց վերադարձնելու համար, որովհետև դա Ֆրանսիայի պատիվն է, արժանապատվության հարց է։
- Հայաստանում ապօրինի ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները, կեղծված ընտրություններն ապացուցում են, որ Հայաստանը չի կրում եվրոպական արժեհամակարգը։ Նախորդ իշխանությունների ժամանակ, երբ այս իշխանությունների արածի չնչին մասն էին անում, Եվրոպայում հարայ-հրոց էր բարձրանում, բայց հիմա ծպտուն չեն հանում, ինչով ապացուցում են, որ եվրոպական արժեհամակարգի մասին խոսքերը դատարկ խոսքեր են, ու որպես ջոկեր՝ խաղարկում են իրենց պետք եղած ժամանակ։
- Այսօր Հայաստանի հանդեպ Արևմուտքի, ցավոք սրտի, նաև Ֆրանսիայի վարած քաղաքականությունը ես դիտարկում եմ Ռուսաստանի դեմ վարած քաղաքականության ծիրում։ Քաղաքական կեղտոտ խաղեր են, երբ մի կողմից՝ քրեականացնում ես Հայոց ցեղասպանության ժխտումը, մյուս կողմից՝ սեղմում ես ցեղասպանի ձեռքը։ Բայց եթե այդ մասին հարցնես Մակրոնին, նա էլի կասի՝ մենք քրեականացրել ենք, Հայաստանում հիմա մոռացության են տալիս Հայոց ցեղասպանության հարցը, մենք ի՞նչ անենք, դա ձեր ներքին գործն է։
- Այսօր Ֆրանսիայում, այդ թվում՝ ուկրաինացի ապօրինի ներգաղթյալների դեմ, մեծ դժգոհություն ու պայքար կա, որովհետև ֆրանսիացի ժողովրդի հաշվին ահռելի ապահովագրական ծախսեր են կատարվում նրանց համար։
- 2018թ․ այս մարդկանց՝ իշխանության գալուց հետո, առաջին բանը, որ արեցին, Սփյուռքի նախարարության փակումն էր, ինչը հստակ ահազանգ էր, որ նպատակ ունեն քանդել Սփյուռքը։ Նախկին իշխանությունների ժամանակ Սփյուռքի հետ հարցեր եղել են, տարաձայնություններ՝ նույնպես, բայց Հայաստան-Սփյուռք հարաբերություններում երբեք խզում չէր եղել, հակառակը, միշտ փորձել են լեզու գտնել ու առաջ գնալ, անգամ, երբ Սերժ Սարգսյանի օրոք հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված՝ լուրջ տարաձայնություններ եղան։ Բայցև հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:
Հիշեցնենք. 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին, ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին, որից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը. այն ընթերցեց անձամբ Սերժ Սարգսյանը:
- Հայաստանի նախկին 2 նախագահների օրոք ԱԳՆ խողովակներով Սփյուռքի հետ կոորդինացված աշխատանք էր տարվում՝ կապված ազգային հարցերի հետ։ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո բեկում եղավ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մեջ, և Սփյուռքի նախարարության փակմամբ ու հանձնակատարի նշանակմամբ պարզ դարձավ, որ Սփյուռքը բաժանելու խնդիր ունեն։

- Երբ ստեղծվեց իշխանության սրտի կազմակերպությունը Ֆրանսիայում (Ֆրանսիայի հայկական ընկերություն՝ «Collectif National Arménie-France» (CNAF)), որի կազմում է նաև ձեր նշած Սամսոն Օզարարատը, անմիջապես Շվեյցարիայի թուրքական համայնքից շնորհավորանք եկավ, որոնք ողջունում էին համայնքը պառակտող, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդից առանձին հայկական համայնքային կազմակերպության ստեղծումը՝ հիացմունք հայտնելով, որ վերջապես CCAF-ի նացիոնալիստական գաղափարների վերջը կգա։ Սա պառակտող կազմակերպություն է, և երբ Զարեհ Սինանյանը գալիս է Ֆրանսիա և հայտարարում, որ հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի հետ, դա այս մարդիկ են։ Տեղեկություններ կան, որ այլ համայնքներում ևս ուզում են նման կազմակերպություններ անել, բայց առաջինը բացեցին Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիայի հայ համայնքը կուռ էր։ Ցեղասպանության մասին չբարձրաձայնելու, Հայաստանի վարած ապազգային քաղաքականության մասին ձայն չբարձրանալու համար այս իշխանություններին պետք էր պառակտել հայ համայնքը։ Հունվարին CCAF-ի (Coordination Council of Armenian organizations in France (CCAF)) նոր ընտրություններ են, և տեսնենք՝ հիմա ինչ են անելու։

- Ցավալի է, որ այդ նոր ստեղծված կազմակերպության մեջ կա կազմակերպություն, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջամարտիկներից է եղել, և հիմա հետաքրքիր է, թե ինչպես են աշխատելու Ցեղասպանությունն ուրացող իշխանության հետ։
Հիշեցնենք, որ հաճախ և տարբեր առիթներով Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել թրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատի և նրա հետ փոխկապակցված այլ անձանց հետ:
Ծնունդով Քոնիայից Օզարարատը հայտնի է 1990-ական թվականներից հայ-թուրքական մերձեցմանն ուղղված իր գործունեությամբ: Այժմ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող և ըստ լրատվամիջոցների՝ մասոնական կառույցների հետ սերտ կապեր ունեցող Օզարարատը ժամանակին նաև զբաղեցրել է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը:
- Տասնամյակներ շարունակ Թուրքիայի վարած քաղաքականությունն ուղղված է ՀՅԴ-ի, Հայ Առաքելական եկեղեցու և առհասարակ բոլոր ազգային կառույցների դեմ։ Նույնն այսօր անում է Ադրբեջանը։ Եվ ՀՀ իշխանությունների կողմից ուղղորդվող հայկական ներհամայնքային պառակտումներն իրենց հացին յուղ քսելու քաղաքականություն է։

- Արամ Վեհափառի հետ կապված վերջին պատմությունը՝ կապված Շահան սրբազանի՝ կառավարություն այցի ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին, հստակ խեղաթյուրված էր Հայաստանի իշխանությունների կողմից։ Այդ առնչությամբ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը հստակ էր, որը դատապարտում էր Արամ Վեհափառի որոշումը։ Ինձ համար անհասկանալի էր նրա քայլը, բայց ես պետք է հիմնվեմ ՀՅԴ Բյուրոյի կոշտ ու հստակ հայտարարության վրա։
- Հերթը հասել է Եկեղեցուն, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին՝ իր 1700–ամյա պատմությամբ, թեմերով, իր պետականապահպան գործունեությամբ, որպես ազգային կառույց՝ խանգարում է այս իշխանությանը։ Դրա համար հիմա թիրախը Հայ եկեղեցին է։ Դժբախտաբար, թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավատում էին, որ այդ պայքարը Վեհափառի դեմ է, այլ ոչ Եկեղեցու։ Այդ մարդիկ թակարդն են ընկել ու պետք է հասկանան, որ արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ է։ Ձերբակալված հոգևորականներ կան․ պետք է մտածեն՝ ուրեմն արշավն անձի դեմ է։ Կամ փիլոնազրկված՝ կարգալույծ քահանաների մատուցած պղծության մեջ ամբողջ կառավարության մասնակցությունն ինչի՞ մասին է խոսում։ Հստակ պետք է հասկանալ՝ ազգային կառույցների դեմ վարվող քաղաքականություն է։
- Թուրքերը փորձում են Եվրոպան ներսից գրավել։ Դրա համար, օրինակ, տարբեր քաղաքներում քաղաքապետի ընտրություններում թեկնածուներ են առաջադրում։ Առայժմ Ֆրանսիայում չեն հաջողում, բայց լուրջ ջանքեր են գործադրում։ Թուրքական կառավարությունն օգնում է, ֆինանսներ է տրամադրում, որ թուրքերը հիմնավորվեն Եվրոպայում, բիզնեսների տեր դառնան (ինչպես Վրաստանում և այլ երկրներում,- հեղ.)։ Երբ Ալիևը հայտարարում է, որ իրենք Երևան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով են գալու, նաև նկատի ունի թուրքական կապիտալի՝ փափուկ ուժի ներմուծումը Հայաստան։ Դա սպառնալիք է մեր պետականությանը, և դա ավելի հստակ կլինի սահմանների բացումից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։

