Հայոց պատմությունն ու Հայոց գիրը մեր ազգի երկու ոտքերն են, եթե դրանք անջատում-հեռացնում ես իրարից, վատ բան կլինի… . Մարինե Պետրոսյան
Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հիշո՞ւմ եք՝ դեռ պարտությունից առաջ էր՝ Հայաստանում բուռն քննարկումներ էին դասագրքերի բովականդությունը և կազմման սկզբունքները փոխելու` կրթության նախարարության ծրագրի հետ կապված։ Հիշո՞ւմ եք, որ գրականության դպրոցական դասագրքերից հանվեց պատմականության սկզբունքը և սկսեցին դասավանդել ոչ թե էս կամ էն դարի, էս կամ էն ուղղության հայոց գրականություն, այլ պարզապես՝ էս կամ էն թեմայով գրականություն։ Դեռ էն ժամանակ էս փաստն ինձ անհանգստացրել էր, իսկ հիմիկվա հայացքով երբ նայում եմ, սարռուռ ա գալիս վրաս։
Հայոց պատմությունն ու հայոց գիրը մեր ազգի երկու ոտքերն են, ու եթե դրանք անջատում-հեռացնում ես իրարից ․․․ ․․․ վատ բան կլինի ․․․ ․․․
Ու էդ վատ բանը ոնց որ թե արդեն համարյա եղել ա։ Գրականությունը անջատվել ա պատմությունից և մտել ա պուճուրիկ-սիրունիկ արկղիկի մեջ։ Լավ գրողներ Հայաստանում հիմա շատ կան, մեծ մասը ջահել են, լավ, սիրուն բաներ են գրում, թարգմանվում են հաճախ, միջազգային հավաքների են գնում։ Մարինե՛, հիշո՞ւմ ես, դու էլ էիր գնում էդ հավաքներին։ Հայաստանից ամենաառաջինը հենց դու էիր գնում։
Անկախության ամենաառաջին տարիներն էին, գրքերդ ֆրանսերեն էին թարգմանվել, քեզ անընդհատ հրավիրում էին։ Սկզբում էնքան հավես էր՝ Եվրոպա, Ամերիկա։ Նոր էր, անծանոթ ու հավես։ Հետո մեկ էլ հասկացար՝ գրականության հետ «առաջադեմ աշխարհում» ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվել։
Գրողների աշխարհը դարձել ա առանձին, փակ տարածք՝ մեծ աշխարհի մեջ պուճուրիկ սիրունիկ անկյուն։ Իրանք գրում են, իրանք կարդում են՝ մեկ գրողները, մեկ էլ գրող դառնալ ցանկացողները։ Ցանկանում են, դառնում են, մրցանակներ են ստանում։ Իսկ ժամանակի գետը կողքով հոսում ա։ Մեջը պատերազմ, կռիվ ու ավեր՝ հոսում ա կողքով։
Դու նկատեցիր, որ էս փակ շրջանը ամենահստակ ձևով Միացյալ Նահանգներում ա գործում․ գրելը արհեստի նման մի բան ա դիտվում , որպես մասնագիտություն դասավանդվում ա համապատասխան ֆակուլտետներում։ Դու տեսար որ Եվրոպան դեռ դիմադրում ա, բանաստեղծություն գրելը Եվրոպայում դեռ մի քիչ ավելին ա քան մասնագիտությունը, բայց մեկ ա՝ Եվրոպան էլ ա հստակ շարժվում էդ կողմ։ Իսկ էսօր դու տեսնում ես, որ նույնը Հայաստանում ա կատարվում։ Կհավատայի՞ր որ նման բան հնարավոր ա։
Անդառնալի՞ ա սա։ Չէ՛, անդառնալի չի։ Դու դեռ կա՛ս, Մարինե՛։ Արդեն ջահել չես, բայց կաս, և «Հայրենիքը» քո վերջին գիրքը չի։ Գրիր նամակներդ, որ պետք ա գրեիր։ Քո բանաստեղծությունները նամակներ են բոլոր հայերին։ Էդ թվում նրանց, որ մեծ մեղքի տակ են էսօր։ Ու քանի մեր հայրենիքը էս վիճակում ա, ուրեմն դու էլ ես մեղքի տակ։ Գրի՛, որ կարողանաս դուրս գալ մեղքի տակից»։

