Ո՞վ է կանգնեցնելու պատերազմը, ո՞վ է բռնելու Ալիևի ձեռքը. այդ թշնամանքից Ռուսաստանը չի՛ տուժելու, դո՛ւք եք տուժելու, ռեգիոնի երկրների դեմ ֆորպոստ դառնալը դատապարտված է. Արման Գրիգորյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արմեն Գրիգորյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայաստանը գեոպոլիտիկ պայքարի կոնտեքստում մանրադրամ է դարձել, բայց որ ամենասարսափելին է, դրան էնտուզիազմով մասնակցում են Հայաստանի իշխանությունները։

Հայ ժողովրդի մի հատվածին իշխանությունները համոզել են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը վերջին տարիներին բացառապես Ռուսաստանի մեղքով է։ Երկրորդ բանը, որ արել են, այն է, որ մարդկանց համոզել են, որ մենք անվտանգային այլընտրանքներ ունենք։ Երկուսն էլ կեղծ պնդումներ են ու Հայաստանի համար կարող են ունենալ սարսափելի հետևանքներ։

  • Ո՞վ է որոշել, որ Հայաստանում բրինձ աճեցնելը շահավետ է։ Հայաստանում անգամ 1 կգ բրինձ չի աճի, ուր մնաց՝ փոխարինի ցորենին։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այդ ասածը լուրջ չէ։
  • Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ամեն հաջորդ քայլի ժամանակ ես սկսում եմ մտածել՝ միգուցե ես շատ բան չգիտեմ, ներսում գիտեն, մենք ամբողջական ինֆորմացիա չունենք։ Բայց հետո, ամեն անգամ ես տեսնում եմ, որ այդպես չէ։ Նրանք ուղղակի ռացիոնալ մոտեցման խնդիր ունեն։ Այս մարդիկ միսիոներական, փրկչական խնդիրներ են իրենց առաջ դնում։ Նրանց համար կարևոր չեն երկիրը վտանգներից զերծ պահելը, կրթության որակը, տնտեսության զարգացումը։ Նրանք «գրանդիոզ», անիրատեսական բաների մասին են խոսում։
  • Եթե դու մարդկանց իրատեսական բաներ չունես առաջարկելու, նրանք գնալու են դեֆոլտ ֆանտազիայի հետևից։
  • Ալիևը Փաշինյանին չի նետել Արևմուտքի գիրկը։ Ալիևը լիուլի օգտվել է նրանից, որ Փաշինյանն իր կամքով, եռանդուն կերպով նետվել է Արևմուտքի գիրկը՝ թշնամանալով Ռուսաստանի հետ։ Ալիևը հիմար կլիներ, եթե չօգտվեր դրանից։ Ադրբեջանում անգամ զարմացել էին, որ Փաշինյանն այդ ընտրությունը կատարեց։
  • Ես, 25 տարի է՝ պատերազմներ եմ ուսումնասիրում, և 44-օրյա պատերազմից ավելի կանխատեսելի պատերազմ և ավելի կանխատեսելի պարտություն չեմ տեսել։

Կարդացեք նաև

  • Արցախը կորցնելուց հետո փոխանակ մտածեին՝ ինչ անեն, որ վերականգնվեն, եղածից դասեր քաղեն, հիմա էլ ավելի «գրանդիոզ» նպատակ դրեցին իրենց առաջ՝ ազատագրել Հայաստանը։ Խոսքը Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու ու առանց այլընտրանքի մեզ Ռուսաստանի հետ թշնամացնելու մասին է։
  • Արևմուտքը մեզ հետ շատ ավելի ազնիվ է եղել, քան Վրաստանի ու Ադրբեջանի հետ։
  • Կանխակալություններ կան, որոնք բոլոր մարդկանց հատուկ են։ Դրանցից է ցանկալին իրականության տեղ ներկայացնելը։ Այս մարդիկ սկսել են իրենք իրենց հյուսած լեգենդներին հավատալ։ Օրինակ՝ պարտության պատասխանատվությունն իրենց վրայից մի կողմ դնելու համար սկսեցին պարտության տարբեր պատասխանատուներ գտնել՝ Ռուսաստանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, որ 1994թ Բաքուն չգրավեց, ժողովուրդը, նախկինները, բոլորը, միայն թե ոչ իրենք… Այս ամենն ուղղակի իրենց քաղաքական կաշին փրկել է նշանակում, ուրիշ ոչինչ։ Հույսը դրել են, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում կպարտվի, կամ, որ իրենց կհաջողվի Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկկողմ շփումների ժամանակ ինչ-որ լեզու գտնել։ 
  • Բլոգերների, վերլուծաբանների, ակԾիվիստների, քաղաքական գործիչների մի հսկա բանակ ունենք, որոնց քաղաքական մտայնությունը թաքնված է սև-սպիտակ այդ գծի մեջ։ Ամեն օր այդ ակԾիվիստների, հակառուսական գործիչների միջոցով կեղծ թեզեր են շրջանառում՝ մի կողմից՝ «տոտալիտար» Ռուսաստանի մասին, մյուս կողմից՝ արևմտյան «պայծառ» դրախտի… որ հես ա էս քայլն էլ անենք ու այդ «դրախտում» կհայտնվենք, մեկ քայլ է մնացել… Բնականաբար, այդ կեղծ թեզերը շրջանառող մարդիկ եթե դա չանեն, նրանց 90%-ը սովից կմեռնի։ Ես չեմ հավատում, որ նրանք հավատում են նրան, ինչ ասում են։ 
  • Բոլոր այն դեպքերում, երբ ԱՄՆ-ը աջակցել է դեմոկրատիային, դա զուգահեռ է ընթացել իրենց իսկ շահերի սպասարկման հետ։
  • Ո՞վ պիտի կանգնեցնի պատերազմը, եթե ինչ-որ մեկը զանգի Ալիևին, ու վերջինս ասի՝ հարց չկա։
  • Ես զարմացած եմ, թե ինչ աստիճանի է ԱՄՆ-ը ենթարկված Իսրայելի ու պրոիսրայելական ուժերի ճնշմանը։ Իսկ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն այն աստիճանի սերտ են, որ անգամ թուրքերն են խանդով վերաբերվում դրան։
  • Արևմուտքին բոլոր պերիֆերիաները հետաքրքրում են այնքանով, որ իրենց կողմը գրավելով՝ նրանց հեռացնեն Ռուսաստանից։ Հայաստանի նկատմամբ նախկինում նման քայլեր չէին ձեռնարկվում․վտանգավոր էր։ Հիմա իրավիճակն այլ է, և ես չեմ պատկերացնում՝ Ռուսաստանին դուրս մղելուց հետո Հայաստանի հետաքրքրությունն Արևմուտքի նկատմամբ որն է լինելու։
  • Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողները հասկանում են, որ տարբեր հարթակների ընտրությունը պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերություններում որպես հիմնական միջնորդ հանդես գալու նախապատվությամբ։ Որևէ հարթակի ընտրությունը ստրատեգիական կողմնորոշման հետ կապված ընտրություն է։ Որ հարթակն ընտրվի, նա էլ լինելու է հիմնական միջնորդը։
  • Ադրբեջանը մտածում է, որ քանի դեռ գեոպոլիտիկ իրավիճակը թույլ է տալիս, Հայաստանին պետք է դնել այնպիսի իրավիճակի մեջ, որ նա հնարավորություն չունենա այլևս երբեք անգամ պոտենցիալ սպառնալիք դառնա։ Սա Վերսալի մոդելն է, որ Ադրբեջանը կիրառում է Հայասստանի նկատմամբ, և այս իրավիճակում հույս ունենալ, որ Ալիևն այնքան հիմար է, որ այդ հնարավորությունից չպետք է օգտվի, ու մենք կարող ենք արժանահավատ պայմանագիր, կայուն խաղաղություն ունենալ ու երկկողմ հարաբերություններ․․․ուղղակի աբսուրդ է: Ես ուղղակի չգիտեմ՝ այդ մարդիկ ինչով են մտածում։

  • Զանգեզուրի միջանցքի հարցը միայն միջանցքի հարց չէ։ Այստեղ էլ ներգրավված են տարբեր աշխարհաքաղաքական շահեր։ Օ՜Բրայենն ամենայն անկեղծությամբ, բացահայտ ասաց, որ Հայաստանը պիտի Ռուսաստանին դուրս մղի այդ պրոյեկտից։ Դեմագոգիա է Ռուսաստանի հետ հարաբերվել «Դուք էլ սա չեք արել, դրա համար մենք էլ սա չենք անի» ֆորմատով։ Դրանից Ռուսաստանը չի տուժելու, դուք եք տուժելու։
  • Ես ինքնս չեմ ուզում, որ մենք վերահսկենք Միջանցքը, որովհետև մեր վերահսկելու դեպքում ադրբեջանցիները շատ հանգիստ պրովոկացիա կանեն ու դրա մեղքը մեզ վրա կգցեն ու պատերազմի պատճառ կստեղծեն։
  • Հայաստանում, եթե հույսը դրել են Հնդկաստանից կամ Ֆրանսիայից զենք ձեռք բերելու վրա, բայց չկա մեկը, որը Ադրբեջանի ձեռքը կբռնի կանխարգելիչ պատերազմի ժամանակ, առնվազն միամտություն է։
  • Ինձ համար էն գլխից պարզ էր, որ Ուկրաինան դեպի ՆԱՏՕ տանելը դատապարտված պրոյեկտ է, որ մտայնությունը, թե սանկցիաներն ազդելու են Ռուսաստանի վրա, սին են։ Ամեն բան հակառակ գնաց, բայց մինչև հիմա Հայաստանում շարունակում են մտածել, որ Ռուսաստանը պարտվում է, և հետևաբար Հայաստանի համար ավելի ողջամիտ է արևմտյան սայլին կցվելը, քան մնակ այդ նեխող համակարգի հետ, ինչպես Ռուսաստանին են անվանում, նույն դաշտում գնալը։
  • Իսրայելը Արևմուտքի համար ստրատեգիական բեռ է։ Այդ երկիրը փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ։ Ես ավելի մեծ աղետ մեզ համար, քան ԱՄՆ-Իրան պատերազմն է, չեմ պատկերացնում։ Հայաստանում պետք է շատ զգույշ լինեն։ Ռեգիոնի երկրների դեմ ֆորպոստ դառնալը դատապարտված է։ Չեմ պատկերացնում, որ Ադրբեջանը կներքաշվի այդ պատերազմի մեջ ու ֆրոնտ կբացի Իսրայելի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս