Ե՞րբ է տրվել «համար մեկ պատրաստության» հրամանը, որքանո՞վ է Անդրանիկ Քոչարյանն Օնիկ Գասպարյանի նախապատերազմական հրամանները ճիշտ «վերծանում»

Բազմիցս նշել ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող առանցքային հարցերից մեկը պաշտպանության անցնելու հրաման տալ-չտալն է և պատերազմը, այսպես ասած՝ դիմավորելուն Պաշտպանության բանակի լիովին և պատշաճ պատրաստ լինելը:

Պատերազմից հետո բաց փաստերի հիման վրա 168.am-ն ուսումնասիրությունների շարք է հրապարակել, թե ինչպես են կարևոր ուղղություններում տեղակայված զորամասերում դիմավորել պատերազմի առաջին օրը կամ ընդունել սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված մարտական գործողությունները, ինչպես են ՊԲ հրամանատարի երկու տեղակալները, որոնք զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արթուր Սարգսյանը և Հովհաննես Ավագյանը, այդ օրն առավոտյան  գնացել աշխատանքի: Ավելին, տարբեր տեղեկություններով, ինքը՝ Ջալալ Հարությունյանը ևս, պատերազմը սկսվելուց հետո է գնացել աշխատանքի, այսինքն, տեղում չի եղել, որտեղ պիտի լիներ:

Նշենք, որ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը: Հնարավոր է, որ որոշ տեղերում հրամանատարության շնորհիվ այլ իրավիճակ եղած լինի, ինչպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է սկսել հայտարարել՝ բացազատվել են: Բայց չպետք է մոռանանք, որ պատերազմից մեկ օր առաջ Մատաղիսի զորամասի հրամանատարը խնջույք է կազմակերպել: 

Այս համատեքստում հիշեցնենք ևս երկու դրվագ:

Կարդացեք նաև

Առաջին, 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց էր ուղղել՝ «տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, և եթե անգամ հարյուր տոկոսով չեք հավատացել կամ չեք վստահել, ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախն ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել», ինչին Փաշինյանը պատասխանել էր.

«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրել-չապահովագրելու մասին չի»:

Երկրորդ, 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը, խոսելով պատերազմի ցուցիչներից, հայտարարել էր.

«Իմ հրահանգը եղել է սա՝ երբ այդ ինդիկատորներն ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձևով գործի: Ես ասել եմ, որ նույնիսկ դրա համար առանձին քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտություն չկա, որովհետև այդ ինդիկատորը կարող է ի հայտ գալ կեսգիշերն անց, և մինչև 1-2 զեկույց, քննարկում, բանը բանից կարող է անցնել»:

168.amը գրել է, որ 44-օրյա պատերազմից օրեր առաջ՝ դեռ 2020 թվականի սեպտեմբերի 23-ից, այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը որոշ կարգադրություններ է արձակել՝ ուղղված ՊԲ ղեկավարությանն ու հրամանատարությանը: Արդյո՞ք դրանցից որևէ մեկը կարելի է համարել զորքի՝ պաշտպանության անցնելու հրաման:

«Հետք»-ը քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցում բարձրացրել է այս խնդիրը:

Հարցին՝ «համար մեկ հրաման տրվա՞ծ էր», նա պատասխանել է. «Այո, Օնիկ Գասպարյանը տվել է համար մեկ»:

Հակադարձմանը՝ «այսինքն, սեպտեմբերի 27-ին բոլորը պատրա՞ստ էին», Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է. «Բացազատված են եղել զորամասերը, զգալով այդ վտանգը՝ ԳՇ պետը հրաման արձակել է»:

Թե ինչ իրավիճակ ենք ունեցել իրականում այս առումով, արդեն նշեցինք: Այս առնչությամբ զրուցել ենք նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ, ով արդեն իսկ ծանոթացել է 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցին:

«Համար մեկ պատրաստության հրաման տրված է եղել պատերազմի սանձազերծումից հետո, այնինչ այդ հրամանը պետք է տրված լիներ առնվազն պատերազմից երկու օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, հետախուզությունը ստացել էր տեղեկատվություն, որ պատերազմ է սկսվելու: Պատերազմից երկու օր առաջ զորքերը մարտական պատրաստության համար մեկ վիճակի բերելու և պետությունը խաղաղ վիճակից ռազմական վիճակի տեղափոխելու պարագայում հակառակորդի կողմից մեզ պատճառած վնասները, հատկապես առաջին օրերին, լինելու էին մի քանի անգամ ավելի քիչ, և դա, իհարկե, իր ազդեցությունն էր ունենալու պատերազմի վերջնական արդյունքի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հարց է ծագում՝ գուցե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին չե՞ն թույլատրել համապատասխան հրաման տալ՝ ՀՀ ղեկավարությունից:

Իսկ «Հետքի» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը խոսել է նաև պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված և ձախողված հակահարձակման հայտնի օպերացիայի մասին:

Հիշեցնենք, որ 2020թ. հոկտեմբերի 5-6-ին Նիկոլ Փաշինյանը եղել է Ստեփանակերտում, ՊԲ հրամկետում, մասնակցել այս օպերացիայից բխող գործողությունների պլանի քննարկմանը, և ոչ միայն ինքը, երբ արդեն 9-րդ ՊՇ-ի ճեղքումը, ըստ էության, տեղի էր ունեցել: Չանտեսենք փաստը, որ Փաշինյանը հանրայնացրել էր ընթացքի մեջ գտնվող օպերացիայից բխող գործողությունները, ինչի հետևանքները քննության առարկա չեն դարձել և չեն դառնում: Ավելի ուշ հակահարվածի օպերացիայի ձախողման դրվագով մեղադրվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանը, սակայն ռազմագիտական փորձաքննությունից հետո արդարացվել էր: Իսկ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, օպերացիայի ձախողման պատասխանատվության սլաքն ուղղել էր Օնիկ Գասպարյանին՝ «ինձ համար կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը», չնայած գեներալն անմիջական մասնակցություն չէր էլ ունեցել Ստեփանակերտի քննարկմանը: Ավելին, այս օպերացիայի հետ որոշակի առնչություն ունի նաև Սամվել Բաբայանը, որը ներկա էր եղել նշված քննարկմանը, լինելով Արցախի ԱԽ քարտուղարը:

«Օնիկ Գասպարյանին այդ առաջարկն արել է Ջալալ Հարությունյանը, դա նաև շրջանառության մեջ է դրել Սամվել Բաբայանը: Ջալալ Հարությունյանը ԳՇ պետից հանձնարարություն է ստացել և տեղում ծանոթացել, նայել է: Օնիկ Գասպարյանի բառերով ասեմ՝ Ջալալ Հարությունյանը նայելուց հետո նրան ասել է՝ «աչքս ուտում է», այսինքն, հնարավոր է: Մշակվել է օպերացիան, բայց դրանից հետո պետք է կարողանաս ուժերդ այնպես դասավորել, որ որևէ շեղում չլինի: Եթե այդ ծավալի գործողությունների արդյունքում մի թևն ուշանում է, կամ՝ ինչ-որ բան է տեղի ունենում, ինքը ձախողվում է: Այդ հարցով մենք նաև Սամվել Բաբայանին ենք կանչել, նրան այդ հարցերը տվել ենք և ստացել պատասխաններ:

Գիտենք, որ կոնկրետ հրամանատարի հետ կապված դեպք է եղել (խոսքը Ցորի զորամասի հրամանատար Արթուր Օհանյանի մասին է.- Մ.Պ.), որքանով է կրակոցն արտաքին միջամտությամբ: Բայց օպերացիան ձախողվել է, ասում են, թե տեխնիկական միջոցները սարքին չեն եղել: Դրանք էլ ենք արձանագրել: Մենք պիտի չթերանայինք, բանակը պիտի պատրաստ լիներ, սպառազինությունը պիտի պատրաստ լիներ: Չի կարող տանկը կանգնած լինի, բայց սալյարկա չլինի, չի կարող հրամանը տրվի, բայց պարզվի, որ զրահամեքենայի մեջ ակումուլյատոր չկա»,- «Հետքի» հետ զրույցում մանրամասնել է Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ այս օպերացիայի ձախողման հետևանքով կոտրվել է ՊԲ ողնաշարը, նա ակնարկել է, որ բնագծերի փոփոխության դեպքում առաջացած «անցքերը» կամ ճեղքումները «լցնելու համար չպատրաստված խմբեր էին ուղարկում, և, ուզենք թե չուզենք, նրանք դառնալու էին թնդանոթի միս»: Անդրանիկ Քոչարյանը նաև շարունակել է, թե՝ պատրաստ չէինք հեռահար հրետանային հարվածները կանխել, քանի որ Ադրբեջանի կողմից կիրառվում էր Չեխոսլովակիայում արտադրված DANA ինքնագնաց հաուբից:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը հաստատում է այն մասնագիտական տեսակետը, որ հակահարվածի օպերացիան եղել է չհաշվարկված, մեղմ ասած, որ բուն օպերացիայի ժամանակ բազմաթիվ խնդիրների է բախվել զորքը, ինչի մասին 168.am-ի հետ զրույցում ասել էր Սեյրան Օհանյանը, ինչի մասին այսօր դատարանում հայտարարություններ է անում «Լելե Թեփե»-ի գործով անցնող Ցորի զորամասի հրամանատար Արթուր Օհանյանը:

Եվ որքան էլ հրապարակավ Անդրանիկ Քոչարյանը փորձում է 44-օրյայի հետ կապված տարբեր հարցերում պաշտպանել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, նման խնդիրների թվարկումը, թերևս, ավելացնում են նրա պատասխանատվությունը: Ի վերջո, եթե անգամ նա իրականում համաձայն եղած չլինի այդ օպերացիային, կարող է գրավոր ինչ-որ արձանագրում լինի նրա իսկ ստորագրությամբ, այնպես, ինչպես «Իսկանդերի» կիրառման «խայտառակ» պլանի դեպքում: Եվ ինչպես մեկ այլ առիթով մեզ հետ զրույցում նկատել էր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ «հակահարվածի օպերացիայի ձախողման խնդիրն Օնիկ Գասպարյան-Ջալալ Հարությունյան տանդեմի շրջանակում է»: Իսկ 168.am-ն այս տարվա մարտին գրել է, որ թեև հակահարվածի հայտնի օպերացիայի դրվագով Ջալալ Հարությունյանն արդարացվել է, բայց գործը չեն փակել:

Տեսանյութեր

Լրահոս