Ադրբեջանը, անկասկած, պատրաստում է Հայաստանի դեմ այդ գրոհը

Ադրբեջանական SOCAR նավթային պետական ընկերությունը հայտարարել է կլիմայական հիմնադրամի ստեղծման մասին՝ 500 միլիոն դոլարով: Ադրբեջանը սևից՝ նավթից ստացվող փողը դնում է «կանաչ» քարոզչության մեջ: Բաքուն շարունակում է COP29-ից առաջ իր նոր դիրքավորումը, այսպես ասած՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկի դիրքում: Ադրբեջանն առնվազն դրել է ռեգիոնալ առաջամարտիկի դիրքը վերցնելու խնդիր, որը, իհարկե, ունի մեկ նպատակ, և այդ նպատակի մասին գրել ու խոսել եմ բազմիցս:

Ադրբեջանը Հայաստանի դեմ նախապատրաստում է «բնապահպանական» գրոհ: Կրկնեմ, եթե որևէ մեկը կարծում է, թե 2022 թվականի դեկտեմբերին Արցախը խեղդամահ անելու օպերացիան բնապահպանական ակցիայով սկսելու գործողությունը, այսպես ասած, մեկանգամյա ակտ էր, չարաչար սխալվում է:

Հայաստանի արտգործնախարարը շաբաթներ առաջ հայտարարեց, թե կա մտավախություն, հիմնավոր կասկած, որ նոյեմբերին Կլիմայի գագաթնաժողովից՝ COP29-ից հետո Ադրբեջանը կարող է դիմել ռազմական սադրանքի: Ինչ խոսք, այն, որ Ադրբեջանը կօգտագործի դա անելու ցանկացած պատեհ առիթ, կասկածից վեր է:

Բայց Ադրբեջանը երբեք չի գործել ու չի գործում միագիծ ու միաշերտ: Նոյեմբերին կայանալիք Կլիմայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը հաստատապես իրականացնելու է գրոհ Հայաստանի ուղղությամբ, և դա լինելու է «կլիմայի պաշտպանության դիրքերից» գրոհը: SOCAR-ի 500 միլիոն դոլարով ստեղծվող Կլիմայի պաշտպանության նոր հիմնադրամն ունի բացառապես այդ նպատակը: Բաքուն հարյուրավոր միլիոններ ու միլիարդներ է ծախսում ոչ միայն սպառազինություն ձեռք բերելու վրա, այլ նաև հարյուրավոր միլիոններ է ծախսում «բնապահպանական» տարաբնույթ «զենքեր» ու «զինակիցներ» ձեռք բերելու վրա:

Կարդացեք նաև

Ի դեպ, այդ տեսանկյունից բացարձակապես չզարմանաք, եթե հանկարծ մի օր պարզվի, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ մտացածին մեղադրանքները բարձրաձայնելու և «բնապահպանական գրոհ» նախաձեռնելու հարցում «բնապահպան զինակիցներ» է ձեռք բերել նաև հենց Հայաստանում:

Համենայնդեպս, եթե, օրինակ, հանգամանալից մոնիտորինգ իրականացվի, թե անցնող ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Հայաստանում գործունեություն ծավալած, այսպես ասած, բնապահպան-ակտիվիզմի ներկայացուցիչների մի զգալի մասի գործունեությունը, հռետորաբանությունը, առաջ քաշած շեշտադրումները որքան համահունչ են եղել Հայաստանի դեմ, Հայաստանի տնտեսության առանցքային, այսպես ասած՝ հազվադեպ ծանր ճյուղերից մեկի՝ հանքարդյունաբերության դեմ շրջանառված ադրբեջանական նարատիվներին, ապա առնվազն կառաջանա հիմնավոր կասկածը:

Ի վերջո, 44-օրյա պատերազմից հետո համահասարակական տեսանելի խնդիր դարձավ Հայաստանի զինված ուժերում, Արցախի պաշտպանության բանակում ադրբեջանական լրտեսական կամ գործակալական հավաքագրումների հարցը: Ծանր պատերազմից հետո շատ-շատերը սկսեցին հետահայաց դիտարկել զինված ուժերը ներկայացնող այս կամ այն անձանց ու խմբերի վարքագիծը և միայն պոստֆակտում նկատել դրանում առկա խնդրահարույց, կասկածահարույց, հարցեր առաջացնող հանգամանքները: Վստահաբար, եթե չլիներ պատերազմը, պարտությունը, այդ հարցը երբեք չէր լինի հանրային հետաքրքրության և ուշադրության առարկա:

Մինչդեռ, ինչպես նշեցի, Ադրբեջանը Հայաստանի հանդեպ չի գործում միագիծ ու միաշերտ, գրոհներ նախապատրաստվում են այլ ուղղություններով, և այդ թվում՝ նաև առանցքային՝ տնտեսության ողնաշարի ուղղությամբ: Իսկ այդ ողնաշարն արդյունաբերությունն է, ծանր արդյունաբերությունը, այլ ոչ թե պրիմիտիվ վերարտահանումը:

Անկասկած է, որ ծանր արդյունաբերական ցանկացած ցիկլ՝ լինի հանքարդյունաբերության ոլորտում, մետալուրգիայում, թե այլ համանման ուղղություններում, իր հետ բերում է շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանության ռիսկեր:

Բայց հենց այդտեղ է, որ չափազանց կարևոր է դառնում այդ ուղղությամբ ռիսկերի կոմպետենտ կառավարման «ցիկլը»՝ արդյունաբերողներ-բնապահպաններ-պետություն համակարգված, գործակցված աշխատանքային մշակույթի ձևավորմամբ, որպեսզի այդ ռիսկերը կառավարի հայկական պետությունը, ոչ թե հակառակորդ պետությունը՝ Հայաստանի հանդեպ մտացածին մեղադրանքներով հարվածի տակ դնելով տնտեսությունը, ու այդ միջոցով՝ նաև անվտանգությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս