150 մլն դրամ՝ սահմանափակ հասանելիություն և գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթերի շրջանառության համակարգի արդիականացմանը. ՀԿԲ

«Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:

Միայն առաջին տիրույթի՝ քաղաքականության մշակման համար, նախատեսված է երկու տարում օգտագործել 1 մլրդ 548 մլն 500 հազար դրամ գումար, որից 35 մլն-ը տրվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ մնացած 1 մլրդ 513 մլն 500 հազար դրամը՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Այս ուղղության շրջանակներում նախատեսվում է իրականացնել 52 գործունեություն, մասնավորապես, նպատակ կա ներդնելու ռազմավարական պլանավորման ինտեգրված շրջանակ, քաղաքականության արդյունքների համար ինստիտուցիոնալ և անհատական պատասխանատվություն, կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) համակարգ, նախատեսվում է մշակել տվյալների միասնական քաղաքականություն, պաշտոնական վիճակագրությունը հարմարավետ դարձնել կիրառողի համար:

Հենց այս տիրույթում են ներառված տեղեկատվության ազատության իրավունքին առնչվող կարգավորումները: Նախագծի հեղինակները նպատակ ունեն 2021-2023թթ. արդիականացնել տեղեկատվություն տրամադրելու և ստանալու ինստիտուցիոնալ կառուցակարգեր, վերանայել տեղեկատվության, այդ թվում՝ սահմանված ձևի փաստաթղթերի տրամադրման տուրքերը կամ վճարները, սահմանել տեղեկատվության ազատության վիճակի մոնիտորինգի մասշտաբ, մշակել և ներդնել տեղեկատվության ազատության իրավունքի մասին վիճակագրության, մոնիտորինգի և հաշվետվության համակարգ և տեղեկատվության տրամադրման հետ կապված դատական գործերի քննության հատուկ ժամկետներ սահմանել՝ Վարչական դատավարության օրենսգրքում առկա հատուկ վարույթների օրինակով:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ փոխվարչապետի գրասենյակը նաև նախատեսում է արդիականացնել սահմանափակ հասանելիություն և գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթերի շրջանառության համակարգը:

Այս համակարգի արդիականացման համար, օրինակ, նախատեսվում է տրամադրել 150 մլն դրամ, որը նախատեսվում է ստանալ օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Այս գործունեության իրականացման առաջնային պատասխանատուն լինելու է Հանրային կառավարման բարեփոխումների գրասենյակը, իսկ համակատարողներն են լինելու բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արդարադատության նախարարությունները, ԱԱԾ-ն, Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակը, վարչապետի աշխատակազմի առաջին բաժինը: Գործունեությունն իրականացվելու է ԷԿԵՆԳ ՓԲԸ համաձայնությամբ:

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մեջ ներառված հիշյալ գործունեության ֆոնին անհրաժեշտ է հիշել, որ 4 շաբաթ առաջ ԲՏԱ նախարարությունը մի շարք տեղեկություններ սահմանափակելու մասին նախագծեր էր ներկայացրել՝ այդ նախագծերի ստեղծումը մեծամասամբ պայմանավորելով մինչ այս հանրությանը հասանելի տեղեկատվության զգայուն և ռիսկային լինելով:

Հ.Գ. Իսկ գո՞ւցե գործող իշխանությունները ժողովրդավարությունն ու թափանցիկությունը հենց նման սահմանափակումների մեջ են տեսնում:

Տեսանյութեր

Լրահոս